Levon Ter-Petrosian
ՀիմնականԿենսագրությունՊատկերասրահՎիդեոԲացիկներՀետադարձ կապ
Levon Ter-Petrosian
ՆորություններԵլույթներՀարցազրույցներԾրագիրՄամուլԹիմ 2008
հայ | eng | рус
Hand Up
Հարցազրույցներ
Քո կարծիքը
Օր օրի համոզվում եմ, որ հայ ազգը վերջին հարյուրամյակում Լևոն Տեր-Պետրոսյանի նման պետական գործիչ չի ծնել: comment
ՀԻՄԱ

Hima

Subscribe
Enter your E-mail address:
 
 

ՀՀ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ «Ա1+»-ԻՆ

04 Նոյեմբերի, 2008

«ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՓՈՒԼԸ»

Լեւոն Տեր-ՊետրոսյանՊարոն Նախագահ, հոկտեմբերի 17-ի Ձեր ելույթում Դուք խոստացել էիք հասարակությանը մշտապես իրազեկ պահել Ղարաբաղյան կարգավորման զարգացումներին: Արդյոք Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի Նախագահներ Մեդվեդեւի, Սարգսյանի եւ Ալիեւի նոյեմբերի 2-ի համատեղ հռչակագիրը կարելի՞ է դիտել որպես այդ զարգացումներից մեկը:

Նախ՝ ես չեմ մոռացել իմ խոստումը: Ավելին, այս զրույցն առարկայական դարձնելու նկատառումով, ավելորդ չեմ համարում ընթերցողին հիշեցնել ելույթիս համապատասխան հատվածը. «Մոտակա ամիսներին մեզ սպասում են Ղարաբաղի եւ հայոց պետականության ճակատագրի հետ կապված կարեւորագույն իրադարձություններ, որոնք այս հանգրվանում երկրորդական են դարձնում ներքաղաքական խնդիրները: Մենք ուշի ուշով հետեւելու ենք այդ իրադարձությունների զարգացմանը, գնահա¬տելու Հայաստանի իշխանությունների ձեռնարկած քայլերի համարժեքությունը իրավիճակի պահանջներին, հասարակությանը մշտապես իրազեկ պահելու Ղարաբաղյան կարգավորման ընթացքի մասին եւ փորձելու կանխել կամ նվազագույնի հասցնել հայկական կողմի շահերին սպառնացող վտանգները»: Ինչ վերաբերում է Ձեր բուն հարցին, ապա, անշուշտ, մոսկովյան հռչակագիրը գործընթացի կարեւորագույն զարգացումներից մեկը պետք է դիտել:

Շատերի մոտ տպավորություն է առաջացել, որ այդ հռչակագիրը ձեւական բնույթ է կրում եւ զուրկ է կոնկրետ բովանդակությունից: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

Այդպիսի թյուր տպավորություն կարող է առաջանալ Ղարաբաղյան կարգավորման գործընթացի ծալքերին անծանոթ մարդկանց մոտ: Մինչդեռ փորձագետների համար հռչակագիրն, ընդհակառակը, չափազանց պերճախոս է, քանի որ նրանում հստակեցված են մի քանի սկզբունքային եւ կոնկրետ պահեր: Պետք է նկատի ունենալ նաեւ, որ այդ փաստաթուղթն ընդամենը այսբերգի գագաթն է, եւ նրա տակ ընկած է շատ ավելի հանգամանալից մի արձանագրություն, որի բովանդակությունը դժվար չէ գուշակել:

Որո՞նք են Ձեր ակնարկած սկզբունքային եւ կոնկրետ պահերը:

1.Հռչակագրի առաջին իսկ կետը պարունակում է մի մտահոգիչ ձեւակերպում, որի համաձայն՝ «Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվելու է միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի, ինչպես նաեւ դրանց շրջանակներում ընդունված որոշումների եւ փաստաթղթերի հիման վրա»: Մտահոգիչը ոչ այնքան «միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին» վերաբերող դիվանագիտական նրբասացությունն է, որքան «դրանց շրջանակներում ընդունված որոշումների եւ փաստաթղթերի» հիշատակումը: Վերջիններիս տակ, անկասկած Ադրբեջանի պահանջով, նկատի են առնված ՄԱԿ ի Գլխավոր Ասամբլեայի 62/243 եւ Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի 1614 բանաձեւերը, որոնցում ճանաչվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ պահանջվում հայկական զորքերի անվերապահ դուրսբերումը Ղարաբաղին հարակից ադրբեջանական տարածքներից:

2.Մոսկովյան հռչակագրի 2 րդ կետում միանշանակորեն արձանագրված է, որ Ղարաբաղյան կարգավորման հիմքում ընկած է լինելու Մինսկի խմբի համանախագահության 2007 թ. նոյեմբերի 29 ի Մադրիդյան առաջարկը: Քանի որ այդ առաջարկի բովանդակությունը ես մանրամասնորեն ներկայացրել եմ հոկտեմբերի 17 ի իմ ելույթում, հարկ չեմ համարում վերստին անդրադառնալ դրան: Հիշեցնեմ միայն, որ Մադրիդյան առաջարկի գաղափարախոսությունը միջազգային իրավունքի երկու սկզբունքների՝ տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման ներդաշնակումն է:

3. Հռչակագրի նախաբանում եւ 4 րդ կետում, որոնցում խոսվում է Ղարաբաղյան խնդիրը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ընթացող ուղղակի երկխոսության միջոցով լուծելու անհրաժեշտության մասին, փաստորեն սահմանվում է հակամարտության կողմերի նոր ձեւաչափ: Հռչակագիրն, այսպիսով, վերջնականապես թաղում է ԵԱՀԿ ի 1994 թ. Բուդապեշտյան գագաթնաժողովի ընդունած որոշումը, որով Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը ճանաչվել էր որպես հակամարտության երրորդ լիիրավ կողմ: Իսկ դա նշանակում է, որ ԼՂՀ ն որեւէ դերակատարություն չի ունենալու իր բախտը վճռող բանակցությունների հետագա գործընթացում:

4.Մոսկովյան հռչակագրի ամենակարեւոր արդյունքը, սակայն, պետք է համարել այն, որ նոր ձեւաչափով սահմանված հակամարտող երկու կողմերը՝ Հայաստանը եւ Ադրբեջանը, ստորագրելով այդ փաստաթուղթը, պաշտոնապես իրենց համաձայնությունն են տվել Մադրիդյան առաջարկին, ինչը աննախադեպ իրադարձություն է Ղարաբաղյան կարգավորման ողջ գործընթացում: Խնդիրն այն է, որ Մինսկի խմբի համանա¬խագահության նախորդ երեք պաշտոնական առաջարկները, այսինքն՝ «Փաթեթային», «Փուլային» եւ «Ընդհանուր պետության» տարբերակները, չեն արժանացել հակամարտող կողմերի միահամուռ հավանությանը եւ այդ պատճառով հանվել օրակարգից: «Փաթեթային» եւ «Փուլային» տարբերակները մերժվել են Ղարաբաղի, իսկ «Ընդհանուր պետության» տարբերակը՝ Ադրբեջանի կողմից: Մոսկովյան հռչակագրի տակ դրված Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի ստորագրությամբ, այսպիսով, ազդարարված է Ղարաբաղյան կարգավորման ավարտական փուլի սկիզբը:

Դուք չմոռացա՞ք, արդյոք, նշել նաեւ Քի-Վեստյան տարբերակը:

Քի Վեստյան տարբերակը Մինսկի խմբի համանախագահության պաշտոնական առաջարկ չի եղել: Ամեն պարագայում, այդ տարբերակը եւս չի ընդունվել հակամարտող կողմերից մեկի, այն է՝ Ադրբեջանի կողմից:

Ռուսաստանի նախաձեռնությունն արդյոք, չի՞ հակասում Ձեր վերջին ելույթում արտահայտված այն մտքին, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ վճռական դեր է խաղալու Արեւմուտքը:

Ամենեւին ոչ: Մոսկովյան հանդիպումը, թեեւ իսկապես շրջադարձային, սակայն կարգավորման գործընթացի սոսկ սկիզբն է: Այժմ այդ գործընթացը շարունակվում է Եվրոպայում, իսկ ավարտվելու է, ամենայն հավանականությամբ, դեկտեմբեր ամսին, Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Այսինքն, թեեւ կարգավորման սկզբնավորման պատիվն առերեւույթ մատուցվել է Ռուսաստանին, սակայն նրա վերջակետը դնելու մենաշնորհը պատկանելու է Արեւմուտքին: Թե' Սարգսյանը, թե' Ալիեւը մոսկովյան հանդիպմանը մասնակցել են, եթե ոչ հարկադրաբար, ապա անթաքույց դժկամությամբ, եւ միեւնույն է, թեեւ տարբեր նկատառումներով, նրանք վերջիվերջո նախընտրելու են Արեւմուտքի միջնորդությունը:

Այդ դեպքում ի՞նչ դեր է վերապահված ԵԱՀԿ Մինսկի խմբին, որի գործունեության շարունակման անհրաժեշտությունը ընդգծված է հռչակագրում:

Որքան շատ է ընդգծվում Մինսկի խմբի գործունեության անհրաժեշտությունը եւ որքան շատ հաճոյախոսություններ են շռայլվում նրա հասցեին, այնքան ավելի խորա¬նում են նրա ներսում առկա տարաձայնությունների մասին կասկածները: Մինսկի խումբը, օգտակար աշխատանքային գործիք լինելով հանդերձ, սոսկ արտաքին քողածածկույթ է՝ միջնորդ երկրների հետապնդած նպատակների դիվանագիտական պատշաճությունն ապահովելու համար:

2008-11-04

20 Օգոստոսի, 2008

ՀՀ առաջին Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը պատասխանում է «Ա1+»-ի հարցերին

- Պարոն նախագահ, կարծես թե, ռուս-վրացական վերջին պատերազմը լրջորեն չգնահատվեց ո՛չ Հայաստանի իշխանությունների, ո՛չ էլ քաղաքական կուսակցությունների եւ նույնիսկ քաղաքագետների կողմից, մինչդեռ ակնհայտ է, որ այդ պատերազմն անուղղակիորեն շոշափում է նաեւ մեր երկրի կենսական շահերը։

- Չեմ կարող չհամաձայնել  



Բացառիկ հարցազրույցներ

19:54 | 12/ 02/ 2008

Novosti-Armenia.jpgՀայաստանի ներքաղաքական իրավիճակի, ընտրական քարոզարշավի և հայ-ռուսական հարաբերությունների մասին «ՌԻԱ-Նովոստիի» հատուկ թղթակից Անդրեյ Մալիշկինին տված հարցազրույցում պատմել է Հայաստանի առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը։

- Լևոն Հակոբովիչ, այն բանից հետո, երբ 1998թ. Դուք թողեցիք  


ԱՐՄԱՆ ՄՈՒՍԻՆՅԱՆ (Լեւոն Տեր‑Պետրոսյանի նախընտրական շտաբի մամլո քարտուղար). – Տիկնայք եւ պարոնայք. շնորհակալություն, որ ընդունել եք Հանրապետության առաջին նախագահի հրավերը։ Սա 1997 թվականի սեպտեմբերի 26-ից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջին հրապարակային հանդիպումն է զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։ Բնականաբար, այս տարիներին բազմաթիվ հարցեր են կուտակվել։ Ասուլիսը սկսելուց առաջ, ես կխնդրեմ մեկ րոպե լռությամբ հարգել մեր զինա­կից‑ըն­կեր, «Ժողովրդավարական ուղի» կուսակցության նախագահ Մանուկ Գաս­պար­յանի հիշատակը  


«Պետք է կազմաքանդել իշխանության քրեական կառույցը»

logo_Kommersant.jpgՌուսաստանյան հեղինակավոր «Կոմերսանտ» պարբերականն իր դեկտեմբերի 6-ի համարում ծավալուն հարցազրույց է տպագրել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Հարցազրույցը ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ամբողջությամբ:

«Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, տասը տարի անց վերադառնալով  


 
 
Բացիկներ

Ուղարկեք էլ. բացիկ

Վիդեո

  

 

 

Աուդիո
 
The Official Levon Ter-Petrosian for President Web Site   |   Made in ArattaDesign office@levonforpresident.com