Levon Ter-Petrosian
ՀիմնականԿենսագրությունՊատկերասրահՎիդեոԲացիկներՀետադարձ կապ
Levon Ter-Petrosian
ՆորություններԵլույթներՀարցազրույցներԾրագիրՄամուլԹիմ 2008
հայ | eng | рус
Hand Up
Ելույթներ
Քո կարծիքը
depi chorrord hanrapetutyun! comment
ՀԻՄԱ

Hima

Subscribe
Enter your E-mail address:
 
 

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ 2007 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔՈՒՄ - Մաս 1

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ, ՏԻՊԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Սիրելի հայրենակիցներ,

Այսօրվա ելույթում ես կանդրադառնամ երեք թեմայի՝ առաջինը (երկու գլխով)՝ նվիր­ված պատմության, երկրորդը գաղափարախոսության, իսկ երրորդը՝ պետական համակարգերի տիպաբանության հարցերին։

Հայաստանի «արդյունաբերության քայքայումը»

Ռոբերտ Քոչարյանը վերջերս իր բարձր հեղինակությամբ վավերացրեց մեր հասարակության մեջ բազմիցս կրկնված այն միտքը, թե նախկին իշխանությունները քայքայեցին Խորհրդային Հայաստանի ծաղկուն արդյունաբերությունը։ Այս պնդումը թե՛ իրականություն է, թե՛ միֆ։ Իրականություն է այն առումով, որ այդ արդյու­նա­բե­րու­թյունն այսօր գոյություն չունի, ինչպես վաղուց գոյություն չունի Քոչարյանի ղեկավարած Ստեփանակերտի մետաքսի գործարանը, իր լեզվով՝ «Կարշոլկի ֆաբրիկան»։ Իսկ միֆ կամ առասպել է, որովհետեւ Խորհրդային Միությունը լիովին զուրկ էր ժամանակի պահանջներին եւ տեխնոլոգիական նվաճումներին համապատասխան արդյունաբե­րու­թյունից։ Բացի հումքից եւ մասամբ ռազմական տեխնիկայից, ԽՍՀՄ արդյունաբե­րու­թյունն ի վիճակի չէր միջազգային ասպարեզ դուրս բերել որեւէ մրցունակ ապրանք։ Այս հարցում ԽՍՀՄ-ը խայտառակ կերպով զիջում էր անգամ Արեւելյան Եւրոպայի կոմու­նիստական երկրներին։ Հիշեք, թե ինչպիսի հերթեր էին գոյանում չեխական, լեհական, հունգարական, արեւելագերմանական ապրանքներ ձեռքբերելու համար՝ սկսած հա­գուս­տից ու կոշիկից, վերջացրած գարեջրով ու խոհանոցային սալիկներով։ Իսկ չեխա­կան բյուրեղապակյա անոթներն ու ջահերը, լեհական կահույքն ու օծանելիքը, արե­ւելագերմանական գրամեքենաներն ու ճենապակյա սպասքները ուղղակի հրաշք եւ երա­զանքի առարկա էին խորհրդային քաղաքացիների համար։

Խորհրդային տնտեսությունը համաշխարհային շուկայից լիովին մեկուսացած, փակ, բանտային կամ, ավելի ճիշտ, լագերային տնտեսություն էր։ Ինչպես նախնադարի բնատնտեսական համայնքներում, ցանկացած մեկուսի եւ փակ համակարգ ընդունակ է ստեղծել քիչ թե շատ կենսունակ տնտեսություն։ Անձնական փորձից ինձ համար դրա ամենաուսանելի օրինակը Մոսկվայի «Մատրոսսկայա տիշինա» մեկուսարանի իմ բան­տախուցն է։ Կարճ ժամանակում, մասնավորապես փորձառու դատապարտյալների շնոր­հիվ, այդ խցում ստեղծվեց հիրավի լայնածավալ արդյունաբերություն, որի մաս­նակիցը դարձա նաեւ ես։ Գերժամանակակից այդ արդյունաբերությունը, սեփական սպառ­ման նպատակով, արտադրում էր առաջին անհրաժեշտության հետեւյալ ապ­րանք­ները. թրջված հացի շիճուկից պատրաստված բարձրորակ սոսինձ՝ գլանակներ փաթաթելու համար, ծխախոտատուփերից ձեւված գունազարդ խաղաքարտեր, հացի խմորից ձուլ­ված հրաշալի շախմատի քարեր, ցելոֆանե տոպրակներից ստացված վառելանյութ՝ բոր­բոսնած երշիկը հականեխելու համար, ջեռուցման մարտկոցների վրա չորացված պաք­սիմատ, թաշկինակից ծալված աչքակապ, սրբիչից փաթաթված վզնոց եւ այլն։ Բան­տակիցներիս վկայությամբ՝ շատ ավելի լայն ասորտիմենտ էր ընդգրկում ուղղիչ-աշխա­տանքային գաղութների արդյունաբերությունը։

Խորհրդային Միությունն, ահա, մի այդպիսի բանտախուց էր, որում արգելա­փակ­ված 250 միլիոն քաղաքացիները պարտավոր էին արտադրել, օգտագործել, ուտել, հագ­նել այն ապրանքները, որոնք կսահմաներ ամենազոր Պետպլանը։ Այդ բարձրագույն ատ­յանն էր որոշում, թե ո՛վ, ի՛նչ եւ որքա՛ն պետք է արտադրի, ո՛ւմ եւ ի՛նչ գնով պետք է վաճառի։ Հունվարի 1-ի դրությամբ արդեն նրա կողմից վաճառված էր այդ տարվա դեռ­եւս չարտադրված ապրանքը։ Տարեգլխին արդեն հայտնի էր, թե ուր են առաքվելու Խոս­րով Հարությունյանի դեռեւս չկարված կրծկալները՝ Միջին Ասիա, թե՞ Մոնղոլիա, որտեղ եւ ինչ քանակով է սպառվելու Լենինականի ֆաբրիկաներում արտադրվելիք տրի­կո­տա­ժեղենը՝ Կալուգայում, Նախիջեւանում, թե՞ Յակուտսկում։ Դրամը (ռուբլին) ընդամենը փո­խանակման պայմանական միավոր էր, որի բուն գործառույթը բարտերային առեւտրի սպասարկման եւ հաշվապահության ապահովումն էր։

Հայաստանի արդյունաբերությունն այդ լագերային տնտեսության մի հատվածն էր, եւ իսկապես համարվում էր Խորհրդային Միության ամենազարգացած արդյունա­բե­րու­թյուններից մեկը։ Սակայն տեսնենք, թե իրականում ինչպիսին էր այդ արդյու­նաբե­րու­թյու­նը։ Բացի թեթեւ եւ սննդի արդյունաբերության ոլորտներից, որոնց հումքը մատա­կարարվում էր հիմնականում դրսից, Հայաստանի տնտեսությունն, ըստ էության, վերջ­նական ապրանք չէր արտադրում։ Ծանր արդյունաբերության բնագավառում Հայաստա­նը թողարկում էր ընդամենը մի քանի վերջնական արտադրանք՝ հաստոցներ, էլեկտ­րա­տեխ­նիկական սարքավորումներ, «Արագած» սառնարանը, «Երազ» ավտոմեքենան եւ այլն։ Ի դեպ, 1980-ական թվականների սկզբին, խոտանի անթույլատրելի ծավալների պատ­ճա­ռով, ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի որոշմամբ, սառնարանը հանվեց արտա­դրու­թյունից։ Իսկ ինչ վերաբերում է «Երազին», ապա այն իր բացառիկ անորակության շնորհիվ, «Հայկական ռադիոյի» անեկդոտների կողքին, դարձավ խորհրդային ժո­ղո­վուրդ­ների զվարճության առարկան։ Հայաստանի ծանր արդյունաբերության հիմնական զանգվածը զուտ կոմպլեկտավորող արդյունաբերություն էր, այսինքն՝ մեզ մոտ արտա­դրվում էին միայն առանձին դետալներ, սարքավորումներ, ագրեգատներ, որոնք մոն­տաժ­վում եւ վերջնական արտադրանք էին դառնում Խորհրդային Միության տարբեր քա­ղաքներում, գլխավորապես ռազմական արդյունաբերության բնագավառում։ Հայաս­տանի արտաքին կոոպերացիան կազմում էր շուրջ 95 տոկոս, այսինքն՝ ավելի, քան Խորհրդային Միության որեւէ այլ հանրապետությունում։

Բնական է, որ Խորհրդային կայսրության փլուզմամբ, պիտի փլուզվեր նաեւ կենտ­րոնացած եւ օրգանապես փոխկապակցված այդ արդյունաբերությունը։ Ձեւավորվող շու­կայական հարաբերությունների պայմաններում, այն այլեւս չէր կարող ապահովել մատակարարումների կանոնավորությունը եւ դիմանալ ազատ մրցակցությանը։ Պա­տահական չէ, որ Խորհրդային Միության փլուզումից տասնվեց տարի հետո էլ ոչ մի նախ­կին խորհրդային հանրապետություն դեռեւս միջազգային շուկա չի հանել որեւէ մրցունակ ապրանք՝ հումքից բացի։ Ամենուրեք քիչ թե շատ զարգանում են միայն սննդի արտադրության, սպասարկման, շինարարության ոլորտները եւ հատկապես հանք­ար­դյունաբերությունը, որի անխնա ինտենսիվացումը կարող է հետագայում լուրջ խնդիր­ների առաջ կանգնեցնել այդ երկրների բնականոն զարգացումը։ Նույնիսկ Ռուսաստանի ռազմական արդյունաբերությունը, որը ժամանակին համարվում էր աշխարհի լավա­գույն արդյունաբերություններից մեկը, այսօր աշխատում է իր կարողությունների 30 տոկոսի չափով, այն էլ շնորհիվ պետական դոտացիաների։

Այն, ինչ ասվեց Խորհրդային Միության մասին, հավասարապես վերաբերում է նախ­կին սոցիալիստական լագերի բոլոր պետություններին։ Դրա ամենավառ ապա­ցույ­ցը Արեւելյան Գերմանիայի օրինակն է։ Գերմանական Դեմոկրատական Հանրապե­տու­թյունը սոցիալիստական ճամբարի ամենազարգացած արդյունաբերական պետությունն էր, որի կենսամակարդակը չորս անգամ գերազանցում էր Խորհրդային Միության կեն­սամակարդակը։ Պատկերացում տալու համար, թե դա ինչ է նշանակում, պատմեմ ինքնա­կենսագրական մի դրվագ։ 1980 թվականին ես, տիկնոջս հետ, մեկ ամիս եղա Արե­ւել­յան Գերմանիայում։ Եթե այդ ժամանակ խորհրդային քաղաքացու հիմնական հոգսը կոշիկ, կարագ, սուրճ կամ երշիկ ճարելն էր, ապա ԳԴՀ-ի քաղաքացիներին հուզում էր երեք այլ հարց՝ ինչպե՞ս ավտոմեքենա ձեռք բերել, քաղաքից որքա՞ն հեռու «դաչա» կա­ռուցել, եւ որտե՞ղ անցկացնել ամառային հանգիստը՝ Վառնայում, թե՞ Սոչիում (արեւ­մտյան երկրներ նրանց մուտքն արգելված էր)։ Չնայած այս ամենին, սակայն, Գեր­մա­նիայի միավորումից հետո արեւելյան երկրամասերի ողջ արդյունաբերությունը, կարելի է ասել, բուլդոզերներով հավասարեցրին հողին։ Անցած 18 տարիների ընթացքում նախ­կին Գերմանական Դեմոկրատական Հանրապետության տարածքում ներդրվեց ավելի քան 500 միլիարդ դոլար։ Այնուամենայնիվ, մասնագետների գնահատմամբ, դեռեւս 50 տարի է պետք, որպեսզի Արեւելյան Գերմանիայի տնտեսության մակարդակը հավա­սար­վի Արեւմտյան Գերմանիայի մակարդակին։

Այսպիսով, խորհրդային արդյունաբերությունը հզոր, կենսունակ ու ինքնաբավ էր թվում՝ աշխարհից մեկուսացած, ժամանակակից տեխնոլոգիաներից զուրկ, փակ, լագե­րա­յին համակարգում։ Այդպիսի համակարգի փլուզումն, ինքնաբերաբար, չէր կարող չհանգեցնել արդյունաբերության անխուսափելի վախճանի, ինչը այս կամ այն չափով տե­ղի ունեցավ Միության բոլոր նախկին հանրապետություններում։ Ընդ որում, Խորհրդային տնտեսության քայքայումն սկսվել էր կայսրության փլուզումից էլ առաջ։ 1988-1991 թվականներին արդեն իսկ լրջագույն խնդիրներ էին ծագել ձեռնար­կու­թյուն­ների փոխադարձ պարտավորությունների կատարման, հումքի, պահեստամասերի, կոմպ­լեկտավորող սարքերի մատակարարման բնագավառներում, ձեռնարկությունների միջեւ կուտակվել էին հսկայական փոխադարձ պարտքեր, բյուջեի տարեկան ճեղք­ված­քը կազմում էր 400-500 միլիարդ ռուբլի, լիովին սպառվել էին պետության ոսկու պա­հուստները։ Պավլովի վարչապետության օրոք սառեցվել էին խնայբանկերում տեղա­դրված ավանդները, դոլարի համեմատ ռուբլին արժեզրկվել էր մոտ հիսուն անգամ, սկսվել էր օր օրի սաստկացող սղաճը, որը շուտով պիտի հասներ ահռելի չափերի եւ այլն։ Խորհրդային ծաղկուն տնտեսության մասին խոսողները, չգիտես ինչու, նաեւ մո­ռացության են մատնում խանութների դատարկ ցուցափեղկերն ու դարակները, կիլո­մետրանոց հերթերը, մսի, կարագի, սուրճի, բրնձի, ձավարեղենի, ծխախոտի կտրոն­նե­րը, էլ չխոսած այն մասին, որ նոր տարվա նախօրյակին ջերմուկ, լիմոնադ եւ թթվա­սեր հայթայթելը հավասարազոր էր սխրանքի։

Վերջիվերջո ժամանակն է հասկանալ, որ Խորհրդային Միությունը փլուզվեց գլխա­վորապես 1980-ական թվականների առաջին կեսից սկսված տնտեսական գահավիժման պատճառով։ Ո՛չ մի «Ղարաբաղ կոմիտե», ո՛չ մի Բալթյան ժողովրդական ճակատ, ո՛չ մի Սախարովյան դեմոկրատական շարժում չէր կարող կայսրությունը կործանել, եթե այն ծաղկուն տնտեսություն ունենար։ Այդ տնտեսության էությունը լիովին ըմբռնելու հա­մար, կարդացեք Եգոր Գայդարի համաշխարհային ճանաչման արժանացած գրքերը։

Խորհրդային Միության բոլոր նախկին հանրապետություններին բաժին ընկած ող­բա­լի վիճակը Հայաստանում ծանրանում էր չորս հավելյալ եւ առանձնահատուկ գոր­ծոնների՝ Աղետի գոտու, 300 հազար փախստականների, շրջափակումների եւ պատե­րազ­մի առկայությամբ։ Դնեիք այդ պայմանների մեջ որեւէ այլ պետություն, եւ կտես­նեիք, թե ինչպես կդասավորվեր նրա բախտը։ Ես չեմ ուզում ծանրանալ բազմիցս չարչրկված այս գործոնների վրա, այլ կբավարարվեմ հետեւյալ հաստատումով.
Չնայած այս լրացուցիչ դժվարություններին, Հայաստանը Անկախ պետությունների համագործակցության անդամ-երկրներից առաջինն էր, որ 1994 թվականին ոչ միայն հաղթահարեց տնտեսության անկումը, այլեւ սկսեց ապահովել կայուն տնտեսական աճ, որը, ինչպես նշեցինք նախորդ հանրահավաքի ելույթում, ժամանակին գնահատել է նաեւ Ռոբերտ Քոչարյանը։ Եթե սրան ավելացնենք, որ այդ նույն թվականին հաղ­թա­նա­կով ավարտվեց նաեւ Արցախյան պատերազմը, ապա դժվար է չհամաձայնել, որ դա մի այն­պիսի սխրանք էր, որն իր նախադեպը չունի հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ։

Երեւույթները «Կարշոլկի ֆաբրիկայի» պարտկոմի կամ Կեւորկովի օգնականի տե­սանկյունից գնահատողների համար, իհարկե, անհնար է ընկալել այս ամենը։ Տա­րա­ծելով Խորհրդային Հայաստանի ծաղկուն արդյունաբերության քայքայման միֆը, Ռո­բերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ձեզանից ուզում են խլել, ահա, այդ սխրանքը, ոտ­նահարել ձեր արժանապատվությունը, ինչպես քոչվորաբար ոտնահարել են այս երկրի բոլոր սրբությունները։

«Վայրենի սեփականաշնորհում»

Սեփականաշնորհումը կամ մասնավորեցումը ցանկացած պետության ամենա­ցա­վոտ խնդիրներից մեկն է։ Աշխարհում դեռ չի եղել դեպք, որ սեփականության վերա­բաշխման որեւէ լայնածավալ կամ թեկուզ մասնակի միջոցառում հասարակական շեր­տերում կասկածներ, դժգոհություններ եւ նույնիսկ հուզումներ չառաջացնի։ Ուստի ես ամենայն հանդարտությամբ եմ վերաբերվում իբրեւ-թե մեր օրոք իրականացած «վայ­րենի սեփականաշնորհմանն» առնչվող խոսակցություններին, քանի որ, միեւնույն է, ամե­նաիդեալական սեփականաշնորհման պարագայում անգամ հնարավոր չէր լինի խուսափել այդ տիպի խոսակցություններից։ Միշտ էլ կգտնվեին մարդիկ, ովքեր բաժին չստանալով սեփականաշնորհման արդյունքներից, չէին հավատա իշխանությունների ազնվությանը, էլ չեմ խոսում քաղաքական շահարկումների մասին։

Այսօր, կարծում եմ, ամենահարմար ժամանակն է ներկայացնելու սեփականա­շնորհ­ման բնագավառում նախկին եւ ներկա իշխանությունների գործունեության հաշ­վեկշիռը։ Արդ, ի՞նչ է սեփականաշնորհվել նախկին իշխանությունների օրոք.

- Գյուղատնտեսական նշանակության ողջ հողատարածքը, անասնագլխաքանակը եւ գյուղտեխնիկան, բացի հողի 20%-ը կազմող պետական պահուստից, որը նախա­տես­ված էր աճող եւ նոր ձեւավորվող ընտանիքների համար։

- Ողջ պետական բնակարանային ֆոնդը, որը անվճար տրամադրվեց քաղաքնե­րում եւ ավաններում գրանցված բոլոր ընտանիքներին։

- Հանրապետության բոլոր ոչ ստրատեգիական ձեռնարկությունների սեփակա­նու­թյան 20 տոկոսը, որը անհատույց շնորհվեց այդ ձեռնարկությունների կոլեկտիվներին։

- Սեփականաշնորհման 1994-1995 թթ. առաջին ծրագրում ընդգրկված ձեռնարկու­թյուն­ների 60 միլիարդ դրամի ընդհանուր արժողությամբ գույքը, որը 20-հազարական դրամի վաուչերներով հավասարաչափ բաշխվեց ողջ բնակչությանը։

- Շուրջ 5000 փոքր ձեռնարկություններ՝ կրպակներ, խանութներ, վարսավիրա­նոց­ներ, արհեստանոցներ եւ այլն, որոնք վաճառվեցին քաղաքացիներին՝ կոլեկտիվների հա­մար վերապահված գնման առաջնահերթության իրավունքով։

- Սննդի ու թեթեւ արդյունաբերության մոտ 1250 միջին եւ խոշոր ձեռնարկու­թյուն­ներ (առ 1.01.1998), որոնք թեեւ թվով կազմում էին Հայաստանի այդ մասշտաբի ձեռնար­կու­թյունների 60 տոկոսը, բայց արտադրական ծավալով՝ միայն շուրջ 40 տոկոսը, այն էլ՝ չընդգրկելով ստրատեգիական նշանակության ոչ մի ձեռնարկություն, բացառությամբ Հայ­ռուսգազարդի գործարքի, որի մասին կխոսվի ստորեւ։

Առանձնահատուկ խոսակցության առարկա է նախկին իշխանությունների իրա­կանացրած հողի սեփականաշնորհումը կամ ագրարային ռեֆորմը։ Հայաստանը միու­թե­նական հանրապետություններից առաջինն էր, որ դեռեւս 1991 թվականին, Խորհրդա­յին կայսրության գոյության պայմաններում, կյանքի կոչեց այդ բարեփոխումը՝ երկիրն, առանց չափազանցության, փրկելով սովից։ Դա պարզվեց մանավանդ այն բանից հետո, երբ 1992 թ. օգոստոսին փակվեց Աբխազական երկաթուղին, եւ Հայաստանի շրջափա­կու­մը լիակատար դարձավ։ Ստեղծվել էր այնպիսի մի վիճակ, երբ արտասահմանում գնված սննդամթերքի բեռներ ունենալու պարագայում անգամ, Հայաստանը, հաղորդակ­ցության ճանապարհների բացակայության պատճառով, ի վիճակի չէր ներկրել դրանք։ Մեզ հաջողվեց մասամբ հաղթահարել շրջափակումը եւ Թուրքիայի ճանապարհով Հայաստան փոխադրել ավելի քան 50 հազար տոննա ցորեն, բայց դա ընդամենը երկու ամսվա պաշար էր։ 1993-ի մարտին, Քելբաջարի գրավումից հետո, փակվեց նաեւ Թուր­քիայի ճանապարհը, եւ մենք հարկադրված եղանք մեր կարիքների գոնե մի մասը բա­վարարել Փոթիի նավահանգստի եւ համարյա անգործության մատնված Վրացական եր­կաթուղու հնարավորությունների օգտագործման միջոցով։ 1992-1994 թվականներին եր­կի­րը համարյա ամբողջությամբ մնաց գյուղացու հույսին, որը, թեկուզ զուտ մկանների հաշվին, քիչ թե շատ կերակրեց ոչ միայն իրեն, այլեւ քաղաքներում բնակվող իր հա­րազատներին։ Եթե ժամանակին չիրականացվեր հողի սեփականաշնորհումը, ապա գյուղական նոմենկլատուրան թալանած կլիներ կոլխոզների ու սովխոզների սեփա­կա­նությունը (ինչպես տեղի ունեցավ այլ հանրապետություններում), եւ Հայաստանը ցրտից ու մթից բացի անխուսափելիորեն կմատնվեր նաեւ սովի։ Այդ պարագայում, ինքնըստ­ինք­յան հասկանալի է, ոչ միայն կվտանգվեր մեր երկրի գոյությունը, այլեւ անհնար կդառնար թե՛ պատերազմի հաղթական ավարտը, թե՛ Արցախի ազատագրումը։ Ուստի, եթե այսօր Հայաստանը կանգուն է, եթե այսօր Արցախն ազատ է, ապա դրա համար մենք առաջին հերթին պարտական ենք սեփականատեր հայ գյուղացու առայժմ չգնահատված սխրանքին։

Իսկ այժմ տեսնենք, թե ի՞նչ է սեփականաշնորհվել ներկա իշխանությունների օրոք.

- Ծանր արդյունաբերության շուրջ 750 միջին եւ խոշոր ձեռնարկություններ, որոնք, ինչպես վերը նշվեց, կազմում էին Հայաստանի արտադրական ծավալների մոտ 60 տո­կոսը։ Դրանց թվում ընդգրկված էին նաեւ ստրատեգիական նշանակության համարյա բո­լոր ձեռնարկությունները, ինչպես, օրինակ, հիդրոէլեկտրակայանները, էներգետիկ ցան­ցը, Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային կոմբինատը, քաղաքացիական ավիացիան, Արմենթելը, Կոնյակի գործարանը եւ այլն։

- Հայաստանի համարյա բոլոր շահագործվող եւ նույնիսկ միայն հետազոտված հան­քերը, որոնք չնչին գներով վաճառվել են հիմնականում երկրի բարձրաստիճան պաշ­տոնյաներին, իսկ մասամբ օտարերկրյա սեփականատերերի։

- Հանրապետության գյուղատնտեսական նշանակության հողատարածքի 20 տոկո­սը կազմող պետական պահուստը, որը նույնպես սիմվոլիկ գնով բաշխվել է պետական պաշտոնյաների միջեւ։

- Քաղաքների, մասնավորապես Երեւանի՝ շինարարական աշխատանքների հա­մար պիտանի բոլոր տարածքները, ներառյալ զբոսայգիներն ու կանաչ գոտիները։

- Պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող համարյա բոլոր շի­նու­թյուններն ու հողատարածքները, բացի մի քանի հարյուր վարչական շենքերից, որոնք առայժմ չեն հանվել վաճառքի։

- Հանրապետության հանգստի գոտիների, մասնավորապես Ծաղկաձորի, Սեւանի ավազանի, Դիլիջանի, Հանքավանի, Աղվերանի անտառներն ու անտառտնտեսությանը պատկանող գույքն ու շինությունները եւ այլն։

- Այս ամենին պետք է գումարել նաեւ «գույք պարտքի դիմաց» հայտնի գործարքը, որով Հայաստանը Ռուսաստանին հանձնեց «Մարս» արտադրական միավորումը, «Մեր­գելյան» ինստիտուտն ու գործարանը, Հրազդանի ՋԷԿ-ի անավարտ բլոկը եւ Նյու­թա­բանության գիտաարտադրական ձեռնարկությունը՝ հետագայում, այլ դրդապատ­ճառ­ներով դրանց թվում ընդգրկելով նաեւ Սեւան-Հրազդան կասկադը եւ Արմավիրի ատո­մա­կայանի ֆինանսական կառավարման իրավունքը։ 100 միլիոն դոլարի պարտքը այն գումարը չէր, որի վճարման հարցը հնարավոր չլիներ լուծել Ռուսաստանի հետ։ Տվյալ գործարքում Ռուսաստանը որեւէ մեղք չունի, եւ միանգամայն անտեղի են նրա հասցեին հնչող տարբեր տիպի դժգոհությունները։ Ինչպես հայտարարել է Ռուսաստանի նախա­գահ Վլադիմիր Պուտինը, գործարքի նախաձեռնողները եղել են Հայաստանի իշխանու­թյուն­ները։ Նրանց այդ քայլին մղել է, ըստ երեւույթին, ռուսական պարտքի տոկոսները վճարելու հոգսից ազատվելու եւ իրենց գործը հեշտացնելու միտումը՝ հաշվի չառնելով այն հանգամանքը, թե այդ անհեռատես ու անպատասխանատու քայլով ինչպիսի վնաս են հասցրել հայ-ռուսական բարեկամական հարաբերություններին։

Հարկ է հատուկ կանգ առնել նաեւ «Հայռուսգազարդի» գործարքի վրա, որը թեեւ կնքվել է նախկին իշխանությունների օրոք, բայց հետագայում, Քոչարյանի տերմինով, ունե­ցել է որոշ «հետաքրքիր» զարգացումներ։ 1997 թվականին ստորագրված պայմա­նա­գրի համաձայն՝ «Ռուսգազարդին» բաժին էր ընկել համատեղ ընկերության կապիտալի 45 տոկոսը, «ԻՏԵՐԱ»-ին՝ 10 տոկոսը, իսկ հայկական կողմին՝ մնացյալ 45 տոկոսը, ի դի­մաց նախկին «Հայգազի» գույքի արժեքի։ Ռուսական կողմն իր մասնաբաժինը պարտա­վոր­վել էր վճարել գազով, որը չորս տարի պիտի ձրի մատակարարվեր Հայաստանին։ Հան­րապետության ներկա իշխանություններն այդ գազաքանակն սպառեցին երկու տա­րում, որից հետո Ռոբերտ Քոչարյանը կառավարության նիստերից մեկում զայրացած բարձրացրեց այն հարցը, թե ուր է Հայաստանում վաճառված գազից ստացված 148 մի­լիոն դոլարը։ Դրանից հետեւում է, որ ձրի ստացված գազը երկու տարի վաճառվել է հանրապետության բնակիչներին ու ձեռնարկություններին, իսկ վաճառքի դիմաց առա­ջացած ահռելի գումարը՝ գրպանվել իբրեւ-թե Քոչարյանին անհայտ մարդկանց կողմից։ Սակայն նախագահի բարձրացրած հարցը մնաց հարց, քանի որ դրանով չզբաղվեց ո՛չ ֆինանսների նախարարության վերահսկողական վարչությունը, ո՛չ էլ դատա­խա­զու­թյու­նը։ Եւ այդպես էլ մինչեւ օրս անհայտ է, թե ինչ ավարտ ունեցավ այդ չարաբաստիկ 148 միլիոն դոլարի պատմությունը։ Ուստի կարծում եմ, այժմ արդեն մեր հերթն է հարց տալու. «Պարոն նախագահ, ո՞ւր է այդ 148 միլիոն դոլարը»։ 2006 թվականին, երբ գազի գնի շեշտակի բարձրացումից հետո Հայաստանն սկսեց նոր պարտքեր կուտակել «Ռուս­գազարդի» մատակարարումների դիմաց, մեր իշխանությունները, կրկին իրենց գործը հեշտացնելու համար, համաձայնեցին վերանայել «Հայռուսգազարդի» մասնաբա­ժին­նե­րը։ Այժմ այդ ընկերությունում «Ռուսգազարդն» արդեն ունի 57,59 տոկոս, «ԻՏԵՐԱ»-ն՝ 7,7 տո­կոս, իսկ հայկական կողմը 34,7 տոկոս։ Սակայն անգամ այս պայմաններում գազի գնման դիմաց Հայաստանի պարտքերը շարունակում են կուտակվել, որոնք բնա­կա­նա­բար մնալու են հաջորդ կառավարությունների, իսկ վերջին հաշվով, ժողովրդի ուսերին։

Սեփականաշնորհման բնագա­վա­ռում ներկա իշխանությունների կատա­րած ամե­նամեծ հանցանքը տնտեսու­թյան համարյա լիակատար մոնոպոլի­զացիան է, ինչի պատ­ճառով գրեթե վե­րացման եզրին է հասել փոքր բիզնեսը։ Միջին խավը ներ­կայացնող ձեռնար­կա­տերերի եւ գործարարների մեծ մասը, վաղուց արդեն կորցնելով իր անկա­խու­թյունը, ընկել է մեծածախ առեւտրով զբաղվող մենաշնորհային ընկերու­թյուն­ների ցանցը։ Խանութների, բենզալցակայանների, սպասարկման ոլորտի հիմնարկների շուրջ 70 տոկոսի իրական տերերն արդեն այդ ընկե­րու­թյուններն են։ Սերժ Սարգսյանի գլխա­վորած կառավարությունը որոշել է հան­րապետության միջին խավին հասցնել վերջին կործանիչ հարվածը՝ 2008 թ. հունվարի 1‑ից դադարեցնելով «Պար­զեցված հարկի օրենքի» գործո­ղու­թյու­նը, որը տարածվում էր մոտ 30 հազար ձեռնարկությունների վրա։ Ան­կախ այն բանից, թե տնտեսագիտորեն որքանով է հիմնավորված այդ որո­շու­մը, տվյալ իրավիճակում դրա կիրառման ան­մի­ջական դրդապատճառն ակնհայտ է, այն է՝ ավելի ծանրացնել միջին խավին պատկանող ձեռնարկությունների հար­կա­յին բեռը, իսկ խոշոր հարկատուների անօրինական մուծումները ծառայեցնել նախընտրական նպա­տակներին։ Թե ինչ աղետալի հետեւանքներ կարող է ունենալ այս կամայականությունը, կա­ռավարությանն այսօր բոլորովին չի հուզում։

Ինչպես տեսանք, նկատի ունենալով արդյունաբերության եւ պետական գույքի բնագ­ավառները, Հայաստանի ներկա իշխանությունները շուրջ երկու անգամ ավելի ունեցվածք են սեփականաշնորհել, քան նախկինները։ Այստեղ, ի դեպ, որեւէ կրիմինալ չկա։ Ընդհակառակը, ներկա իշխանությունները դրվատանքի են արժանի՝ սեփա­կա­նաշնորհման գործընթացը ավարտին հասցնելու համար։ Կրիմինալը ջրի երես է դուրս գալիս այն ժամանակ, երբ քննում ենք, թե ինչպե՛ս է իրականացել այդ սեփակա­նա­շնոր­հու­մը, որքանո՛վ է այն համապատասխանել օրենքի տառին, ի՛նչ գնով են վաճառվել ձեռ­նարկությունները, որքա՛ն թափանցիկ եւ օրինական են եղել աճուրդները, սեփակա­նա­շնորհումից ստացված գումարների ո՛ր մասն է մտել պետական բյուջե, սեփա­կա­նաշնորհման գործընթացում ի՛նչ դեր է խաղացել հովանավորչությունը եւ այլն։

Հեռուն չգնալու համար՝ փորձեք հիշել կամ պարզել, թե ինչպիսի՛ աճուրդների մի­ջո­ցով եւ ի՛նչ գնով են վաճառվել Հայաստանի ձեռնարկությունները, կամ ո՛ւմ են պատ­կա­նում, ասենք, Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային կոմբինատը, Արարատի եւ Հրազ­դա­նի ցեմենտի գործարանները, Հայկական ավիացիան, Արդշինինվեստբանկը, Խնայ­բան­կը, հանրապետության էլեկտրացանցերը, «Կապույտ Սեւան» հանգստարանը, «Լեչ­կոմիսիա» եւ «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցները, Սեւանի «Սերֆինգ կլուբ» հյու­րա­նոցային համալիրը, երկրի համարյա բոլոր սեփականաշնորհված վարչական շեն­քերը, Երեւանի ամենաարժեքավոր հողատարածքները, քաղաքային եւ միջքաղաքային երթուղային գծերը եւ այլն։

Փորձեք հիշել կամ պարզել նաեւ, թե ո՛ր կենդանակերպի նշանի տակ ծնված եր­ջա­նի­կին են պատկանում թեկուզ Խորհրդային Հայաստանի վարչական միավորներից մե­կի՝ Արտաշատի շրջանի հետեւյալ ձեռնարկությունները. Արտաշատի գինու գործա­րա­նը, նույն քաղաքի մեխանիկական գործարանը, Շահումյան գյուղի շարժական մեքենա­յաց­ված շարասյունը, այդ գյուղում տեղակայված գյուղշին 5-րդ տրեստի ավտոպարկը, Արտաշատի «Սիրիուս» գործարանը, Արտաշատի կենցաղսպասարկման շենքը՝ վերած­ված կազինոյի, «Արտաշատ» գաստրոնոմը, Արտաշատի հին բաղնիքը, նույն քաղաքի հյու­րանոցի ռեստորանը, Մխչյան գյուղի գինու գործարանը, շրջանի բոլոր գազալցա­կա­յանները, Մխչյանի ավտոձեռնարկությունը, Մխչյանի բետոնի գործարանը, Արաքս գե­տի երեք ավազահանքեր, հազարավոր հեկտար կազմող հողատարածքներ ու հանքա­վայ­րեր Նարեկ, Քաղցրաշեն, Ուրցաձոր, Գոռավան գյուղերում եւ Արարատի մարզի այլ բնակավայրերում։

Փորձեք պարզել այս ամենը, ինչպես նաեւ բյուրավոր նման դեպքեր, եւ ձեզ համար շոշափելի կդառնա, թե իրենից ինչ է ներկայացնում քոչորայանական սեփականաշնոր­հու­մը, եւ թե որքան «բարեկիրթ» է այն՝ նախկինների օրոք իրականացված «վայրենի» սե­փականաշնորհման համեմատ։ Ի դեպ՝ ավելորդ չէ նշել, որ նախկին իշխանությունների օրոք իրականացված սեփականաշնորհման հետ կապված համարյա ոչ մի գործարք կամ որոշում չի վերանայվել կամ չեղյալ հայտարարվել ներկա իշխանություններին ենթակա դատարանների կողմից։ «Վայրենի» սեփականաշնորհման առասպելի ավելի սպառիչ հերքում՝ դժվար է պատկերացնել։

2007-12-08

Սիրելի հայրենակիցներ,

Լ. Տեր-Պետրոսյանը եւ Շուշան ՓաշինյանըԻնչպես հիշում եք, Կոնգրեսի հաջորդ հանրահավաքը նշանակելով սեպտեմբերի 18-ին, մենք խոստացել էինք՝ անհրաժեշտության պարագայում կազմակերպել նաեւ միջանկյալ հանրահավաքներ ու այլ միջոցառումներ։ Այսօրվա հանրահավաքն, ահա, դրանցից մեկն է, որի առիթն, անշուշտ, քաղբանտարկյալների մի զգալի մասի ազատ արձակումն  


Սիրելի հայրենակիցներ,

Մայիսի 31-ի ընտրությունները եւս մեկ անգամ բացահայտեցին Հայաստանի ներկա իշխանությունների հակաժողովրդական, բռնատիրական էությունը եւ նշանավորեցին նրանց հետ հույսեր կապելու լիակատար անհեռանկարայնությունը։ Եթե ինչ-որ մարդիկ դեռ պատրանքներ ունեին, թե այս իշխանություններն ընդունակ են բարեփոխվելու եւ պետական մտածողություն դրսեւորելու, ապա այդ պատրանքները հօդս ցնդեցին։ Մենք ականատեսը եղանք ընտրական գործընթացի կատարյալ քրեականացման՝ իրականացած ինչպես պետական  


Սիրելի հայրենակիցներ,

Այսօր ես կջանամ զերծ մնալ Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության համակարգավորված վերլուծությունից, բավարարվելով միայն ներկա իրավիճակից բխող որոշ դիտարկումներով։ Դա բացատրվում է նրանով, որ մենք, ըստ էության, ավարտում ենք պաշտոնական քարոզարշավը, եւ մեզ ընդամենը մնում է մի քանի լրացուցիչ շեշտադրումներ կատարել։ Դրանք, իմ կարծիքով, նախ անհրաժեշտ են՝ քաղաքացիների մոտ դեռ մինչեւ վերջ չպարզված հարցերը լուսաբանելու, եւ ապա՝ քվեարկության օրը ճիշտ կողմնորոշվելու  


Սիրելի հայրենակիցներ,

Նախ եւ առաջ կցանկանայի հանձինս ձեզ շնորհավորել մեր ողջ ժողովրդին աշխատավորների համերաշխության միջազգային տոնի առթիվ, որի այժմեականությունը մանավանդ կարեւորվում է Հայաստանի ներկա անմխիթար իրականության հանգամանքով։

Մարտի 1-ի հանրահավաքից անցել է ուղիղ երկու ամիս՝ կարճատեւ մի ժամանակամիջոց, սակայն հագեցած բազմաթիվ նշանակալի գործընթացներով ու իրադարձություններով, որոնցից ձեր ուշադրությանն եմ ուզում ներկայացնել հետեւյալ չորսը.

  

Սիրելի հայրենակիցներ,

Լեւոն Տեր-Պետրոսյան. 01.03.2009Պատկերացնելու համար, թե ինչպիսի կարծիք է ձեւավորվել Արեւմուտքում Հայաստանի մասին, բավական է ուշադրություն դարձնել հետեւյալ հատկանշական փաստի վրա։ Վերջերս ադրբեջանցի լրագրողներից մեկի հարցին, թե «ինչո՞ւ է քաղբանտարկյալների խնդրում ԵԽԽՎ-ն երկակի չափանիշներ կիրառում, մասնավորապես հրաժարվելով ընդունել, որ Հայաս­տանում  


Liebe Mitbürger, besser gesagt, sehnsüchtige Mitbürger!

2009-03-01_Levon Ter-PetrossianUm sich ein Bild davon zu machen, welche Meinung sich in Europa über Armenien etabliert hat, genügt es, der folgenden, wichtigen Tatsache Aufmerksamkeit zu schenken.

Vor kurzem hat der für Aserbaidschan zuständige Berichterstatter des Europarates, Andres Herkel, auf die Frage eines aserbaidschanischen Journalisten, warum der Europarat in der Frage der politischen Gefangenen nach zweierlei Maßstäben handele, und insbesondere nicht offiziell festhalte, dass es in Armenien politische Gefangene gibt, folgende  


Սիրելի համախոհներ եւ բարեկամներ,

HAK-1-in-conferans.jpgՀայ ազգային կոնգրեսի ընթացիկ համաժողովը, որի խնդիրն է հստակեցնել Համաժողովրդական շարժման ռազմավարությունը, տեղի է ունենում բարդագույն քաղաքական իրավիճակում։ Բարդությունն, ընդ որում, վերաբերում է ոչ միայն Կոնգ­րեսի գործունեությանը, որն ընթանում է Շարժման դեմ սանձազերծված աննախադեպ հալածանքի ու բռնությունների պայմաններում, այլեւ  


Սիրելի հայրենակիցներ,

Սեպտեմբերի 26-ի հանրահավաքում ես ձեզ խոստացել էի առաջիկայում հանգամանորեն բացահայտել Համաժողովրդական շարժման կամ Հայ Ազգային Կոնգրեսի ռազմավարությունը, ոչինչ չթաքցնելով ձեզանից։ Այսօր եկել է այդ խոստումը կատարելու ժամանակը, ուստի խնդրում եմ համբերությամբ զինվել եւ հետեւել իմ ելույթի յուրաքանչյուր բառին։

Ես արդեն առիթ ունեցել եմ ձեր ուշադրությունը հրավիրելու աշխարհաքաղաքական այն աննախադեպ իրավիճակի վրա, որում Հայաստանը հայտնվել է վերջին ժամանակներս,  


Սիրելի հայրենակիցներ, ետընտրական բուռն իրադարձությունները, թոհուբոհը, որ մեր երկրում տիրում է վերջին 6 ամիսների ընթացքում, մեզ թույլ չեն տվել ընդհանուր հայացք ձգել Հայաստանում ծավալվող հիմնական գործընթացների վրա, որոնք խորքային են, որոնք չեն երեւում, եւ հասկանալ, թե իրականում ի՞նչ է տեղի ունենում մեր երկրում:

Այժմ ես կփորձեմ ձեզ հետ միասին, սա անձնական վերլուծություն չէ, այլ հավաքական վերլուծություն` հանրահավաքի մասնակցությամբ, հանդարտ եւ սառնասրտորեն վերլուծել ներկա իրավիճակը, ինչը եւ հնարավորություն կտա հստակեցնել  


Սիրելի հայրենակիցներ.

Կասկած չկա, որ քաղբանտարկյալների ազատ արձակումն ու մարտի 1-ի ոճրագործության իրական պատասխանատուների բացահայտումը շարունակում են մնալ հասարակությանը հուզող գլխավոր խնդիրները: Սակայն իրենց սրությամբ ու կարեւորությամբ հանդերձ, այդ խնդիրները մեզ չպետք է շեղեն Համաժողովրդական Շարժման բուն նպատակներից, որոնք են՝ սահմանադրական կարգի վերականգնումը, լիակատար ժողովրդավարության հաստատումը, իրավական պետության կերտումը եւ տնտեսական զարգացման պայմանների ստեղծումը: Այդ  


Սիրելի բարեկամներ.

Ետընտրական թոհուբոհում բոլորովին մոռացության է մատնվել պատմական այն նշանակալի իրողությունը, որ վերջապես ավարտվել է Ռոբերտ Քոչարյանի փառահեղ գահակալության տասնամյակը: Այդ բացը լրացնելու համար ես կփորձեմ ներկայացնել Քոչարյանի նախագահական շրջանի գործունեության սեղմ հաշվեկշիռը` ավելի համակողմանի քննությունը թողնելով ապագային:

Եվ այսպես. նախագահության տասը տարիների ընթացքում Ռոբերտ Քոչարյանը

• Կեղծ տեղեկանքի եւ ապօրինի  


Սիրելի՛ հայրենակիցներ, եղբայրներ, քույրեր, մայրեր, հայրեր եւ երեխաներ, սա մեր առաջին համահանրապետական հանրահավաքն է մարտի 1-ից հետո, ուստի օգտագործելով այս առիթը` ես նախեւառաջ խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգել մարտի 1-ի զոհերի հիշատակը։ Շնորհակալություն։

June202008(4).jpgՍովորական ետընտրական իրավիճակ չէ, որովհետեւ տեղի է ունեցել մարտի 1-ը, որովհետեւ հանցավոր ավազակախումբը, թաթար-մոնղոլական ռեժիմը  


Սիրելի հայրենակիցներ եւ զինակիցներ,

Հայաստանի համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսը տեղի է ունենում չափազանց բարդ իրադրության պայմաններում։ Ընդ որում, բարդությունը ոչ միայն իրավիճակային է, այլեւ իմացաբանական, քանի որ հասարակությունը կանգնած է վերջին շրջանի բուռն իրադարձությունների ընկալման եւ վերաիմաստավորման անհրաժեշտության առջեւ։ Կուտակված անթիվ հարցերի պատասխանը հնարավոր է տալ միայն իրադարձությունների խոր եւ համակողմանի վերլուծությունից հետո։ Այդ խնդիրը, սակայն, թողնելով ապագային, սույն  


(Կարդալ ելույթի առաջին մասը)

Հասարակության պառակտում, թե՞ միավորում

Թե՛ միջազգային կազմակերպությունները, թե՛ քաղաքագիտական շրջանակները, եւ թե՛ լրագրողներից շատերը խոր անհանգստություն են արտահայտում ետընտրական շրջանում Հայաստանում տիրող հասարակական պառակտվածության առթիվ, եւ որպես դրա հաղթահարման ամենաբուժիչ դեղամիջոց առաջարկում կառուցողական երկխոսությունը քաղաքական ուժերի միջեւ։  


Սահմանադրական դատարանի մեծարգո նախագահ,

Սահմանադրական դատարանի մեծարգո անդամներ,

Ես միանգամից պետք է ասեմ, որ ես զերծ կմնամ իրադրության քաղաքական գնահատականից եւ կանգ կառնեմ մի քանի զուտ իրավական շեշտադրումների վրա: Թեեւ իմ իրավաբանական թիմը դրանց անդրադարձել է, սակայն ես անհրաժեշտ եմ համարում անել դա: Այնուամենայնիվ, քանի որ սա իմ առաջին հրապարակային ելույթն է մարտի 1-ի առավոտյան ժամը 6,30-ից հետո, ես ուզում եմ առիթից օգտվելով խորին ափսոսանք արտահայտել մարտի 1-ի ողբերգության  


ՀՀ Առաջին նախագահ Լեվոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2008 թվականի հունվարի 22-ին Երեվանի Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում

Սիրելի հայրենակիցներ,

1. Իմ բազմաթիվ սխալների շարքում ամենամեծը, թերեւս, այն էր, որ ես հրաժարական տվեցի փետրվարի 3-ին, ինչի պատճառով ընտրարշավը համընկնում է այսքան ցուրտ շրջանի. եթե իշխանությունից հրաժարվեի ապրիլին կամ մայիսին, ապա ձեր վիճակը շատ ավելի բարվոք կլիներ։ Մեղքս մասնակիորեն քավելու համար այսօր ձեզ չեմ ձանձրացնի երկարաշունչ  


Հարգելի գործընկերներ,

Ինձ սատարող քաղաքական ուժերի եւ համաժողովրդական նոր Շարժման ակ­տի­վիստների այս հավաքը կոչված է ամփոփելու նախընտրական գործըն­թա­ցի առաջին փու­լի արդյունքները եւ ուրվագծելու մեր հետագա գործու­նեության խնդիրները: Թեեւ սա զուտ աշխատանքային հանդիպում է, որը թեկուզ տակտիկական առումով են­թա­դրում է որոշակի գաղտնապահություն, սակայն ես, հավատարիմ մնալով թա­փան­ցիկ, հրա­պա­րա­կային քաղաքա­կա­նու­թյան մեր որդեգրած սկզբունքին, կնախ­ընտ­րեի այս ամենի  


Ելույթ Ազատության հրապարակում 2007 թ. նոյեմբերի 16-ին տեղի ունեցած հանրահավաքում:

 

Սիրելի հայրենակիցներ,

Նախ եւ առաջ ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել այն բոլոր կուսակցություններին եւ հասարակական կազմակերպություններին, որոնց ղեկավարները քիչ առաջ հրապարակեցին իմ թեկնածությունը պաշտպանելու վերաբերյալ կայացրած իրենց որոշումները:  


Երիտասարդությանը ասում է ՀՀ առաջին նախագահը

Նոյեմբերի 3-ին Երեւանի "Արմենիա-Մարիոթ" հյուրանոցի "Տիգրան Մեծ" սրահում տեղի ունեցավ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը երիտասարդության ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցում էին շուրջ 1700 երիտասարդներ, որոնք ներկայացնում էին հանրապետության բոլոր մարզերը, եւ քաղաքական տարբեր ուժեր: Հանդիպումը անցավ բացառիկ ջերմ մթնոլորտում. ստորեւ ներկայացնում ենք հանդիպման պաշտոնական սղագրությունը: Հանդիպումը սկսվում է Լեւոն Տեր-Պետրոսյանի  


Ելույթ Ազատության հրապարակում 2007 թվականի հոկտեմբերի 26–ին տեղի ունեցած հանրահավաքում


Սիրելի հայրենակիցներ,

1988 թվականի հուժկու համաժողովրդական շարժման սկզբնավորումը հիշեցնող այս մթնոլորտը հուշում է ելույթս վերնագրել «Իրերն իրենց անունով կոչելու եւ հաշիվ պահանջելու ժամանակը»: Դա անհրաժեշտ է՝ նախ եւ առաջ ամփոփելու համար Քոչարյանի նախագահության տասնամյա ժամանակաշրջանը, եւ երկրորդ՝ հստակ պատկերացնելու  


21 Սեպտեմբեր, 2007

Սիրելի բարեկամներ.

16 տարին ե՛ւ շատ կարճ, ե՛ւ շատ երկար ժամանակ է՝ նկատի ունենալով մեր Հայաստանի պատմությունը:

Եթե ոչինչ չասենք, բավական է հիշել, որ մեր նորանկախ պետությունը արդեն հինգ անգամ ավելի երկար կյանք է ունեցել, քան Հայաստանի առաջին անկախ Հանրապետությունը: Մենք հասկանում էինք, որ անկախությունը դժվար ճանապարհ է լինելու մեզ համար, ոչ  


 
 
Բացիկներ

Ուղարկեք էլ. բացիկ

Վիդեո

  

 

 

Աուդիո
 
The Official Levon Ter-Petrosian for President Web Site   |   Made in ArattaDesign office@levonforpresident.com