Levon Ter-Petrosian
ՀիմնականԿենսագրությունՊատկերասրահՎիդեոԲացիկներՀետադարձ կապ
Levon Ter-Petrosian
ՆորություններԵլույթներՀարցազրույցներԾրագիրՄամուլԹիմ 2008
հայ | eng | рус
Hand Up
Հարցազրույցներ
1990-1991
Քո կարծիքը
 linenq handurjox mimyanc nkatmamb bayc embost anartarutyan dem! comment
ՀԻՄԱ

Hima

Subscribe
Enter your E-mail address:
 
 

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ «ՀԱՅՔ» ԹԵՐԹԻՆ՝ ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԱՌԻԹՈՎ – 23 հոկտեմբերի, 1991 թ.

– Մեծարգո պարոն Տեր‑Պետրոսյան, շնորհավորում եմ Ձեզ` նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ: Որպես Հայաստանի առաջին Նախագահ, որն ընտրվել է համընդհանուր ուղղակի ընտրություններով, ի՞նչ լավ բան կասեք մեր ժողովրդին:
 
– Նախ ես պետք է երեւո՛ւյթը գնահատեմ, ապա միայն անձնավորեմ: Այն փաստը, որ Հայաստանում արմատավորվում են քաղաքակիրթ աշխարհին հատուկ ժողովրդավարական ավանդույթներ, արդեն պետք է համարել մեր ժողովրդի վերջին երեքուկես տարիների ազգային‑ազատագրական պայքարի կարեւորագույն նվաճումներից մեկը: Ավելի հարմար եղանակ՝ իշխանության, պետության գործերին ժողովրդի մասնակցելու, քան ուղղակի ընտրություններն են, մարդկությունն առայժմ չի գտել: Եւ ահա այս լավագույն եղանակը մեր ժողովուրդն արդեն երկու անգամ հաջողությամբ կիրառել է. նկատի ունեմ հանրաքվեն եւ հոկտեմբերի 16‑ը: Իսկ եթե անձնավորեմ, խորին շնորհակալությունս եմ հայտնելու մեր ժողովրդին, որի մեծամասնությունն ինձ վստահեց այս չափազանց պատասխանատու պաշտոնը: Եւ ընտրությունից հետո առաջին զգացումս էլ հենց պատասխանատվության մեծացումն էր: Որպես Գերագույն խորհրդի նախագահ, ես, կարելի է ասել, մի կոլեկտիվ մարմնի վարիչն էի ընդամենը եւ կիսում էի պատասխանատվությունը հավասարապես բոլոր պատգամավորների հետ: Մինչդեռ այստեղ իշխանությունն անձնավորվում է մեկ մարդու մեջ, ինչը բոլորովին տարբեր մի որակ է: Ժողովրդին կրկնակի շնորհակալ եմ այն առումով, որ նա ինձ, ի տարբերություն մրցակիցներիս, պետք է ընտրեր եւ ընտրեց ոչ թե խոստումների ու գեղեցիկ ծրագրերի, այլ արդեն կատարածի համար: Իմ դեպքում ժողովրդի ելակետը կանխիկն էր եւ ոչ թե ապառիկը, ինչպես մյուս թեկնածուների առնչությամբ: Եթե ես ծրագրեր հրապարակեի, շատ տեղին կլիներ այն հարցը, թե ինչու դրանք չիրականացրի` ունենալով հնարավորություններ եւ տասնհինգ ամիս ժամանակ: Ստացած ձայները ես համարում եմ վստահության նոր քվե թե՛ ինձ, թե՛ Հայաստանի ժողովրդավարական իշխանությունների կուրսին:
 
– Հրաժարվելով նախընտրական արշավին մասնակցելուց` Դուք, հավանաբար, հետեւել եք այնուհանդերձ, մրցակից‑թեկնածուների ելույթներին, որոնց ընթացքում Ձեր հասցեին հնչել են մեղադրանքներ, նենգափոխվել կամ հերյուրվել են մի շարք փաստեր: Չի՞ եղել պահ, երբ ափսոսել եք, որ ընտրարշավից հրաժարվելով` զրկել եք Ձեզ դրանց պատասխանելու հնարավորությունից:
 
– Ո՛չ, ամենեւին ո՛չ: Ես վստահ էի, որ իմաստ չուներ հերքել այն մեղադրանքները, մանավանդ դրանք ներկայացնելու այն ձեւը, որ ընտրել էին մրցակիցներս, նրանց վստահված անձինք կամ թեկնածուին առաջադրած կուսակցությունները, որովհետեւ մեր ժողովուրդը չէր ընդունի այդ ոճը: Ընտրապայքարում պատեհություն ուներ շահելու այն կողմը, որն առավել զսպվածություն հանդես կբերեր: Ժողովուրդն ավելի շատ գնահատում է կառուցողական մոտեցումը, քան` ժխտողական, մերժողական: Դժբախտաբար, մրցակիցներիցս ոչ մեկը չկարողացավ այդպիսի հատկանիշներ ցուցաբերել: Նրանք ավելի շատ հակարշավ էին մղում, քան թե քարոզում հանուն իրենց գաղափարների, ծրագրերի: Հուսով եմ, որ անցած ընտրություններից նրանք էլ դասեր կքաղեն, եւ ապագայում մեր հասարակության մեջ նախապատվությունը նման իրավիճակում կտրվի ավելի քաղաքակիրթ ձեւերին...
 
– Եւ մեր ազգային հոգեբանությանը ավելի հարի՞ր: Օրինակ, որոշ թեկնածուների քաղաքական շոուները...
 
– Ասածս վերաբերում է մրցապայքարի բովանդակությանը, ոչ թե ձեւին: Արտաքինն ինձ այնքան չի հետաքրքրում: Եթե այսօր անսովորության պատճառով այն գրգռում է մեր ժողովրդին, վաղը, մյուս օրը գուցե դրան մեզանում էլ վարժվեն: Թեեւ շոու եւ գովազդ կազմակերպողները պետք է գիտակցեին, որ իրենց գործելակերպը ընդունելի չէր մանավանդ այն առումով, որ մեր ժողովուրդը հազիվ էր ազատվել պատկերապաշտությունից, կռապաշտությունից, որը յոթանասունամյա վաղեմություն ունի, եւ հանկարծ նրան հրամցվում է մի նորը:
 
– Կա՞ն ներքին կամ արտաքին քաղաքականությանը վերաբերող այնպիսի առաջնահերթ ձեռնարկումներ, որոնց իրականացումը պահանջում էր, որ Դուք ունենայիք Հայաստանի Հանրապետության եւ ոչ թե Գերագույն խորհրդի նախագահի լիազորություններ:
 
– Այո՛, եւ Նախագահի պաշտոնի հիմնումը թելադրված էր այդ նկատառումներով: Մեկ տարվա մեր գործունեությունն ապացուցեց առկա պետական կառուցվածքների սնանկությունը` անկախ անձնական հանգամանքներից: Արտաքուստ եղած հակասություններին տրվում էր անձնական երանգ, եւ դա չարաշահվում էր ընդդիմախոսների կողմից` մոլորության մեջ գցելով նույնիսկ մեր ժողովրդի ազնվագույն շերտերին: Դժբախտաբար, կառուցվածքների ներքին հակասությունները միշտ էլ անձնավորվում են այս կամ այն կերպ: Այսօր մեր աչքի առջեւ նույնը կատարվում է Ռուսաստանում, կատարվեց Լատվիայում` Լանդսբերգիսի եւ Պրունսկենեի միջեւ, Էստոնիայում՝ երբ խորհրդարանական ճգնաժամի հետեւանքով ստիպված էին Սավիսաարի հրաժարականի հարցը դնել եւ այլն, եւ այլն: Բայց իրականում հակասություններն առարկայական բնույթ ունեն եւ բխում են համակարգի էությունից: Խորհրդային համակարգի կառույցներն այսօր ի վիճակի չեն բավարարելու մեր պետական ներկա շահերը: Որովհետեւ վերացել է դրանց կապող շաղախը, որպիսին կոմունիստական կուսակցությունն էր: Նա էր ապահովում գործադիր մարմինների գործունակությունը: Եւ, իհարկե, չէր կարելի կառուցվածքները շաղկապող այնպիսի մի օղակ ստեղծել, ինչպիսին կոմկուսն էր, քանի որ, վաղ թե ուշ, դա մեզ կվերադարձներ ամբողջատիրական համակարգին: Ուրեմն, նոր, ժողովրդավարական հիմքերի վրա հարկավոր էր առողջացնել պետական կառույցները, ինչին հնարավոր էր հասնել դասական փոխհարաբերությունների հաստատմամբ. գործադիր, օրենսդիր եւ դատական մարմինների տարանջատումով: Որքան էլ որ դեռ հստակեցումների կարիք է զգացվում, նախագահական ընտրությամբ, դրա օրենսդրական հիմնավորմամբ այդ տարանջատումը տեղի է ունեցել, եւ այժմ լիովին կարելի է գործադիր քաղաքականության պատասխանատվությունը ամբողջությամբ դնել նախագահական համակարգի վրա: Սրանով կլուծենք պետական կառույցների ներքին հակասությունը, կամրապնդենք գործադիր իշխանությունը, որը հիմքն է ե՛ւ տնտեսական բարեփոխումների հետեւողական անցկացման, ե՛ւ հասարակական կյանքի կայունացման:
 
Արտաքին հարաբերությունների ոլորտում մեր առաջնահերթ խնդիրը, եւ սա ես համարում եմ անցած մեկ տարվա մեր թերացումը, ակտիվ արտաքին քաղաքականությունն է: Այսօր հարկավոր է, որ ուժեղացնենք, կարեւորենք Արտաքին գործոց նախարարության դերը, որը վաղվանից իսկ պետք է լծվի եռանդուն աշխատանքի դրսի աշխարհում: Մենք, ինչպես ասում են, պետք է բախենք բոլոր դռները, միշտ հաստատենք մեր ներկայությունը, եւ ես լիովին համոզված եմ, որ արդյունքներն իրենց երկար սպասել չեն տա: Կարելի է ասել, որ մեկ տարի է, ինչ նույնիսկ Արտաքին գործոց նախարար չունեինք: Մեր առաջին գործը կլինի այդ նախարարի նշանակումը, ինչին ձեռնամուխ ենք եղել եւ, նրա առջեւ ծառանալիք խնդիրները նկատի ունենալով, նպատակահարմար ենք գտել այդ պաշտոնը վստահել մի սփյուռքահայի:
 
– Ո՞ւմ, եթե գաղտնիք չէ:
 
– Րաֆֆի Հովհաննիսյանին: Նա բարձր մակարդակի մասնագետ է, երիտասարդ, շատ եռանդուն, որը, եթե չհասցնի, գոնե կմոտեցնի մեր Արտաքին գործերի նախարարությունը քաղաքակիրթ երկրների վիճակին:
 
– Րաֆֆի Հովհաննիսյանը դաշնակցակա՞ն է:
 
– Ո՛չ, նա ոչ մի կուսակցության չի պատկանում:
 
– Այս կապակցությամբ` ինչպիսի՞ն եք համարում մեր կադրային ապահովվածության վիճակը: Ի՞նչ դեր է խաղալու հավանական թեկնածուների կուսակցական պատկանելությունը:
 
– Պետական կադրերը 1‑2 օրում չեն պատրաստվում: Այդ բանը պետք է տեղի ունենա պետական նոր կառուցվածքների, մեխանիզմների աշխատանքին զուգընթաց. որքան հղկվեն մեխանիզմները, այնքան կկատարելագործվեն կադրերը: Մենք հրաշքների չպետք է սպասենք, այլ ելնենք այն նյութից, որ ունենք: Ինչ որակ որ այսօր ներկայացնում է մեր հասարակությունը, ընդհանուր առմամբ նույն որակն ունեն ե՛ւ կադրերը, ե՛ւ մտավորականները, ե՛ւ մշակույթը, ե՛ւ գիտությունը: Մեր ընտրած կադրերը իդեալական չեն լինի, բայց մոտեցումն անպայման կլինի այն, որ առկա նյութից լավագույնը ընտրվի, ամենաարժանին: Սա էր մեր մոտեցումը նախկինում, եւ Վազգեն Մանուկյանի մոտեցումն էլ նույնն էր: Այլ բան է, թե որքանով մեզ հաջողվեց դա իրականացնել: Սկզբունքը չի փոխվելու: Հնարավոր են սխալներ, հնարավոր են դժգոհություններ, բայց հետեւողականորեն պետք է ձգտենք, որ յուրաքանչյուրն իր արժանի տեղը գրավի հասարակության մեջ, ինչը վերջինիս ներդաշնակության հիմքն է: Ընտրապայքարի ընթացքում եւ հետո էլ եղան խոսակցություններ, արտահայտվեցին ծրագրեր, որ Հայաստանի իշխանությունները պիտի կոալիցիոն լինեն, որ ոչ մի կուսակցություն ի վիճակի չէ մենակ կառավարել այս պետությունը: Ես համաձայն եմ. իսկապես, ոչ մի կուսակցություն այսօր այդքան կադրեր չունի: Բայց դա չի նշանակում, թե իշխանությունը քաղաքական իմաստով է կոալիցիոն լինելու: Կոալիցիա կգոյանա մասնագետների ընտրության առումով. անկախ այն բանից, թե տվյալ պաշտոնին հավակնող ամենաարժանավոր թեկնածուն ո՛ր կուսակցությանն է պատկանում, նա կզբաղեցնի այդ աթոռը: Այսինքն` ոչ թե կուսակցությունից դեպի պաշտոնը, այլ` անձից, անձնական հատկանիշներից: Մասնավորապես, մի քանի սփյուռքահայ նախարարներ կլինեն: Բացի այդ, բոլոր նախարարություններում, ընդհուպ մինչեւ փոխնախարարի պաշտոնը, կընդգրկվեն սփյուռքահայ մասնագետներ: Սփյուռքի եւ Հայաստանի համագործակցության լավագույն ձեւը ես սա եմ համարում: Սփյուռքի կենդանի ներկայությունը Հայաստանում եւ ոչ թե հեռվից‑հեռու հանձնարարականների ու ծրագրերի առաքումը:
 
– Առաջին փաստաթուղթը, որ Դուք ստորագրեցիք Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելուց հետո, միջպետական տնտեսական պայմանագիրն էր: Ինչպե՞ս կմեկնաբանեք այն հոկտեմբերի 18‑ին վավերացնողների կազմը:
 
– Կազմը դեռ ոչինչ չի նշանակում, չի նշանակում, թե առայժմ պայմանագրին մասնակից ութ հանրապետությունները նույն նկատառումով են իրենց ստորագրությունները դրել: Մի մասն իսկապես լրջորեն գնահատում է այդ փաստաթղթի անհրաժեշտությունը եւ համոզված է, որ աշխատող պայմանագիր է ստորագրել, մյուս մասը, ընդհակառակը, չափազանց անլուրջ համարելով այդ ձեռնարկումը, հենց այնպես ստորագրել է, նկատի ունենալով, որ դա ո՛չ կօգնի, ո՛չ կվնասի իրեն:
 
– Դուք Ձեզ ո՞ր կողմը կդասեիք:
 
– Գաղափարի տեսակետից ես պայմանագիրը շատ լուրջ եմ համարում, քանի որ հարյուրամյակներ շարունակ որպես պետական մեկ միավոր ձեւավորված երկիրը չի կարող մեկ օրում կազմալուծվել‑քայքայվել: Ուստի կապվածության միասնական ձեւերը, իմ խորին համոզմամբ, պետք է փոխարինվեն համագործակցության նոր եղանակով, ինչպիսին է, օրինակ, պետությունների եւրոպական համագործակցությունը: Բայց սա չի նշանակում, թե ես նույնքան համոզված եմ, որ մեր ստորագրած պայմանագիրը գործելու է, արդարացնելու է իրեն: Մինչդեռ մասնակցում ենք դրան, ինչպես որ պետք է մասնակցենք վերոհիշյալ գաղափարի մարմնավորմանը նպաստող բոլոր կառուցողական աշխատանքներին:
 
– Իսկ հնարավո՞ր է, արդյոք, որ տնտեսական կապվածության պահպանումը հետագայում նորից հանգեցնի քաղաքական կախվածության:
 
– Հնարավոր է, որ որոշ պետություններ, հատկապես մեծ պետությունները` Ռուսաստանը, Ուկրաինան, Ղազախստանը փորձեն ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք կախվածության մեջ գցեն մյուսներին, բայց սրանք էլ, իհարկե, պետք է գործի դնեն իրենց հակազդեցությունները, որպեսզի այդ կախվածությունը վերածեն փոխկախվածության: Ակնհայտ է, որ պետությունների մի մասը հետապնդում է քաղաքական նպատակներ, ուստի այստեղ պայքարը բնական է:
 
– Նախագահական կառույցների առաջ գալուց հետո, Ձեր կարծիքով, Հայաստանի Գերագույն խորհուրդն իր այսօրվա կազմով ու (ոչ բազմակուսակցական) բնույթով ի վիճակի՞ է կատարել քաղաքական հակակշռի իր դերը:
 
– Դասական իմաստով հակակշիռ չի կարող լինել, բայց քաղաքականորեն գուցե ցանկալիից ավելի մեծ հակակշիռ դառնա, որովհետեւ այս խորհրդարանն ավելի հակված է (ե՛ւ ուժերի բաշխմամբ, ե՛ւ հասարակական մթնոլորտի բերումով) քաղաքական գործունեության, քան` բուն օրենսդիր: Դա, իհարկե, կդժվարացնի թե՛ մեր, թե՛ խորհրդարանի աշխատանքը: Եւ այստեղ շատ էական չէ այն հանգամանքը, թե Գերագույն խորհուրդը բազմակուսակցակա՞ն սկզբունքով է ընտրված, թե` մեծամասնական:
 
– Իսկ այն հանգամա՞նքը, որ ՀՀՇ‑ն մեծամասնություն ունի այս խորհրդարանում...
 
– Կարելի է ասել, որ ՀՀՇ‑ն էլ խորհրդարանի մյուս ուժերի նկատմամբ իմ ունեցած հակակշիռն է: Առանց դրա անհնարին կլիներ աշխատանքը: Գաղտնիք չէ, որ բոլոր ընտրովի նախագահներն էլ խորհրդարանում ունենում են մեծամասնություն կամ գոնե այնպիսի մի ծանրակշիռ խմբակցություն, որը թույլ չի տա, որ խորհրդարանը վիժեցնի Նախագահի քաղաքական ծրագրերի իրականացումը:
 
– Սահմանադիր ժողովի հրավիրումը, ինչպես հաճախակի առաջարկում է ընդդիմությունը, կամ երկպալատ խորհրդարանի հիմնումն ավելի կառուցողական չէի՞ն դարձնի գործադիր եւ օրենսդիր մարմինների փոխհարաբերությունը:
 
– Սահմանադիր ժողովի առաջարկների ելակետը Գերագույն խորհրդի այսօրվա կազմն է: Ընդդիմությունը համոզված է, որ նոր ընտրությունների հետեւանքով ուժերի հարաբերակցությունը կփոխվի հօգուտ իրեն: Ես, իհարկե, չեմ կարծում, որ նոր ընտրությունների դեպքում ուժերի հարաբերակցությունը էապես կփոխվի: Այդ են վկայում նաեւ նախագահական ընտրությունների արդյունքները: Թերեւս բուն բովանդակության տեսակետից էլ՝ Սահմանադիր ժողովի կողմնակիցները ճիշտ չեն գնահատում այդ կառուցվածքի անհրաժեշտությունը: Նման ժողովները, որոնք պատմության մեջ սկիզբ են առնում ֆրանսիական հեղափոխությունից, հեղափոխական ժամանակների կառույցներ են: Երբ չկան համապատասխան մարմիններ, կազմավորված խորհրդարան, Սահմանադիր ժողովի կարիք է ծագում: Շատ պետություններ էլ այդ գործը դնում են խորհրդարանի ուսերին: Դեմ չեմ, որ որոշակի պահի անկախ Սահմանադիր ժողովն ավելի հանձնարարելի է Սահմանադրություն մշակելու համար, քանի որ Գերագույն խորհուրդը, պատգամավորները երբեմն ինչ‑ինչ բաներում կարող են շահագրգիռ կողմ լինել...
 
– Ի՞նչը նկատի ունեք:
 
– Այն, որ լիազորություններ կուզենան կամ չեն ցանկանա հրաժարվել իրենց մի շարք լիազորություններից` հօգուտ մեկ այլ մարմնի: Գերագույն խորհրդի այդ հատկանիշն արդեն ի հայտ է եկել «Նախագահի մասին» օրենքն ընդունելիս, երբ պատգամավորները ձգտում էին սահմանափակել նրա լիազորությունները: Կարծում եմ, որ դա երեւան կգա նաեւ «Գերագույն խորհրդի մասին» օրենքի մոտակա քննարկումներում, որտեղ նրանք կփորձեն գտնել նոր լիազորություններ: Այսուհանդերձ, հիմա Սահմանադիր ժողովի պահը չէ, որովհետեւ եթե մենք ընտրենք այդ ժողովը եւ նրանից պահանջենք երեք կամ վեց ամսում մշակել Սահմանադրություն, մեծ արդյունքի չենք հասնի: Անցման այս շրջանում, երբ օրըստօրե փոխվում է ամեն բան, մի կես տարի էլ չանցած, ինչպիսին էլ որ լինի Սահմանադրությունը, ստիպված պիտի հսկայական փոփոխություններ կատարենք նրա մեջ: Եւ դրանով մենք կվարկաբեկենք Սահմանադրության թե՛ բովանդակությունը, թե՛ գաղափարը: Մինչդեռ, հակառակը, հիմա է, որ պետք է ջանանք ժողովրդին հարգանք ներշնչել Սահմանադրության հանդեպ, ի հակակշիռ նրա արգահատանքի այն Սահմանադրության նկատմամբ, որը մեզ 70 տարի ստրկության է դատապարտել:
 
Կարծում եմ, պետք է այլ ճանապարհով գնանք. արդեն նոր գործող օրենքների, գործող մեխանիզմների հիման վրա ստեղծենք մի Սահմանադրություն, որը կայուն կլինի: Այլապես մեր իրավաբան, տնտեսագետ գիտնականները մի շաբաթում կարող են հրաշալի, գեղեցիկ Սահմանադրություն գրել, որը չի գործի:
 
– Ասացիք, որ նոր օրենսդիր մարմնի ընտրությունները, դատելով նախագահական ընտրապայքարի արդյունքներից, ուժերի հարաբերակցությունն էապես չի փոխի: Սակայն քաղաքական շրջանակներում հաճախ խոսվում է, որ ՀՀՇ‑ն այդքան միավոր չէր հավաքի, որքան տրվեց Ձեր անձին:
 
– Գուցե այդ պահը կա, բայց պետք չէ չափազանցել: Որովհետեւ եթե իմ անձն են անգամ ընտրել, երբեք չեմ թաքցրել, որ ես ներկայացնում եմ Հայոց համազգային շարժումը եւ իրականացնում եմ նրա ծրագիրն ու նրա գաղափարների հավատարիմ զինվորն եմ: Չեմ թաքցնում նաեւ, որ չեմ տեսնում այսօր մեկ այլ գաղափարախոսություն, որն ավելի պատշաճի մեր հասարակության, պետության շահերին: Բնական է, որ ՀՀՇ‑ի հանդեպ վերաբերմունքն այս մեկուկես տարում փոխված լինի եւ փոխվել է, որովհետեւ երբ այն ընդդիմությունից վերածվեց իշխող կուսակցության, իր վրա վերցրեց երկրում կատարվող բոլոր երեւույթների պատասխանատվությունը: Հաճախ է որեւէ կուսակցություն բարձր ռեյտինգով գալիս իշխանության գլուխ, ապա նրա նկատմամբ հետզհետե դժգոհությունները մեծանում են:
 
– Հանրաքվեն տեղի ունեցավ մեծ ոգեւորությամբ: Որքան էլ որ իրատեսությամբ լեցուն` ժողովուրդն անհամբեր է Հայաստանի միջազգային ճանաչման խնդրում: Որեւէ կանխատեսում կանե՞ք:
 
– Ես ուզում եմ հստակ արտահայտել իմ տեսակետը, որպեսզի զուր պատրանքներ չփայփայենք: Աշխարհը ճանաչեց Բալթյան հանրապետությունների անկախությունը. բայց, չնայած իրավական այնպիսի մի զորեղ հիմքի, ինչպիսին է այդ երկրների օկուպացիայի անօրինականությունն աշխարհի կողմից մշտապես ընդունած լինելը` միայն Ռուսաստանից հետո ճանաչեց նրանց: Այժմ Արեւմուտքում ձեւավորվում է մի նոր քաղաքական տեսակետ, որից օգտվում է Գորբաչովը: Այն է՝ Բալթյան պետությունների օրինակը չպետք է նախադեպ ծառայի մյուս հանրապետությունների համար: Այսինքն, Արեւմուտքը նորից չի քաջալերում անկախության ձգտող հանրապետություններին եւ կճանաչի նրանց միայն այն ժամանակ, երբ այդ բանը կանի Մոսկվան: Մոսկվա ասելով` ես հասկանում եմ Ելցինին, քանի որ ամբողջ աշխարհին է հայտնի, որ Խորհրդային Միության ռեալ քաղաքականությունն այսօր որոշում է Ելցինը: Մենք շարժվել ենք խորհրդային գործող օրենքների համաձայն, այդ պատճառով իրավաբանական առումով ո՛չ Ելցինը, ո՛չ Գորբաչովը, ո՛չ Արեւմուտքը որեւէ առարկություն չեն կարող ունենալ մեր անկախությանը: Եւ որովհետեւ քաղաքական տեսանկյունից հարցը կրկին հանգում է Ռուսաստանին, ես չեմ թաքցնի, որ Մոսկվայում հանդիպեցի թե՛ Ելցինի եւ թե՛ Ռուսաստանի պետական քարտուղար Բուրբուլիսի հետ առանձին‑առանձին եւ լուրջ խոսակցություններ ունեցա: Կարող եմ ասել, որ դեպքերի զարգացումը լավատեսություն է ներշնչում: Ավելին չեմ կարող ասել:
 
– Վտանգ չկա՞, որ այս համաձայնագրերին արագորեն մասնակցելով` մենք դուրս ենք մնում «անկախականների» երկրորդ շարասյունից, որի կազմում Վրաստանն էր, Մոլդովան եւ մենք:
 
– Մասնակցելով անցման, հանդարտ անցման շրջանի միջհանրապետական կառուցողական գործընթացներին, մենք ավելի ենք մոտենում անկախության մեր նպատակին: Մեր ուղին ավելի կարճ է, քան առճակատման դիմողներինը:
 
– Ակնկալո՞ւմ եք նոր ցնցումներ Մոսկվայում:
 
– Քաղաքական առումով` ոչ, սոցիալական առումով, որը կվերածվի քաղաքականի` այո: Արեւմուտքը պետք է լինի տնտեսական վերափոխումների երաշխավորը, որպեսզի անցման շրջանի անխուսափելի կորուստները պայթյուններ առաջ չբերեն:
 
– Մասնագետների մեծամասնությունը խորհրդային տնտեսության համար Լեհաստանի «շոկաբուժությունն» է հանձնարարելի դիտում: Ըստ Ձեզ, Հայաստանի համա՞ր էլ լավագույնը դա է:
 
– Չորս‑հինգ տարի առաջ, երբ դեռ տնտեսական կառույցները չէին փլուզվել, լեհական տարբերակը գուցե փրկություն լիներ, եւ մենք արդեն դուրս եկած կլինեինք այս անմխիթար վիճակից: Այժմ, թերեւս, չափազանց ծանր է նստելու այն կիրառելը, բայց այլ ուղի չի նշմարվում:
 
– Նախատեսո՞ւմ եք, որ Հայաստանում տնտեսական բարեփոխումներն ավելի արագ կընթանան, քան նախորդ մեկ տարվա ժամանակամիջոցում էր:
 
– Այո՛: Նախկին տեմպերն էլ դանդաղ չէին, բայց մեզ կաշկանդում էր այն, որ մյուս հանրապետությունները հին եղանակներով էին գործում: Այժմ հույս կա, որ այդ արգելքը կվերանա, ինչն ինքնին կխթանի մեր բարեփոխումները:
 
– Արցախում շարունակվող արյունալի բախումները նշանակո՞ւմ են, արդյոք, որ Ժելեզնովոդսկի հայտարարագիրը մեռելածին մի փաստաթուղթ է, թե՞ առաջընթացի հույս կա:
 
– Ես այն կարծիքին չեմ, որ փաստաթուղթը մեռելածին է, թեեւ դա չի նշանակում, թե անվերապահորեն հավատում եմ նրա հաջողությանը: Պարզապես ես ելնում եմ այն հանգամանքից, որ այսպիսի խնդիրների լուծման մեջ հարկավոր չէ անտեսել որեւէ միջոց: Համենայն դեպս, ես կարծում եմ, որ Ելցինի եւ Նազարբաեւի միջնորդությունը, երաշխավորությունը շատ ավելի մեծ հնարավորություններ ունի հաջողությամբ պսակվելու, քան Գորբաչովի առաքելությունը:
 
– Ժելեզնովոդսկի հայտարարագիրը հիշատակելիս հայ քաղաքական գործիչներն անպայման անդրադառնում են ազգային բանակի խնդրին...
 
– Ազգային բանակի վերաբերյալ ես ունեմ իմ ամբողջական պատկերացումները, բայց պաշտպանության համակարգը մի առանձին մեծ թեմա է, որը, թերեւս, արծարծենք մեկ ուրիշ անգամ:
 
 «Հայք», 23 հոկտեմբերի, 1991 թ.:
Հարցազրույցը՝ Վահրամ Մարտիրոսյանի
Հրատարակված՝ «Հանրապետության առաջին Նախագահը Լեւոն Տեր‑Պետրոսյանն է» վերնագրով

 
 
Բացիկներ

Ուղարկեք էլ. բացիկ

Վիդեո

  

 

 

Աուդիո
 
The Official Levon Ter-Petrosian for President Web Site   |   Made in ArattaDesign office@levonforpresident.com