Levon Ter-Petrosian
ՀիմնականԿենսագրությունՊատկերասրահՎիդեոԲացիկներՀետադարձ կապ
Levon Ter-Petrosian
ՆորություններԵլույթներՀարցազրույցներԾրագիրՄամուլԹիմ 2008
հայ | eng | рус
Hand Up
Ելույթներ
Քո կարծիքը
“Շնորհակալություն,որ կաք:Մեր հավատն ու հույսը կօգնի ձեզ իրականացնել բոլորիս ցանկություններն ու կունենանք մեր երեզած Հայաստանը:Ձեր օգնությամբ միայն:” - Իլլեն comment
ՀԻՄԱ

Hima

Subscribe
Enter your E-mail address:
 
 

Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎՈՒՄ

Սիրելի համախոհներ եւ բարեկամներ,

HAK-1-in-conferans.jpgՀայ ազգային կոնգրեսի ընթացիկ համաժողովը, որի խնդիրն է հստակեցնել Համաժողովրդական շարժման ռազմավարությունը, տեղի է ունենում բարդագույն քաղաքական իրավիճակում։ Բարդությունն, ընդ որում, վերաբերում է ոչ միայն Կոնգ­րեսի գործունեությանը, որն ընթանում է Շարժման դեմ սանձազերծված աննախադեպ հալածանքի ու բռնությունների պայմաններում, այլեւ պետության առջեւ ծառացած հրա­տապ խնդիրներին, որոնց լուծումը համարժեք քայլեր է պահանջում թե՛ իշխանու­թյուններից, թե՛ ընդդիմությունից։

Իշխանությունների վարքագծի ընտրությունը թողնելով իրենց, մենք, որպես ժո­ղովրդի առջեւ որոշակի պատասխանատվություն ունեցող քաղաքական ուժ, պար­տավոր ենք, առաջին հերթին, ճշտել մեր գործողությունների համարժեքությունը ստեղծ­ված իրավիճակին։ Իսկ դրա համար նախեւառաջ անհրաժեշտ է հստակ պատկերացում ունենալ այն մարտահրավերների մասին, որոնք այսօր կանգնած են Հայաստանի առջեւ։ Ինքնըստինքյան ակնհայտ է, որ դրանք երեքն են. ա. Ղարաբաղյան հակա­մար­տու­թյան մոտալուտ հանգուցալուծումը. բ. Միջազգային ֆինանսական ճգնաժամի ազ­դե­ցությունը երկրի տնտեսության վրա. գ. Սահմանադրական կարգի եւ ժողովրդա­վարական ազա­տությունների վերականգնման անհրաժեշտությունը։ Ըստ այդմ, հարկ եմ համարում ստորեւ առանձին-առանձին անդրադառնալ այդ մարտահրավերներին՝ շեշ­տը դնելով հատկապես նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ Շարժման դրսեւորելիք վերա­բեր­մունքի վրա։

Ա. ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՆԵՐԿԱ ՓՈՒԼԸ

Հոկտեմբերի 17‑ի հանրահավաքում ունեցած ելույթում ես տվել եմ Ղարաբաղյան կարգավորման գործընթացի ներկա փուլի հանգամանալից գնահատականը, որը, ելույթին հաջորդած զարգացումների լույսի ներքո, ոչ միայն չի փոխվել, այլեւ ավելի է ամրապնդվել։ Դրա վկայությունն են՝ նոյեմբերի 2‑ի Մոսկովյան հռչակագիրը, դեկտեմ­բերի 4‑ի Հելսինկյան հայտարարությունը, Մինսկի խմբի համանախագահների գործու­նեության ակտիվացումը, Սերժ Սարգսյանի հանդիպումները Ֆրանսիայի նախագահ Սարկոզիի եւ ՆԱՏՕ‑ի ղեկավարության հետ, ԱՄՆ‑ի պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի եւ Սերժ Սարգսյանի հեռախոսազրույցը, ԱՄՆ‑ի փոխպետքար­տուղար Դանիել Ֆրիդի այցելու­թյունն Ադրբեջան, թուրքական դիվանագիտության էլ ավելի աշխու­ժացումն առկա գործընթացում, բազմաթիվ օտարերկրացի պաշ­տո­նատար անձանց լավատեսական հայտարարությունները Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման վերաբերյալ, Հայաստանի Հանրապետության «Հանրաքվեի մասին» օրենքում կատար­ված հապշտապ փոփոխությունները, Հայաստանի իշխանությունների ակնհայտ քարոզ­չական ջանքերը հասարակությանը Ղարաբաղի հարցի լուծման գաղափարին նախա­պատրաստելու համար եւ այլն։ Այս ամենը՝ մի կողմից հաստատում է միջազգային հանրության վճռականությունը Ղարաբաղի խնդիրը շուտափույթ կերպով լուծելու հար­ցում, մյուս կողմից՝ Սերժ Սարգսյանի ակնհայտ պատրաստակամությունը՝ գնալու այդ լուծմանը։ Թե որոնք են վերջինիս՝ տվյալ քայլին դիմելու դրդապատ­ճառնե­րը, դրանց մասին ես մանրամասն խոսել եմ հիշյալ ելույթում, ուստի հարկ չեմ համա­րում կրկին անդրադառնալ այդ թեմային։

Վերը նշված զարգացումներից, անշուշտ, պետք է առանձնացնել Մոսկովյան հռչա­կագիրը, որը, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների համաձայնությամբ, վերջնա­կա­նապես ամրագրեց երկու կարեւորագույն սկզբունք. ա. Ղարաբաղյան կարգավորման հիմքում ընկած է լինելու Մադրիդյան առաջարկը. բ. Լեռնային Ղարաբաղի Հանրապե­տությունը չի մասնակցելու կարգավորման գործընթացին։ Մի երրորդ կարեւոր սկզբունք էլ հաստատվել է թուրքական դիվանագիտության կողմից, որի համաձայն՝ Ղարաբաղյան հակամար­տությունը եւ հայ-թուրքական հարաբերությունները կար­գա­վորվելու են փաթեթով, ինչի մասին վերջերս պաշտոնապես հայտարարեց Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ալի Բաբաջանը։ Սրանք շրջադարձային, կարելի է ասել, կարգավորման գործընթացին նոր որակ հաղորդող սկզբունքներ են, ուստի արժե մեկառմեկ անդրադառնալ դրանց։

ա. Մադրիդյան առաջարկը, որը Մինսկի խմբի համանախագահության կողմից պաշտոնապես հակամարտող կողմերին է ներկայացվել 2007 թ. նոյեմբերի 29‑ին, այս­պես կոչված, Պրագյան գործընթացի արգասիքն է։ Թեեւ Հայաստանի ներկա վար­չակազ­մը, նախորդի նման, ինչ‑որ խորհրդավորություն է ուզում ստեղծել կարգա­վոր­ման այդ ծրագրի շուրջ, սակայն Մադրիդյան սկզբունքներն, ըստ էության, այլ բան չեն, քան այն, ինչ ես տասը կետով ներկայացրել եմ հոկտեմբերի 17‑ի ելույթում։ Պատա­հական չէ, որ թեեւ այդ ելույթից հետո արդեն անցել է երկու ամիս, բայց իշխանության ոչ մի ներ­կա­յա­ցու­ցիչ դեռեւս չի հերքել նշված կետերը։ Սակայն սա չէ էականը, այլ այն առանձ­նա­հատուկ հանգամանքը, որ ստորագրելով Մոսկովյան հռչա­կագիրը, Սերժ Սարգս­յանը պաշտոնապես իր համաձայնությունն է տվել Մադրիդյան առաջարկին՝ հրա­ժարվելով նախորդ վարչակազմի «սկզբունքորեն համաձայն ենք» հերթապահ խու­սափողական պատասխանից եւ որոշակիություն մտցնելով Հայաստանի դիրք­որոշ­ման մեջ։ Նկատի ունենալով, որ Մադրիդյան առա­ջարկը պաշտոնապես ընդունել է նաեւ Ադրբեջանը, նշանակում է՝ Հայաստանն այլեւս նահանջի տեղ չունի, եւ Ղարաբաղյան կարգավորման գործընթացն այսուհետեւ զարգանալու է Մոսկովյան հռչակագրի գծած հունով։

բ. Կարգավորման գործընթացից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դուրս մնալու հանգամանքը կարեւորվում է, առաջին հերթին, հենց այս տեսակետից։ Որով­հետեւ եթե Ղարաբաղը պահպանած լիներ ԵԱՀԿ‑ի 1994 թ. Բուդապեշտյան գագաթնա­ժողովում ձեռք բերած հակամարտության լիիրավ կողմի իր կարգավիճակը, ապա, անկախ Հայաստանի եւ Ադրբեջանի կամքից, այսօր հնարավորություն կունենար մերժել Մադրիդյան առաջարկը, ինչպես ժամանակին մերժել է կարգավորման, այսպես կոչված, «Փաթեթային» եւ «Փուլային» տարբերակները։ Այսինքն, հայկական կողմը, փաստորեն, կորցրել է կարգավորման գործընթացում երկու սուբյեկտով հանդես գալու եւ մանեւ­րելու հնարավորություն ունենալու առավելությունը, չխոսած այլեւս այն մասին, որ կարգավորման գործընթացից Լեռնային Ղարաբաղի դուրսմղումը ծաղրի է վերածել նրա ինքնորոշման իրավունքը։ Այս ամենը տեղի է ունեցել, առաջին հերթին, Ռոբերտ Քոչար­յանի, Վարդան Օսկանյանի եւ Արկադի Ղուկասյանի մեղքով։ Մոսկովյան հռչակագիրը սոսկ ամրագրել եւ իրավականորեն վավերացրել է նրանց «պատմական ձեռքբերումը», եւ Հայաստանի ու Ղարաբաղի ներկայիս իշխանությունները ստիպված են հաշտվել այդ տխրահռչակ անձնավորությունների թողած խայտառակ ժառանգության հետ։ Անշրջելի է, արդյո՞ք, այս իրականությունը։ Դժբախտաբար՝ այո՛, քանի որ, ինչպես ասում են, բանը բանից անցել կամ գնացքը մեկնել է։ Իզուր չէ, որ այս ամենը նկատի ունենալով, դեռեւս անցյալ տարվա հոկտեմբերի 26‑ի ելույթում ես ահազանգել էի. «Անհրաժեշտ է վերա­դառնալ Ղարաբաղի հարցի կարգավորման նախկին ձեւաչափին, որում Ղարաբաղը ներ­կայացված էր որպես հակամարտության լիիրավ կողմ։ Հասկանալի է, որ դա ան­հնար է պատկերացնել Սերժ Սարգսյանի նախագահ ընտրվելու պարագայում, որը նույն­պես ղարաբաղցի լինելով, Քոչարյանի նման հավակնելու է բանակցություններում ներկայացնել նաեւ Ղարաբաղյան կողմը»։
Իրավիճակը, թերեւս այլ կլիներ, եթե թեկուզ այդ ահազանգից հետո Լեռնային Ղա­րաբաղի Հանրապետության ղեկավարությունը հայտարարեր, որ Հայաստանի իշխա­նու­թյուններին զրկում է իր անունից խոսելու իրավունքից։ Նման բան չարվեց, եւ այսու­հետեւ էլ չի արվելու, քանի որ Ղարաբաղի ղեկավարությունը, բազմաթիվ պարտավորու­թյուններով կապված լինելով Հայաստանի ավազակապետական վարչախմբի պարա­գլուխների հետ, համարձակություն չի ունենալու հակադրվել նրանց կամքին։ Մի՞թե ձեզ չի զարմացնում այն, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, տեղի‑անտեղի տրտնջալով կարգավորման գործընթացից Ղարաբաղի դուրս մնալու առթիվ, այդպես էլ չի կատա­րում այդ տարրական հայտարարությունը։ Թեեւ արդեն դժվար է ասել, թե այդ ուշացած քայլը որքանով կնպաստի վիճակի շտկմանը։

գ. Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտությունը եւ հայ-թուրքական հարա­բե­րությունները փաթեթով կարգավորելու ուրվագծվող սկզբունքին, ապա գործնական քաղաքականության եւ մեթոդաբանության առումով, դա, թերեւս, իրատեսական մոտեցում է։ Որովհետեւ միանգամայն ակնհայտ է, որ քանի դեռ Ղարաբաղի հարցը լուծված չէ, հայ-թուրքական հարաբերությունները չեն կարգավորվելու եւ հայ-թուր­քա­կան սահմանը չի բացվելու։ Սակայն մեթոդաբանական այդ սկզբունքի իրականացումը կախված է նրանից, թե որքան անկողմնակալ եւ կառուցողական կլինի Թուրքիայի դիրքորոշումը Ղարաբաղյան կարգավորման գործընթացում՝ մասնավո­րա­պես Ադրբե­ջա­նի վրա ազդեցություն գործելու եւ նրան փոխզիջման տրամադրելու առու­մով։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում թուրքա­կան կողմն, ակնհայտորեն, նկատի ունի նաեւ Ցեղասպանության հարցով հայ եւ թուրք պատմա­բանների համատեղ հանձնաժողովի ստեղծումը։ Մոռացված այս գաղափարը, որն անզգուշաբար քաղաքական օրակարգ մտավ Սերժ Սարգսյանի թեթեւ ձեռքով, կարող է լուրջ եւ անհարկի խոչընդոտներ հարուցել ինչպես Ղարաբաղյան հակամարտության, այնպես էլ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում, քանի որ ակնհայտ է, որ մի կողմից՝ Թուրքիան չի հրաժարվելու այդպիսի հանձնաժողով ստեղծելու սեւեռուն մտադրությունից, մյուս կողմից՝ Սարգսյանը, ամենամեծ ցան­կության դեպքում անգամ, հասարակական կարծիքի ճնշման տակ, չի կարողա­նալու դրականորեն արձագանքել այդ մտադրությանը։

* * *

Պաշտոնական քարոզչությունը փորձում է Մադրիդյան առաջարկը եւ Մոսկովյան հռչակագիրը ներկայացնել որպես հայկական դիվանագիտության մեծագույն հաղթա­նակ, ինչը մի կողմից՝ իշխանությունների դեմքը փրկելու միջոց, իսկ մյուս կողմից՝ Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու նրանց պատրաստակամության արտահայտությունը պետք է համարել։ Այդ պատրաստակամությունը հաստատվում է այն հանգամանքով, որ պաշտոնականից բացի, իշխանությունների կողմից տենդորեն տարվում է նաեւ ծածուկ քարոզչական աշխատանք, որի նպատակն է՝ թիմակիցներին, այսինքն Հայաստանի եւ Ղարաբաղի քաղաքական‑տնտեսական վերնախավին, ապա­ցու­ցել հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը, եւ համոզել, որ այլ ճանապարհ չկա։ Դրա համար մասնավորապես կիրառվում է հետեւյալ փաստարկը. «Եթե չգնանք այս լուծմանը, ապա Հայաստանում իշխանափոխություն տեղի կունենա, եւ դուք բոլորդ կկորցնեք թե՛ ձեր զբաղեցրած պաշտոնները, թե՛ ձեր տնտեսական կարո­ղությունները, եւ թե՛ ձեր կուտակած հարստությունները»։ Նկատի ունենալով Հայաս­տանի իշխանական համակարգի քրեական‑ավազակապետական բնույթը, համաձայ­նենք, որ սա ծանրակշիռ փաստարկ է, որը չի կարող ազդեցություն չունենալ։ Ծածուկ քարոզչական աշխատանքի մի այլ ուղղություն էլ միտված է փարատելու հասարա­կության անհանգստությունը՝ շշուկներ տարածելով, թե այս պահին մտահոգվելու կարիք չկա, քանի որ Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծման շուրջ ստեղծ­ված աղմուկը լուրջ չէ, եւ կարգավորման համար դեռ երկար ժամանակ կպահանջվի։

* * *

Վերոշարադրյալը կարեւորելով հանդերձ, ինքնըստինքյան հասկանալի է, որ մեզ համար ավելի կարեւոր է ճշտել Համաժողովրդական Շարժման կամ Հայ ազգային կոնգրեսի դիրքորոշումը Ղարաբաղի հարցի լուծման ներկա զարգացումների համա­տեքստում։ Հոկտեմբերի 17‑ից մենք ժամանակավորապես դադարեցրինք զանգվա­ծային միջոցառումների՝ համահանրապետական հանրահավաքների եւ բազմամարդ երթերի անցկացումը, դա պատճառաբանելով՝ Հայաստանի իշխանություններին Ղարա­բաղյան կարգավորման գործընթացում ճնշումներից ու անհարկի զիջումներից զերծ պահելու անհրաժեշտությամբ։ Ես այստեղ չեմ ուզում կրկնել տվյալ պատասխանատու քայլին դիմելու այն բոլոր հիմնավորումները, որ տվել եմ այդ օրն ունեցած իմ ելույթում։ Ընդհակառակը, հարկ եմ համարում կանգ առնել Շարժման ընտրած մարտավարության նպատակահարմարությունը կասկածի տակ դնողների մոտեցման վրա, նկատի ունե­նալով մանավանդ այն, որ կասկածողները քիչ չեն նաեւ մեր շարքերում։ Բուն խնդրին անդրադառնալուց առաջ, ուզում եմ ընդգծել, որ ես անկեղծորեն հարգում եմ մեր զինակիցների ու համախոհների՝ սեփական կարծիք ունենալու իրավունքը՝ բազմակար­ծությունը դիտելով Համաժողովրդական Շարժման ամենամեծ հարստություններից ու արժանիքներից մեկը։

Ընդդիմախոսների միակ առարկությունն, ըստ էության, հետեւյալն է. եթե Սերժ Սարգսյանը Ղարաբաղի հարցում, իսկապես, գնում է մի լուծման, որը ձեռնտու չէ հայկական կողմին, ապա ավելի ճիշտ չէ՞ր լինի, որ Շարժումը խափաներ այդ լուծումը՝ այսինքն զանգվածային միջոցառումները դադարեցնելու փոխարեն, ընդհակառակը, բո­ղո­քի ավելի մեծ ու տեւական ալիք բարձրացներ, ընտրությունների միջոցով տապալեր Հայաստանի ներկա վարչախումբը, եւ լեգիտիմ իշխանություններ ձեւավորելուց հետո Ղարաբաղյան կարգավորման գործընթացին ձեռնարկեր ուժեղի դիրքերից։ Դժվար է, իհարկե, չհամաձայնել, որ տվյալ պարագայում գործ ունենք կուռ տրամաբանության հետ։ Սակայն լինելով քաղաքական կազմակերպություն, մենք պարտավոր ենք առաջնորդվել այն սկզբունքով, թե որքանով է իրականանալի առաջարկված ճանապարհը։ Այս տեսակետից հարցին մոտենալիս, անհրաժեշտ է հաշվի առնել հետեւյալ հանգամանքները.

ա. Հայաստանի ողջ իշխանական համակարգը եւ տնտեսական վերնախավը միա­համուռ կերպով պաշտպանելու են Ղարաբաղի հարցում Սերժ Սարգսյանի առաջար­կած ցանկացած լուծում, որովհետեւ նրանց հետաքրքրում է ոչ թե արցախահայության ճակատագիրը, այլ բացառապես սեփական ճղճիմ շահերը։ Սարգսյանն այս հարցում խնդիրներ չի ունենալու նաեւ կառավարող կոալիցիայի մաս կազմող կուսակցու­թյուն­ների, Ազգային Ժողովի պատգամավորների, արտախորհրդարանական գրպանային քաղաքական ուժերի եւ նոմենկլատուրային մտավորականության հետ։ Դա նշանակում է, որ Համաժողովրդական Շարժումը, Ղարաբաղի խնդրի կապակցությամբ հասարակա­կան բողոքի ալիք բարձրացնելու պարագայում, բախվելու է միաձույլ մի հակառակորդի, որը որեւէ բանի առջեւ չի կանգնելու այդ ալիքը դիմագրավելու համար։ Սրանով այսօր­վա վիճակը տարբերվում է 1988 թվականի վիճակից, երբ Հայաստանի պետական պաշտոնեության եւ տնտեսական բնագավառի ղեկավարության մեծ մասը բացահայտո­րեն կամ գաղտնաբար համակրում եւ աջակցում էր Ղարաբաղյան շարժ­մանը։

բ. 1988 թվականին Ղարաբաղյան շարժումը վայելում էր նաեւ միջազգային հան­րության լիակատար համակրանքն ու աջակցությունը։ Բավական է հիշեցնել այն տպավորիչ համերաշխությունը, որ միջազգային հանրությունը, առաջին հերթին, Արեւ­մուտքը, դրսեւորեց Ղարաբաղ կոմիտեի ձերբակալված անդամների նկատմամբ։ Ներկա իրավիճակը բոլորովին այլ է։ Արեւմուտքն այսօր ոչ միայն որեւէ կերպ չի աջակցում Հայաստանում ձեւավորված հզոր ժողովրդավարական շարժմանը, այլեւ անում է ամեն ինչ այդ շարժումը ոչնչացնելու համար՝ հանդուրժելով թե՛ կեղծված ընտրությունները, թե՛ մարտի 1‑ի սպանդը, թե՛ ընդդիմության դեմ սանձազերծված հալածանքն ու բռնու­թյունները, եւ թե՛ քաղբանտարկյալների գոյության փաստը։ Դրանով Արեւմուտքը ցա­վա­լիորեն ցույց է տալիս, որ պատրաստ է աչք փակել Սերժ Սարգսյանի ցանկացած ան­օրի­նա­կանության վրա, միայն թե նա զիջումների գնա Ղարաբաղյան հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում։ Իսկ թե այս առումով շրջադարձային է, արդյոք, Եւրոխորհրդի Մոնիտորինգի կոմիտեի վերջին որոշումը, դրա մասին դեռ վաղ է խոսել։

գ. Միջազգայինից բացի, Սերժ Սարգսյանն ապահովել է նաեւ Լեռնային Ղարաբա­ղի ղեկավարության անվերապահ աջակցությունը։ Ասվեց արդեն, որ վերջինս, բազմաթիվ պարտավորություններով կապված լինելով Հայաստանի ավազակապետա­կան վարչախմբի պարագլուխների հետ, համարձակություն չի ունենալու հակադրվել նրանց կամքին։ Այդ պարագայում անհնար է պատկերացնել, որ Լեռնային Ղարաբաղում զանգվածային շարժում սկսվի հակամարտության կարգավորման Սերժ Սարգսյանի առաջարկած ծրագրի դեմ։ Իսկ քանի դեռ Ղարաբաղը ոտքի չի կանգնել, Հայաստանում նույնպես հնարավոր չէ հանուն նրա դատի համաժողովրդական ընդվզման մի այնպիսի մթնոլորտ ստեղծել, ինչպիսին գոյություն ուներ 1988 թվականին։ Սակայն սա խնդրի մի կողմն է։ Մյուս կողմն այն է, որ գուցե Ղարաբաղի ղեկավարությունը համաձայն է հակա­մարտության կարգավորման Սերժ Սարգսյանի պաշտպանած ծրագրին։ Դա, կար­ծես‑թե, կողմնակիորեն հաստատվում է այն իրողությամբ, որ Ղարաբաղի պաշտոնա­կան ներկայացուցիչները, դժգոհելով Մոսկովյան հռչակագրի տակ իրենց ստորագրու­թյան բացակայության առթիվ, բոլորովին չեն վիճարկում այդ հռչակագրի բուն բովան­դակությունը։ Իսկ եթե այդպես է, ապա մենք ընդհանրապես այս հարցում անելիք չունենք, քանի որ բազմիցս հայտարարել ենք, որ համաձայն ենք ցանկացած լուծման, որին համաձայն կլինի Լեռնային Ղարաբաղը։ Սա է Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման մեր պատկերացումը։

* * *

Այսպիսով, Հայաստանի իշխանական համակարգի եւ տնտեսական վերնախավի միակամությունը, միջազգային հանրության վերաբերմունքը եւ մանավանդ Լեռնային Ղարաբաղի ղեկավարության կրավորական դիրքորոշումը, անհնար են դարձնում Հա­յաս­տանում Ղարաբաղի հարցի շուրջ ժողովրդական ընդվզման հզոր ալիք բարձրաց­նելու խնդիրը։ Ավելին, եթե դա անգամ հնարավոր լիներ, պետք է նկատի ունենալ, որ ժողովրդական ընդվզման ալիքը կարող է երկար տեւել եւ, մանավանդ ուղեկցված տնտե­սական ճգնաժամի բարդություններով, տակնուվրա անել երկիրը, որից չի հապա­ղի օգտվել Ադրբեջանը՝ Ղարաբաղի հարցը պատերազմի միջոցով լուծելու համար։ Չպետք է մոռանալ, որ Ղարաբաղյան պատերազմում հայկական կողմի ձեռքբերումները համընկնում են Ադրբեջանում ստեղծված հենց այդպիսի խառնակ իրավիճակների, այն է՝ իշխանության Մութալիբովից-Էլչիբեյին եւ Էլչիբեյից-Ալիեւին անցման ցնցումային ժամանակների հետ։ Մենք Դաշնակցություն կամ ԱԺՄ չենք, որ երկրի գլխին կանգնած վերահաս վտանգի պահին, ապակայունացնող մեր գործողություններով, խորացնենք այդ վտանգը։ Շարժման համար իշխանության հասնելը ինքնանպատակ չէ։ Հազար տարի էլ չհասնենք, մենք իրավունք չունենք այդպիսի արկածախնդրության դիմելու, քանի որ մեր նպատակը, ինչպես սկզբից եւեթ հայտարարել ենք, ավազակապետության կազմաքանդումն է, եւ ոչ թե պետության քայքայումը։ Իսկ ավազակապետությունը, Հայ Ազգային Կոնգրեսի պես հզոր քաղաքացիական շարժման եւ իշխանությունների նկատ­մամբ համաժողովրդական ատելության առկայությամբ, միեւնույն է, վաղ թե ուշ կազմա­քանդվելու է, ընդ որում, թերեւս ավելի վաղ, քան պատկերացնում եք։

Հետեւաբար, մենք առայժմ մեր մարտավարությունը փոխելու կարիք չունենք, այսինքն, նկատի ունենալով Ղարաբաղյան խնդրի հանգուցալուծման անխու­սա­փելիու­թյունը, այսուհետեւ եւս պետք է ձգտենք նպաստել այն բանին, որ Հայաստանի եւ Ղա­րա­բաղի իշխանությունները զերծ մնան արտաքին ճնշումներից ու անհարկի զիջում­ներից եւ, թեկուզ կարգավորման Մադրիդյան ծրագրի շրջանակներում, հասնեն հայկա­կան կողմի համար առավել շահավետ արդյունքների։ Սա թե՛ իրատեսական, եւ թե՛ պատվաբեր դիրքորոշում է, որը չի կարող դրական հետեւանքներ չունենալ։ Եւ արդեն իսկ ունեցել է, եթե նկատի ունենանք, որ հոկտեմբերի 17‑ի հանրահավաքից հետո Շարժմանը հաջողվել է.

- Լայն հասարակական հետաքրքրություն առաջացնել եւ հանրային քննարկում սկզբնավորել Ղարաբաղյան կարգավորման գործընթացի շուրջ, ինչը, չնայած շատերի կողմից բազմիցս թափված ջանքերին, երբեւէ իրականություն չէր դարձել.

- Ուշադրություն սեւեռել Արեւմուտքի կողմից Ղարաբաղի հարցի միակողմանի լուծման եւ Մինսկի խմբի համանախագահության կազմի փոփոխության վտանգի վրա՝ որոշ առումով խթանելով Մոսկովյան հռչակագրի ընդունումն ու դրանով կանխելով այդ վտանգը.

- Լրջացնել Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեի անցկացման հարցը, ինչի վկայությունն է, մասնավորապես, Մինսկի խմբի ամերիկացի համանա­խագահ Մեթյու Բրայզայի այն աննախադեպ հայտարարությունը, որ «Ղարաբաղում անցկացվելիք հանրաքվեն, դրա անցկացման եղանակները, ժամկետները, բնակչության մասնակցության եւ կազմակերպման ձեւերը՝ դրանք բոլորը ներկայումս բանակցու­թյուն­ների առարկա են» («Ազատություն ռադիոկայան». 18.11.2008 թ.)։ Դժվար չէ նկատել, որ այստեղ համարյա բառացի կրկնված են այն բոլոր հարցադրումները, որոնք հան­րաքվեի վերաբերյալ արվել են հոկտեմբերի 17‑ի իմ ելույթում։

Շարժման մարտավարությունը փոխելու անհրաժեշտություն ես առայժմ չեմ տես­նում նաեւ երկրում ժողովրդավարության ու օրինականության հաստատման եւ, մաս­նա­վորապես, քաղբանտարկյալների ազատ արձակման խնդիրների լուծման տեսակե­տից։ Իմ նախորդ հանրային ելույթում ես համոզմունք էի հայտնել, որ զանգվածային միջոցառումների ժամանակավոր դադարեցումը «ոչ թե դանդաղեցնելու, այլ արագաց­նե­լու է նշված նպատակների իրականացումը»։ Դրա անժխտելի նախանշաններից մեկը Եւրոխորհրդի Մոնիտորինգի կոմիտեի դեկտեմբերի 17‑ի որոշումն է, որը, թեեւ ընդհա­նուր առմամբ, Համաժողովրդական Շարժման համառ պայքարի, բայց մասամբ նաեւ նշված մարտավարության արգասիքը պետք է համարել։ Իսկ քաղաքականության մեջ, ինչպես կյանքում, անմտություն է հրաժարվել մի գործելակերպից, որը հաջողություն է բերում։

Այս ամենով հանդերձ, մենք չենք համարում, որ մեր ընտրած մարտավարությունը դոգմա է եւ փոփոխությունների ենթակա չէ։ Նայած իրադրության՝ այն ցանկացած պահի կարող է փոխվել, մանավանդ նկատի ունենալով, որ Հայաստանին առաջիկայում սպասում են լուրջ ցնցումներ՝ կապված տնտեսական ճգնաժամի խորացման հետ։

Բ. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎՐԱ

Թեեւ Հայաստանի իշխանությունները սկզբնապես հավաստիացնում էին, որ միջազգային ֆինանսական ճգնաժամը որեւէ ազդեցություն չի ունենա մեր տնտեսու­թյան վրա, սակայն այժմ չեն թաքցնում իրենց անհանգստությունը։ Դրա հետ մեկտեղ, նրանք խուսափում են հասարակությանը ներկայացնել իրավիճակի ողջ լրջությունը եւ նրան նախապատրաստել երկրի տնտեսությանն ու սոցիալական ոլորտին սպառնացող մարտահրավերների դիմագրավմանը։ Մինչդեռ դրությունն արդեն իսկ բավականին ծանր է եւ հրատապ միջոցառումներ է պահանջում։

Տնտեսական ճգնաժամի ախտանշանները

1. 2008 թ. առաջին երկու եռամսյակների համեմատ՝ երրորդ եւ չորրորդ եռամ­սյակ­­ներում նվազել է համախառն ներքին արդյունքի աճի տեմպը, ինչը տնտե­սական անկման բացահայտ ցուցանիշ է։ Մասնավորապես, պաշտոնական տվյալներով, հոկ­տեմ­բերին նախորդ ամսի համեմատ անկումը կազմել է 8.3%։

2. Կրճատվել են արտաքին առեւտրի ծավալները, ինչպես արտահանման, այնպես էլ, նոյեմբերից սկսած, ներմուծման ոլորտում։ Վտանգավոր չափերի է հասել արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը՝ կազմելով երեք միլիարդ դոլար։ Կրճատման մի­տում է նկատվում նաեւ ներքին առեւտրի բնագավառում։

3. Նախորդ տարվա չորրորդ եռամսյակի համեմատ նվազել են արտերկրից դրա­մական փոխանցումները կամ տրանսֆերները՝ մտահոգիչ մի երեւույթ, որը խորանալու միտում ունի։

4. Զգալիորեն կրճատվել են շինարարության ծավալները։ Անշարժ գույքի եւ ավտոմեքենաների վաճառքի շուկաները համարյա դադարել են գոյություն ունենալ։

5. Երրորդ եւ չորրորդ եռամսյակներում նվազել են բյուջեի մաքսային եւ հարկային մուտքերը, ինչը փոխհատուցելու համար հարկային ծառայությունները անցել են կանխավճարների, գերավճարների եւ կամայական տուգանքների կիրառմանը։

6. Բանկերը գրեթե չեն իրականացնում հիպոթեկային եւ ավտոմեքենաների վար­կավորում։ Լիկվիդային միջոցների բացակայության պատճառով նրանք, ըստ էության, դադարել են վարկեր տրամադրել նաեւ կենցաղային ապրանքների եւ ոչ մեծ վարկային ռեսուրս պահանջող այլ գործարքների դեպքում։

7. Դրամի փոխարժեքն արհեստականորեն պահպանելու նպատակով հսկայական գումար է տրամադրվել Կենտրոնական բանկի պահուստներից, ինչը վերջին հաշվով ծա­­ռայում է ներմուծման բնագավառում մենաշնորհային կարգավիճակ ունեցող ընկե­րու­թյունների գերշահույթներն ապահովելու խնդրին։

8. Սկսել են թանկանալ լայն սպառման ապրանքների, առաջին հերթին, սննդա­մթերքի գները, ինչը մասնավորապես ծանր է անդրադառնում անապահով խավերի վրա։

9. Միջազգային շուկայում մետաղի գների շեշտակի անկման պատճառով գրեթե սնանկացման եզրին են հասել հանրապետության հանքարդյունաբերական ձեռնար­կությունները։

10. Մանր եւ միջին բիզնեսի շատ ձեռնարկություններ, չդիմանալով առեւտրի ծա­վալների անկմանը եւ, մանավանդ, հարկային ծառայությունների կամայականու­թյուն­նե­րին, հարկադրված են դադարեցնել իրենց գործունեությունը, ինչն առաջիկա ամիսներին հանգեցնելու է հարկային մուտքերի էլ ավելի նվազեցմանը։

11. Արդեն իսկ կրճատվել են մեծ թվով աշխատատեղեր բարձր տեխնոլոգիաների, հանքարդյունաբերության, շինարարության եւ առեւտրի ու սպասարկման ոլորտներում։

Տնտեսական ճգնաժամի պատճառները

Հայաստանի տնտեսության բնագավառում առկա բացասական երեւույթներն, անշուշտ, ունեն թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ պատճառներ։

Հայաստանի իշխանությունները, բնականաբար, ամեն ինչ բացատրելու են օբյեկտիվ պատճառներով, այն է՝ միջազգային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի եւ մետաղի համաշխարհային գների շեշտակի անկման ազդեցությամբ, ինչպես նաեւ տնտեսության մեջ, մասնավորապես, շինարարության բնագավառում արտասահման­յան ներդրումների կրճատմամբ եւ արտերկրից դրամական փոխանցումների կամ տրանսֆերների նվազմամբ։

Ինչ խոսք, սրանք լուրջ գործոններ են, բայց շատ բան կախված է նաեւ սուբյեկտիվ պատճառներից, որոնք են.

1. Հայաստանի քրեականացած տնտեսական համակարգը, որի էությունը պետա­կան իշխանության եւ բիզնեսի սերտաճվածությունն է։

2. Ներմուծման բնագավառում մրցակցության բացակայությունը եւ որոշ ընկերու­թյունների հատուկ արտոնությունների շնորհումը։

3. Մաքսային եւ հարկային ծառայությունների կամայականություններն ու չարա­շահումները։

4. Անկախ դատական համակարգի բացակայությունը։

5. Քաղաքական նկատառումներով, ոչ պրոֆեսիոնալներից կազմված կառավա­րու­թյան ձեւավորումը։

6. Ազգային Ժողովի, որպես գործադիր իշխանության հակակշռի, իսպառ բացա­կա­յությունը։

7. Չխոսած այլեւս այն մշտական գործոնի մասին, որն առկա է Հայաստանի սահ­ման­ների շրջափակման պատճառով։
Ճգնաժամի հաղթահարման կամ մեղմացման ուղիները

Դատելով Հայաստանի իշխանությունների գործողություններից, նրանք առայժմ տեսնում են ճգնաժամի հաղթահարման երեք միջոց.

1. Հարկային կարգապահության հաստատում եւ հարկային խստությունների կիրառում։

2. Պետական ապարատի ծախսերի կրճատում։

3. Օտար պետություններից եւ միջազգային ֆինանսական կազմակերպություն­ներից լրացուցիչ օգնությունների եւ վարկերի ակնկալում։

Սրանք, անշուշտ, անհրաժեշտ, բայց ակնհայտորեն ոչ բավարար եւ արդյունավետ միջոցներ են, քանի որ.

1. Տնտեսության լիակատար քրեականացվածության եւ պետական համակարգի կոռումպացվածության պատճառով հարկային կարգապահությունը, ինչպես անցյալում, այսուհետեւ եւս չի տարածվելու բոլոր հարկատուների վրա, եւ տնտեսավարողների ոչ արտոնյալ խավերը ենթարկվելու են կամայականությունների ու խտրության։

2. Պետական ապարատի ծախսերը չնչին տեղ են զբաղեցնում Հայաստանի բյու­ջեում, հետեւաբար նրանց կրճատումը սոսկ խորհրդանշական իմաստ է ունենալու։ Բացի այդ, հակառակ վարչապետի հավաստիացման, հաջորդ տարվա բյուջեում պե­տա­կան ապարատի ծախսերի կրճատում նախատեսված չէ։

3. Օտար պետություններն ու միջազգային ֆինանսական կազմակերպություն­նե­րը, համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով իրենք էլ հայտնված լինելով ծանր պայմաններում, այսօր հազիվ թե կարողանան Հայաստանին կամ մեր վիճակում գտնվող որեւէ այլ երկրի էական ֆինանսական օգնություն ցուցաբերել։

Այնինչ ակնհայտորեն առկա են մի շարք արդյունավետ քայլեր, որոնք ի վիճակի են եթե ոչ լիովին հաղթահարելու տնտեսական ճգնաժամը, ապա էապես մեղմացնելու այն։ Դրանք են.

1. Վերացնել ներմուծման բնագավառում մենաշնորհային կարգավիճակ ունեցող ընկերությունների արտոնությունները եւ ազատ առեւտրով զբաղվելու հնարավորու­թյուն տալ բոլոր տնտեսավարողներին։

2. Տեղական արտադրությունը խթանելու նպատակով դադարեցնել դրամի փոխ­ար­ժեքի արհեստական պահպանման քաղաքականությունը։

3. Լիակատար օրինականություն հաստատել մաքսային եւ հարկային ծառայու­թյուն­ների, ինչպես նաեւ իրավապահ մարմինների ու դատարանների գործունեության մեջ, վերացնել գործարարների նկատմամբ հարկային կամայակա­նու­թյունների կիրառումը։

4. Առանց բացառության բոլոր տնտեսավարողներին, առաջին հերթին, խոշոր ձեռ­նարկատերերին, բերել հարկային դաշտ։

5. Քայլեր ձեռնարկել հարկային քաղաքականության ճկունացման եւ մանր ու միջին բիզնեսի, մանավանդ, ներքին արտադրության հարկային բեռը թեթեւացնելու ուղղությամբ։

6. Միջոցներ կիրառել Հայաստանից կապիտալի շարունակվող արտահանումը կանխելու համար։

7. Թերեւս կարելի է մտածել նաեւ էներգակիրների եւ սննդամթերքի պետական պաշարներ կուտակելու մասին՝ դրանց հավանական սղությունը բացառելու եւ գների անկանխատեսելի աճը թույլ չտալու նպատակով։

Այսպիսով, տնտեսական ճգնաժամի առաջին ախտանշանները եւ իշխանություն­ների ձեռնարկած անհամարժեք քայլերը ցույց են տալիս, որ մեզ սպասում են դժվարին ժամա­նակներ՝ հղի սոցիալական լուրջ հետեւանքներով։ Դատելով առկա միտումներից, ճգնաժամը Հայաստանում ամենայն սրությամբ դրսեւորվելու է՝ սկսած փետրվար-մարտ ամիսներից։

Գ. ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԻ ԵՒ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ

Հանգամանքների բերմամբ հարկադրված լինելով կենտրոնանալ Ղարաբաղյան կարգավորման գործընթացի եւ տնտեսական ճգնաժամի վրա, մենք չենք մոռանում, անշուշտ, որ Համաժողովրդական Շարժման գլխավոր խնդիրը մնում է երկրում սահմանադրական կարգի եւ ժողովրդավարական ազատությունների վերականգնումը, որի լուծումը մենք տեսնում ենք արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացման մեջ։ Այդ նպատակներին հասնելու միակ գրավականը Շարժման կամ Հայ Ազգային Կոնգրեսի պահպանումը, ամրապնդումը եւ էլ ավելի հզորացումն է։ Այսինքն, մեր խնդիրն է՝ Շարժումը վերածել այնպիսի զանգվածային, կազմակերպված եւ մնայուն գործոնի կամ այլընտրանքային քաղաքական ուժի, որը պատրաստ լինի ցանկացած պահի ստանձնել իշխանությունը եւ երկրի կառավարման պատասխանատվությունը։

Պետք է խոստովանել, սակայն, որ ներկա պայմաններում սա այնքան էլ հեշտ խնդիր չէ, նկատի ունենալով՝

ա. քոչարյանա-սերժական վարչախմբի կողմից Շարժման դեմ ծավալված անօրի­նակ քաղաքական հալածանքները, Կոնգրեսի գործունեության սիստեմատիկ խափա­նում­ները, հանրահավաքների անցկացման կանոնավոր մերժումները, դժվարություննե­րի հարուցումը անգամ դահլիճներ տրամադրելու հարցում, ընդդիմության զրկումը տե­ղե­կատվության էլեկտրոնային միջոցներից օգտվելու հնարավորությունից, ոստիկանա­կան բռնությունները ոչ զանգվածային ցույցերի ու երթերի մասնակիցների նկատմամբ եւ այլն.

բ. միջազգային հանրության եւ մանավանդ Եւրոպական կառույցների՝ Եւրոպառ­լամենտի, Եւրոխորհրդի եւ ԵԱՀԿ‑ի հանցավոր անտարբերությունը Հայաստանում ժողովրդավարական ազատությունների սահմանափակումների եւ մարդու իրավունք­ների կոպտագույն խախտումների առնչությամբ.

գ. եւ մանավանդ այն հանգամանքը, որ Շարժման ղեկավարության հարյուրից ավելի անդամներ գտնվում են բանտերում եւ թաքստոցներում։ Դրանք մեր ամենանվիր­յալ, փորձառու, կազմակերպական մեծ ունակություններով օժտված ընկերներն են, որոնց մեկուսացումը, բնականաբար, չէր կարող չազդել Շարժման ակտիվության վրա։ Մեկուսացրեք Հայաստանի որեւէ այլ քաղաքական կազմակերպության ոչ թե հարյուր, այլ հինգ-տաս ղեկավարի, այդ կազմակերպությունը պարզապես կդադարի գոյություն ունենալ։ Մինչդեռ Համաժողովրդական Շարժումը, այս դժվարին պայմաններում անգամ, ոչ միայն կարողացավ պահպանել իր գոյությունը, այլեւ մշտապես, որպես հարակա գործոն, դրսեւորել իր հզոր ներկայությունը պետության քաղաքական կյանքում։

* * *

Ետմարտիմեկյան շրջանում ազատության մեջ գտնվող Շարժման ակտիվիստ­ներին հիմնականում հաջողվեց լուծել իրենց առջեւ դրված խնդիրները, ինչի շնորհիվ Հայ Ազգային Կոնգրեսն այսօր ներկայանում է որպես ժողովրդական լայն զանգվածների աջակցությունը վայելող եւ որոշ առումով պետության քաղաքական օրակարգը ձեւավո­րող ամրակուռ միավորում։ Ես ուզում եմ ըստ արժանվույն գնահատել այդ գործում Կոնգրեսի անխտիր բոլոր անդամ‑կազմակերպությունների նպաստը, առանձնացնելով մանավանդ Հայաստանի Ժողովրդական կուսակցության, Հանրապետություն կուսակ­ցու­թյան, Հայոց Համազգային Շարժման, Սոցիալ‑դեմոկրատ Հնչակյան կուսակցության եւ նրանց առաջնորդների՝ Ստեփան Դեմիրճյանի, Արամ Սարգսյանի, Արարատ Զու­րաբ­յանի եւ Լյուդմիլա Սարգսյանի դերը։ Հատուկ գնահատանքի է արժանի նաեւ Կոնգրեսի տարածքային կառույցների, քաղաքական խորհրդի, կենտրոնական գրասեն­յակի եւ վերջինիս աշխատանքները համակարգող Լեւոն Զուրաբյանի գործունեությունը։ Հարկ է ընդգծել նաեւ այն հսկայական նպաստը, որ Շարժման հզորացման եւ Կոնգրեսի կայացման գործին բերել ու շարունակում են բերել քաղբանտարկյալների եւ հետախուզ­ման մեջ գտնվող մեր ընկերների ջոկատը, Հյուսիսային պողոտայի քաջարի առաջա­մար­տիկները, նորաստեղծ երիտասարդական կազմակերպությունները եւ երկրի ժո­ղովրդա­վարական մամուլը։

Շարժումն, ըստ այդմ, անկասելի է, եւ նրա թափն օր-օրի հզորանալու է։ Ուստի իշխանությունները թող զուր հույսեր չփայփայեն, որ քաղբանտարկյալներին պատանդ պահելով, կարող են մեզ ծնկի բերել։ Դրանով նրանք, իրականում վնասում են ոչ թե մեզ, այլ, առաջին հերթին, երկրի հեղինակությանը եւ Ղարաբաղի դատին։ Այսինքն՝ վտանգ է ստեղծվում, որ վարչախմբի քինախնդրությունը եւ քաղաքական հաշվեհարդարը վերջի­վերջո կարող են վերածվել պետական դավաճանության, որի աղետալի հետեւանքները բաժին են ընկնելու ողջ ազգին։ Քանի դեռ ուշ չէ, իշխանությունները պետք է հրաժարվեն Շարժումը ջախջախելու անիմաստ ու վնասակար մտքից եւ անկեղծ երկխոսություն սկսեն նրա հետ, որի միակ նախապայմանը, արձանագրված նաեւ Եւրոխորհրդի բանաձեւերում, քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակումն է։

* * *

Ինչպես հայտարարվել էր, զանգվածային միջոցառումների ժամանակավոր դա­դարի շրջանում Շարժման ղեկավարության ջանքերն ուղղված էին լինելու Հայ Ազգային Կոնգրեսի կառույցների ձեւավորմանը։ Համաժողովում հնչած ելույթներից մեկում մանրամասնորեն ներկայացվեց այդ ուղղությամբ կատարված զգալի աշխատանքը, որի արդյունքում արդեն իսկ Կոնգրեսի տարածքային գրասենյակներ են հիմնադրվել հան­րապետության բոլոր մարզային կենտրոններում եւ Երեւանի համայնքներում։ Հնարա­վորությունների առկայության դեպքում նախատեսված է այդպիսի գրասենյակներ բացել խորհրդային ժամանակների բոլոր շրջկենտրոններում, ինչը թույլ կտա ընդարձակել մեր գործունեության ոլորտը եւ Կոնգրեսի շարքերը համալրել բազմաթիվ նոր անդամներով։ Այս կապակցությամբ ուրախությամբ պետք է նշել, որ Շարժման մաս կազմող կուսակցությունների շարքերից բացի, Կոնգրեսին արդեն իսկ անհատապես անդամագրվել են տասնյակ հազարավոր անկախ քաղաքացիներ։ Ավելորդ չէ հիշեցնել նաեւ, որ Կոնգրեսի մասնաճյուղեր են հիմնադրվել նաեւ Մոսկվայում եւ Լոս‑Անջելեսում։

Շարժման ղեկավարությունը Կոնգրեսի կառույցների ուժեղացման կարեւոր խնդիրներից մեկն է դիտում նաեւ ստվերային կառավարություն հիշեցնող մարմնի ձեւավորումը, կազմված մասնագիտական խմբերից կամ բաժանմունքներից, որոնց նպատակն է օր-օրի հետեւել Հայաստանի կառավարության եւ Ազգային Ժողովի գործունեությանը եւ, քննադատա­կան հայտարարություններից բացի, հանդես գալ նաեւ այլընտրանքային կառուցողա­կան ծրագրերով ու առաջարկներով։ Կոնգրեսի ներսում արդեն իսկ արդյունավետ կերպով գործում են տնտեսական, իրավական եւ արտաքին հարաբերությունների գծով այդպիսի մասնագիտական կառույցներ, որոնց շուտով կավելանան մշակույթի, գիտու­թյան, կրթության, բնապահպանության, առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնախմբերը։

* * *

Շարժման գործունեության մյուս կարեւոր ուղղությունը եղել եւ մնում է մարտի 1‑ի ոճրագործության ինքնուրույն հետաքննության անցկացումը եւ ընդդիմության դեմ սան­ձազերծված հալածանքների քաղաքական բնույթի բացահայտումը։ Այդ հարցում ձեռք­բերված ամենամեծ նվաճումը պետք է համարել այն, որ մեզ լիովին հաջողվեց ապա­ցուցել այդօրվա իրադարձությունները որպես ցուցարարների եւ ոստիկանության միջեւ ընդդիմության կողմից հրահրված բախում ներկայացնելու պաշտոնական վարկածի բացարձակ սնանկությունը։ Իսկզբանե իսկ այդ վարկածին հավատ չընծայող Հայաստանի հասարակության համար այլեւս անվիճելի ճշմարտություն է, որ մարտի 1‑ի ոճրագործությունը ոչ այլ ինչ էր, եթե ոչ հրեշային սպանդ՝ սառնասրտորեն կազմա­կերպ­ված ավազակապետության պարագլուխների կողմից։ Փաստերի ճնշման տակ դրանում վերջիվերջո սկսեց համոզվել նաեւ միջազգային հանրությունը։

Ավելորդ չեմ համարում մեկ անգամ էլ հիշեցնել այդ հանրահայտ փաստերը.

- Մինչ այժմ ընդդիմության որեւէ ներկայացուցչի մարտի 1‑ին զենք կրելու, հրա­զեն կամ նռնակ օգտագործելու, մեքենա հրկիզելու եւ խանութ թալանելու մեղադրանք չի առաջադրվել։

- Սպանության տասը դեպքերը եւ դրանց կատարողները այդպես էլ դեռեւս չեն բացահայտվել, ինչը պետք է լիներ իրավապահ մարմինների առաջին գործը։

- Ոչ մի ոստիկան կամ զինվորական, թեկուզ անհամաչափ ուժի կիրառման կամ անփութության մեղադրանքով, պատասխանատվության չի ենթարկվել։

Իսկ եթե սրանց գումարենք նաեւ հետաքննության ընթացքում իրավապահ մար­մինների կողմից թույլ տրված օրենքի կոպտագույն խախտումները, կասկածյալներին ներկայացված անհիմն եւ անապացույց մեղադրանքները, ընթացող խայտառակ դատա­վարությունները եւ, մանավանդ, բացառապես ոստիկանական ցուցմունքների հիման վրա կայացված դատավճիռները, ապա իշխանությունների իրականացրած ոճրագոր­ծության պատկերը լիակատար կդառնա։

Մարտի 1‑ի ոճրագործության պաշտոնական վարկածի հերքումը, սակայն, մեր անցկացրած հետաքննության միայն մի կողմն է։ Մյուս, ավելի կարեւոր կողմը վերա­բերում է այդ ոճրագործության իրական պատասխանատուների բացահայտմանը՝ խնդիր, որի ուղղությամբ մեզ նույնպես հաջողվել է լուրջ առաջընթաց արձանագրել։ Մասնավորապես, հավաստի աղբյուրներից ստացված տեղեկությունների հիման վրա մենք պարզել ենք, որ մարտի 1‑ին մեքենաների հրկիզումները, խանութների թալանը եւ այլ սադրանքներ իրականացրել են որոշակի ավազակախմբեր, որոնց անդամների ընդհանուր թիվը կազմել է 950 հոգի։ Այդ ավազակախմբերը կազմավորվել, հանդերձվել եւ նշված գործողությունները համակարգող կենտրոնի տրամադրության տակ են դրվել հինգ բարձրաստիճան պետական պաշտոնյաների եւ չորս հայտնի օլիգարխների կող­մից։ Պարզել ենք նաեւ ցուցարարների վրա ինքնաձիգներից կրակ արձակած դիմակա­վոր ոստիկանների ինքնությունը։ Բոլոր այդ տվյալները Հայ Ազգային Կոնգրեսի կենտ­րոնական գրասենյակը ներկայացրել է Փաստահավաք խմբին, ինչպես նաեւ տրամա­դրել Եվրոխորհրդի Մարդու իրավունքների կոմիսար Թոմաս Համմարբերգին եւ Հայաս­տանում հավատարմագրված մի քանի օտարերկրյա դեսպանների։ Հարկ չկա ավելացնել, որ տվյալ ուղղությամբ մեր աշխատանքները նույնպիսի հետեւողականությամբ շարունակվելու են, եւ ոճրագործության բոլոր իրական պատասխանատուները, իրադրության փոփոխության դեպքում, կանգնելու են դատարանի առաջ։

* * *

Ամփոփելով ելույթս, ավելորդ չեմ համարում կատարել մի վերջին շեշտադրում։ Համաժողովրդական Շարժման կամ Հայ Ազգային Կոնգրեսի գործունեությունը գնահա­տելիս, այսուհետեւ անհարժեշտ է մեկնել Ղարաբաղյան կարգավորման եւ տնտեսական ճգնաժամի խնդիրների ներառմամբ նրա օրակարգի ընդլայնման իրողությունից։ Այդ նորածագ իրողությունն է, որ թելադրում է մեր ընթացիկ գործողությունների տրամա­բանությունը եւ ներկայիս մարտավարության բնույթը։ Սակայն ասվեց արդեն, որ նայած իրադրու­թյան, մեր գործողություններն ու մարտավարությունը կարող են փոխվել, եւ ցանկացած պահի մենք կարող ենք վերսկսել զանգվածային միջոցառումները։ Ամեն ինչից անկախ, արդեն իսկ որոշված է այդպիսի զանգվածային միջոցառում, այսինքն համահանրապե­տա­կան հանրահավաք եւ բազմամարդ երթ անցկացնել մարտի 1‑ին՝ այդ թվականի հետ կապված ողբերգության տարելիցը նշելու եւ անմեղ զոհերի հիշատակը պատշաճ կեր­պով հարգելու նպատակով։

Առիթից օգտվելով, ուզում եմ նաեւ կանխապես շնորհավորել ձեր բոլորի, մասնա­վորապես, քաղբանտարկյալների եւ նրանց ընտանիքների Նոր տարին՝ մաղթելով, որ այն դառնա հասարակական համերաշխության եւ երկրի առջեւ ծառացած մարտահրա­վերների բարեհաջող դիմագրավման տարի։

Շնորհակալություն ուշադրության համար։

21.12.2008

2008-12-21

Սիրելի հայրենակիցներ,

Լ. Տեր-Պետրոսյանը եւ Շուշան ՓաշինյանըԻնչպես հիշում եք, Կոնգրեսի հաջորդ հանրահավաքը նշանակելով սեպտեմբերի 18-ին, մենք խոստացել էինք՝ անհրաժեշտության պարագայում կազմակերպել նաեւ միջանկյալ հանրահավաքներ ու այլ միջոցառումներ։ Այսօրվա հանրահավաքն, ահա, դրանցից մեկն է, որի առիթն, անշուշտ, քաղբանտարկյալների մի զգալի մասի ազատ արձակումն  


Սիրելի հայրենակիցներ,

Մայիսի 31-ի ընտրությունները եւս մեկ անգամ բացահայտեցին Հայաստանի ներկա իշխանությունների հակաժողովրդական, բռնատիրական էությունը եւ նշանավորեցին նրանց հետ հույսեր կապելու լիակատար անհեռանկարայնությունը։ Եթե ինչ-որ մարդիկ դեռ պատրանքներ ունեին, թե այս իշխանություններն ընդունակ են բարեփոխվելու եւ պետական մտածողություն դրսեւորելու, ապա այդ պատրանքները հօդս ցնդեցին։ Մենք ականատեսը եղանք ընտրական գործընթացի կատարյալ քրեականացման՝ իրականացած ինչպես պետական  


Սիրելի հայրենակիցներ,

Այսօր ես կջանամ զերծ մնալ Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության համակարգավորված վերլուծությունից, բավարարվելով միայն ներկա իրավիճակից բխող որոշ դիտարկումներով։ Դա բացատրվում է նրանով, որ մենք, ըստ էության, ավարտում ենք պաշտոնական քարոզարշավը, եւ մեզ ընդամենը մնում է մի քանի լրացուցիչ շեշտադրումներ կատարել։ Դրանք, իմ կարծիքով, նախ անհրաժեշտ են՝ քաղաքացիների մոտ դեռ մինչեւ վերջ չպարզված հարցերը լուսաբանելու, եւ ապա՝ քվեարկության օրը ճիշտ կողմնորոշվելու  


Սիրելի հայրենակիցներ,

Նախ եւ առաջ կցանկանայի հանձինս ձեզ շնորհավորել մեր ողջ ժողովրդին աշխատավորների համերաշխության միջազգային տոնի առթիվ, որի այժմեականությունը մանավանդ կարեւորվում է Հայաստանի ներկա անմխիթար իրականության հանգամանքով։

Մարտի 1-ի հանրահավաքից անցել է ուղիղ երկու ամիս՝ կարճատեւ մի ժամանակամիջոց, սակայն հագեցած բազմաթիվ նշանակալի գործընթացներով ու իրադարձություններով, որոնցից ձեր ուշադրությանն եմ ուզում ներկայացնել հետեւյալ չորսը.

  

Սիրելի հայրենակիցներ,

Լեւոն Տեր-Պետրոսյան. 01.03.2009Պատկերացնելու համար, թե ինչպիսի կարծիք է ձեւավորվել Արեւմուտքում Հայաստանի մասին, բավական է ուշադրություն դարձնել հետեւյալ հատկանշական փաստի վրա։ Վերջերս ադրբեջանցի լրագրողներից մեկի հարցին, թե «ինչո՞ւ է քաղբանտարկյալների խնդրում ԵԽԽՎ-ն երկակի չափանիշներ կիրառում, մասնավորապես հրաժարվելով ընդունել, որ Հայաս­տանում  


Liebe Mitbürger, besser gesagt, sehnsüchtige Mitbürger!

2009-03-01_Levon Ter-PetrossianUm sich ein Bild davon zu machen, welche Meinung sich in Europa über Armenien etabliert hat, genügt es, der folgenden, wichtigen Tatsache Aufmerksamkeit zu schenken.

Vor kurzem hat der für Aserbaidschan zuständige Berichterstatter des Europarates, Andres Herkel, auf die Frage eines aserbaidschanischen Journalisten, warum der Europarat in der Frage der politischen Gefangenen nach zweierlei Maßstäben handele, und insbesondere nicht offiziell festhalte, dass es in Armenien politische Gefangene gibt, folgende  


Սիրելի հայրենակիցներ,

Սեպտեմբերի 26-ի հանրահավաքում ես ձեզ խոստացել էի առաջիկայում հանգամանորեն բացահայտել Համաժողովրդական շարժման կամ Հայ Ազգային Կոնգրեսի ռազմավարությունը, ոչինչ չթաքցնելով ձեզանից։ Այսօր եկել է այդ խոստումը կատարելու ժամանակը, ուստի խնդրում եմ համբերությամբ զինվել եւ հետեւել իմ ելույթի յուրաքանչյուր բառին։

Ես արդեն առիթ ունեցել եմ ձեր ուշադրությունը հրավիրելու աշխարհաքաղաքական այն աննախադեպ իրավիճակի վրա, որում Հայաստանը հայտնվել է վերջին ժամանակներս,  


Սիրելի հայրենակիցներ, ետընտրական բուռն իրադարձությունները, թոհուբոհը, որ մեր երկրում տիրում է վերջին 6 ամիսների ընթացքում, մեզ թույլ չեն տվել ընդհանուր հայացք ձգել Հայաստանում ծավալվող հիմնական գործընթացների վրա, որոնք խորքային են, որոնք չեն երեւում, եւ հասկանալ, թե իրականում ի՞նչ է տեղի ունենում մեր երկրում:

Այժմ ես կփորձեմ ձեզ հետ միասին, սա անձնական վերլուծություն չէ, այլ հավաքական վերլուծություն` հանրահավաքի մասնակցությամբ, հանդարտ եւ սառնասրտորեն վերլուծել ներկա իրավիճակը, ինչը եւ հնարավորություն կտա հստակեցնել  


Սիրելի հայրենակիցներ.

Կասկած չկա, որ քաղբանտարկյալների ազատ արձակումն ու մարտի 1-ի ոճրագործության իրական պատասխանատուների բացահայտումը շարունակում են մնալ հասարակությանը հուզող գլխավոր խնդիրները: Սակայն իրենց սրությամբ ու կարեւորությամբ հանդերձ, այդ խնդիրները մեզ չպետք է շեղեն Համաժողովրդական Շարժման բուն նպատակներից, որոնք են՝ սահմանադրական կարգի վերականգնումը, լիակատար ժողովրդավարության հաստատումը, իրավական պետության կերտումը եւ տնտեսական զարգացման պայմանների ստեղծումը: Այդ  


Սիրելի բարեկամներ.

Ետընտրական թոհուբոհում բոլորովին մոռացության է մատնվել պատմական այն նշանակալի իրողությունը, որ վերջապես ավարտվել է Ռոբերտ Քոչարյանի փառահեղ գահակալության տասնամյակը: Այդ բացը լրացնելու համար ես կփորձեմ ներկայացնել Քոչարյանի նախագահական շրջանի գործունեության սեղմ հաշվեկշիռը` ավելի համակողմանի քննությունը թողնելով ապագային:

Եվ այսպես. նախագահության տասը տարիների ընթացքում Ռոբերտ Քոչարյանը

• Կեղծ տեղեկանքի եւ ապօրինի  


Սիրելի՛ հայրենակիցներ, եղբայրներ, քույրեր, մայրեր, հայրեր եւ երեխաներ, սա մեր առաջին համահանրապետական հանրահավաքն է մարտի 1-ից հետո, ուստի օգտագործելով այս առիթը` ես նախեւառաջ խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգել մարտի 1-ի զոհերի հիշատակը։ Շնորհակալություն։

June202008(4).jpgՍովորական ետընտրական իրավիճակ չէ, որովհետեւ տեղի է ունեցել մարտի 1-ը, որովհետեւ հանցավոր ավազակախումբը, թաթար-մոնղոլական ռեժիմը  


Սիրելի հայրենակիցներ եւ զինակիցներ,

Հայաստանի համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսը տեղի է ունենում չափազանց բարդ իրադրության պայմաններում։ Ընդ որում, բարդությունը ոչ միայն իրավիճակային է, այլեւ իմացաբանական, քանի որ հասարակությունը կանգնած է վերջին շրջանի բուռն իրադարձությունների ընկալման եւ վերաիմաստավորման անհրաժեշտության առջեւ։ Կուտակված անթիվ հարցերի պատասխանը հնարավոր է տալ միայն իրադարձությունների խոր եւ համակողմանի վերլուծությունից հետո։ Այդ խնդիրը, սակայն, թողնելով ապագային, սույն  


(Կարդալ ելույթի առաջին մասը)

Հասարակության պառակտում, թե՞ միավորում

Թե՛ միջազգային կազմակերպությունները, թե՛ քաղաքագիտական շրջանակները, եւ թե՛ լրագրողներից շատերը խոր անհանգստություն են արտահայտում ետընտրական շրջանում Հայաստանում տիրող հասարակական պառակտվածության առթիվ, եւ որպես դրա հաղթահարման ամենաբուժիչ դեղամիջոց առաջարկում կառուցողական երկխոսությունը քաղաքական ուժերի միջեւ։  


Սահմանադրական դատարանի մեծարգո նախագահ,

Սահմանադրական դատարանի մեծարգո անդամներ,

Ես միանգամից պետք է ասեմ, որ ես զերծ կմնամ իրադրության քաղաքական գնահատականից եւ կանգ կառնեմ մի քանի զուտ իրավական շեշտադրումների վրա: Թեեւ իմ իրավաբանական թիմը դրանց անդրադարձել է, սակայն ես անհրաժեշտ եմ համարում անել դա: Այնուամենայնիվ, քանի որ սա իմ առաջին հրապարակային ելույթն է մարտի 1-ի առավոտյան ժամը 6,30-ից հետո, ես ուզում եմ առիթից օգտվելով խորին ափսոսանք արտահայտել մարտի 1-ի ողբերգության  


ՀՀ Առաջին նախագահ Լեվոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2008 թվականի հունվարի 22-ին Երեվանի Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում

Սիրելի հայրենակիցներ,

1. Իմ բազմաթիվ սխալների շարքում ամենամեծը, թերեւս, այն էր, որ ես հրաժարական տվեցի փետրվարի 3-ին, ինչի պատճառով ընտրարշավը համընկնում է այսքան ցուրտ շրջանի. եթե իշխանությունից հրաժարվեի ապրիլին կամ մայիսին, ապա ձեր վիճակը շատ ավելի բարվոք կլիներ։ Մեղքս մասնակիորեն քավելու համար այսօր ձեզ չեմ ձանձրացնի երկարաշունչ  


Հարգելի գործընկերներ,

Ինձ սատարող քաղաքական ուժերի եւ համաժողովրդական նոր Շարժման ակ­տի­վիստների այս հավաքը կոչված է ամփոփելու նախընտրական գործըն­թա­ցի առաջին փու­լի արդյունքները եւ ուրվագծելու մեր հետագա գործու­նեության խնդիրները: Թեեւ սա զուտ աշխատանքային հանդիպում է, որը թեկուզ տակտիկական առումով են­թա­դրում է որոշակի գաղտնապահություն, սակայն ես, հավատարիմ մնալով թա­փան­ցիկ, հրա­պա­րա­կային քաղաքա­կա­նու­թյան մեր որդեգրած սկզբունքին, կնախ­ընտ­րեի այս ամենի  


ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ, ՏԻՊԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Սիրելի հայրենակիցներ,

Այսօրվա ելույթում ես կանդրադառնամ երեք թեմայի՝ առաջինը (երկու գլխով)՝ նվիր­ված պատմության, երկրորդը գաղափարախոսության, իսկ երրորդը՝ պետական համակարգերի տիպաբանության հարցերին։

Հայաստանի «արդյունաբերության քայքայումը»

Ռոբերտ Քոչարյանը վերջերս իր բարձր հեղինակությամբ վավերացրեց մեր հասարակության մեջ բազմիցս կրկնված այն միտքը, թե նախկին իշխանությունները քայքայեցին Խորհրդային  


Ելույթ Ազատության հրապարակում 2007 թ. նոյեմբերի 16-ին տեղի ունեցած հանրահավաքում:

 

Սիրելի հայրենակիցներ,

Նախ եւ առաջ ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել այն բոլոր կուսակցություններին եւ հասարակական կազմակերպություններին, որոնց ղեկավարները քիչ առաջ հրապարակեցին իմ թեկնածությունը պաշտպանելու վերաբերյալ կայացրած իրենց որոշումները:  


Երիտասարդությանը ասում է ՀՀ առաջին նախագահը

Նոյեմբերի 3-ին Երեւանի "Արմենիա-Մարիոթ" հյուրանոցի "Տիգրան Մեծ" սրահում տեղի ունեցավ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը երիտասարդության ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցում էին շուրջ 1700 երիտասարդներ, որոնք ներկայացնում էին հանրապետության բոլոր մարզերը, եւ քաղաքական տարբեր ուժեր: Հանդիպումը անցավ բացառիկ ջերմ մթնոլորտում. ստորեւ ներկայացնում ենք հանդիպման պաշտոնական սղագրությունը: Հանդիպումը սկսվում է Լեւոն Տեր-Պետրոսյանի  


Ելույթ Ազատության հրապարակում 2007 թվականի հոկտեմբերի 26–ին տեղի ունեցած հանրահավաքում


Սիրելի հայրենակիցներ,

1988 թվականի հուժկու համաժողովրդական շարժման սկզբնավորումը հիշեցնող այս մթնոլորտը հուշում է ելույթս վերնագրել «Իրերն իրենց անունով կոչելու եւ հաշիվ պահանջելու ժամանակը»: Դա անհրաժեշտ է՝ նախ եւ առաջ ամփոփելու համար Քոչարյանի նախագահության տասնամյա ժամանակաշրջանը, եւ երկրորդ՝ հստակ պատկերացնելու  


21 Սեպտեմբեր, 2007

Սիրելի բարեկամներ.

16 տարին ե՛ւ շատ կարճ, ե՛ւ շատ երկար ժամանակ է՝ նկատի ունենալով մեր Հայաստանի պատմությունը:

Եթե ոչինչ չասենք, բավական է հիշել, որ մեր նորանկախ պետությունը արդեն հինգ անգամ ավելի երկար կյանք է ունեցել, քան Հայաստանի առաջին անկախ Հանրապետությունը: Մենք հասկանում էինք, որ անկախությունը դժվար ճանապարհ է լինելու մեզ համար, ոչ  


 
 
Բացիկներ

Ուղարկեք էլ. բացիկ

Վիդեո

  

 

 

Աուդիո
 
The Official Levon Ter-Petrosian for President Web Site   |   Made in ArattaDesign office@levonforpresident.com