ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԻՆԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ - 04.06.2009Իշխանությունների կողմից նախընտրական շրջանում, ինչպես նաև մայիսի 31-ին` քվեարկության օրը իրագործվող ամենաթողությունն այժմ թևակոխել է հետընտրական փուլ, որտեղ բացահայտ ու կոպիտ օրինախախտումների միջոցով ընտրական և այլ մարմիններ խոչընդոտում են բողոքարկման ընթացքը։ Արդեն չորս օր է, ինչ ռեժիմը զբաղված է Հայ Ազգային Կոնգրեսի և տարբեր դիտորդական կազմակերպությունների կողմից` օրինախախտումների մասին գրանցված հարյուրավոր արձանագրությունների կոծկումով։
Բոլոր ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները, բացառությամբ 6 ԸԸՀ-ի, կոպտորեն խախտելով օրենքը, թույլ չեն տալիս Հայ Ազգային Կոնգրեսի վստահված անձանց` քաղվածքներ կատարել տեղամասերի գրանցամատյաններից` պատճառաբանելով, թե դրանք արդեն ուղարկվել են արխիվ, այնինչ համաձայն ընտրական օրենսգրքի` գրանցամատյաններն առնվազն 7 օր պետք է մնան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում։ 3-րդ ԸԸՀ-ի ներկայացուցչի պատճառաբանությունն ընդհանրապես անցնում է զավեշտի բոլոր սահմանները։ Նա գրավոր պատճառաբանել է, որ փաստաթղթերը, այդ թվում գրանցամատյանները, փաթեթավորված են և գտնվում են մեքենայի մեջ։ 6-րդ ԸԸՀ-ի ներկայացուցիչը, որը թույլատրել է քաղվածք կատարել գրանցամատյաններից, վերջում ստորագրելու փոխարեն խզբզել է փաստաթղթի վրա։
Հայ Ազգային Կոնգրեսը օրենքով սահմանված կարգով և ժամկետում 7/25 և 7/26 ընտրատեղամասերում վերահաշվարկ կատարելու վերաբերյալ դիմումներ է ներկայացրել համապատասխան ԸԸՀ։ Դիմումներն ընդունելուց հետո ԸԸՀ-ն հրաժարվել է վերահաշվարկ կատարել` պատճառաբանելով, որ բոլոր փաստաթղթերը փոխանցվել են ԿԸՀ կամ արխիվ։
7/17 ընտրատեղամասում գտնվել է 44 ոչ սահմանված նմուշի ծրարներ, որոնցից 22-ը կնքված են եղել «Գոռ Սիսակյան» ՍՊԸ-ի կնիքով։ Տեղամասի արդյունքներն անվավեր չի համարվել։
Այսպիսով, ռեժիմը համակարգված կերպով կեղծելով ընտրությունների արդյունքները և գիտակցելով իր կողմից գործված հանցանքների մասշտաբները, ինչպես նաև այն, որ դա հանգեցնելու է ընտրություններն անվավեր ճանաչելուն, ներկայումս էլ շարունակում է բռնաբարել ՀՀ օրենսդրությունը և լծվել է կեղծիքների հետքերն ու ապացույցները թաքցնելու գործին։ 2009-06-04 |