Levon Ter-Petrosian
ՀիմնականԿենսագրությունՊատկերասրահՎիդեոԲացիկներՀետադարձ կապ
Levon Ter-Petrosian
ՆորություններԵլույթներՀարցազրույցներԾրագիրՄամուլԹիմ 2008
հայ | eng | рус
Hand Up
Ելույթներ
Քո կարծիքը
“Պարոն Նախագահ,Դուք շատ իմաստուն եք,մենք շատ ենք և հավատում ենք Ձեզ:Ոչ մի կերպ չթողեք,որ նորից նկարեն ընտրության արդյունքները,այլապես մեզ կմնա միայն հեռանալ մեր հայրենիքից:Աղաչում ենք Ձեզ:” -- Աշոտ comment
ՀԻՄԱ

Hima

Subscribe
Enter your E-mail address:
 
 

ԵԼՈՒՅԹ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ 2-ՐԴ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ

Սիրելի հայրենակիցներ եւ զինակիցներ,

Հայաստանի համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսը տեղի է ունենում չափազանց բարդ իրադրության պայմաններում։ Ընդ որում, բարդությունը ոչ միայն իրավիճակային է, այլեւ իմացաբանական, քանի որ հասարակությունը կանգնած է վերջին շրջանի բուռն իրադարձությունների ընկալման եւ վերաիմաստավորման անհրաժեշտության առջեւ։ Կուտակված անթիվ հարցերի պատասխանը հնարավոր է տալ միայն իրադարձությունների խոր եւ համակողմանի վերլուծությունից հետո։ Այդ խնդիրը, սակայն, թողնելով ապագային, սույն ելույթում ես կբավարարվեմ անդրադառնալով ընդամենը մի քանի հրատապ թեմաների։

Բախում, թե՞ սպանդ

Քոչարյանա-սերժական քարոզչությունը փորձում է 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունները ներկայացնել որպես ընդդիմության կողմից հրահրված բախում ցուցարարների եւ ոստիկանական ուժերի միջեւ։ Այդ նպատակով քրեական վարչախումբը գործի է դրել ստի, կեղծիքի, զրպարտության, փաստերի աղավաղման իր ողջ զինանոցը, իսկ իրավապահ մարմինները՝ ոստիկանությունը, դատախազությունը եւ դատարանները ջանադրաբար լծվել են նշված վարկածի "իրավական" հիմնավորման հանցավոր գործին։ Նրանցից պահանջվում է ապացուցել անապացուցելին՝ զոհին դարձնել դահիճ, իսկ դահճին՝ զոհ, խնդիր, որ նրանք, վստահաբար, կլուծեն հասարակական ճնշման բացակայության եւ միջազգային հանրության անտարբերության պարագայում։

Վարկածի հեղինակը, եթե կուզեք՝ դիրիժորը կամ ռեժիսորը, բնականաբար, ոչ այլ ոք է, եթե ոչ վարչախմբի տխրահռչակ պարագլուխ Ռոբերտ Քոչարյանը։ Դրանում համոզվելու համար բավական է ուշադիր ընթերցել նրա վերջին երեք մամլո ասուլիսները (մարտի 1, 5 եւ 20), որոնք աչքի են ընկնում բազմաթիվ աղաղակող հակասություններով եւ իրականությունը կոծկելու բացառիկ անճարակ ճիգերով։ Ի դեպ, Քոչարյանի ձեռագիրը վերջին տասը տարվա ընթացքում բոլորովին չի փոխվել. մարտի 1-ի իրադարձությունները գնահատելիս, նա, ըստ էության, դրսեւորում է նույն անպարկեշտ վարքագիծը, որի ականատեսն ենք եղել նրա կողմից 1999 թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետքերը կոծկելիս։ Մերկապարանոց հայտարարություն անողի դերում չհայտնվելու համար այժմ մեկ առ մեկ դիտարկենք Քոչարյանի վերոհիշյալ ասուլիսներում առկա բացահայտ ստերը, փաստական սխալներն ու տրամաբանական հակասությունները, որոնք ոչ միայն լիովին բացահայտում են նշված անձի բարոյական կերպարը, այլեւ մարտի 1-ի ոճրագործության պատասխանատվությունից խուսափելու անթաքույց ձգտումը։

- Մարտի 1-ի մամլո ասուլիսում, խոսելով նույն օրն առավոտյան Ազատության հրապարակում տեղի ունեցած դեպքերի մասին, Քոչարյանը նշում է. "Ինն օր շարունակ չարտոնված հանրահավաքներ էին կազմակերպվում Երեւանում, եւ դրանց բովանդակությունը, անցկացնելու ոճը բերեց նրան, որ վերջապես հրահրվեցին ընդհարումներ ոստիկանության հետ։ Ոստիկանության օրինական պահանջին դիմադրեցին, իսկ պահանջը, ընդամենը խուզարկության խնդիր էր, քանի որ լուրջ տեղեկություն կար զենքի եւ զինամթերքի մասին"։ Բացարձակ սուտ. ոստիկանությունը ոչ միայն խուզարկության պահանջ չի ներկայացրել Ազատության հրապարակում գիշերողներին, այլեւ անգամ ցրվելու կոչ չի արել նրանց։ Երբ շուրջ ժամը վեցն անց քառասուն րոպեին ռետինե մահակներով, էլեկտրաշոկերով եւ վահաններով զինված ոստիկանական ուժերը շրջապատեցին Ազատության հրապարակը, ես բարձրացա հարթակ, եւ խոսափողից դիմելով ներկաներին, ասացի բառացիորեն հետեւյալը. "Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ զսպվածություն հանդես բերել, հանգիստ մնալ եւ ոչ մի շփում կամ կոնտակտ չունենալ ոստիկանների հետ։ Նրանք գուցե մեզ ասելու բան ունեն, սպասեք տեսնենք, թե ինչ են մեզանից ուզում։ Ոստիկաններին էլ զգուշացնում եմ նկատի ունենալ, որ հրապարակում կան նաեւ կանայք եւ երեխաներ։ Իսկ ցուցարարներին կրկին խնդրում եմ հանդարտություն դրսեւորել եւ հինգ-վեց քայլ ետ քաշվել ոստիկաններից"։ Երբ ժողովուրդը կատարեց իմ խնդրանքը եւ հինգ-վեց մետր ետ քաշվեց, ոստիկաններն, առանց որեւէ նախազգուշացման, միանգամից հարձակվեցին ցուցարարների վրա, մահակի անխնա հարվածներ տեղալով նրանց գլխին եւ հաճախակի գործի դնելով էլեկտրաշոկերը։ Մարդկանցից շատերն արագորեն հեռացան հրապարակից։ Ոմանք փորձեցին պաշտպանվել վրանների հենացցերով ու վառելափայտով, բայց ոստիկանների ճնշման տակ նրանք եւս շուտով լքեցին հրապարակը։ Տասը-տասնհինգ րոպեից հրապարակը լիովին դատարկված էր ցուցարարներից, եւ այնտեղ լիակատար տիրություն էին անում ոստիկանները, խորտակելով բարձրախոսներն ու դեռեւս կանգուն մնացած վրանները։ Ահա սա է ողջ իրականությունը, որի մասին կարող են վկայել դեպքերին ականատես շուրջ երեք հազար ցուցարարներ։ Ինչ վերաբերում է Քոչարյանի ստահոդ պնդմանը, ապա դրա հետ կապված հարկ է ուշադրություն դարձնել տարակուսանք առաջացնող երկու հանգամանքի վրա։ Առաջին. եթե ոստիկաններն իսկապես խուզարկության կամ ցրվելու պահանջ ներկայացրած լինեին ցուցարարներին, մի՞թե պարզ չէ, որ իշխանություններն այդ տեսարանը հարյուր անգամ արդեն ցուցադրած կլինեին իրենց հեուստաալիքներով։ Եւ երկրորդ. աշխարհի ոչ մի երկրում դեռեւս տեսնված չէ, որ իրավապահ մարմինները խուզարկության գնան շուրջ երեք-չորս հազար ոստիկաններով։

- Անդրադառնալով մարտի 1-ի երկրորդ կեսին ֆրանսիական դեսպանատան մոտ ծավալված իրադարձություններին, Քոչարյանը նույն ասուլիսում հայտարարում է, որ "ոստիկանական զորքը զինված չէր հրազենով"։ Հիշեցնենք, որ սա ասվել է Արտակարգ դրություն հայտարարելու պահին, այն է՝ երեկոյան շուրջ ժամը 22։30-ին, երբ բանակն իբր դեռեւս գործի չէր դրվել, եւ երբ բազմաթիվ զոհեր ու վիրավորներ պատճառած արյունահեղությունն արդեն տեղի էր ունեցել։ Թյուրիմացությունից խուսափելու համար Քոչարյանի ասուլիսի այդ հատվածը մեջբերենք ամբողջությամբ. "Կա ութ վիրավոր ոստիկանության աշխատողներից։ ...Տվյալ պարագայում, երբ զենք է կիրառվում ոստիկանական զորքի դեմ, որը զինված չէ հրազենով, սա ենթադրում է, որ մենք ստիպված ենք բանակի հնարավորությունը կիրառել կարգ ու կանոն հաստատելու համար։ Մինչ այս վիրավորների պահը զուսպ էինք մնում նման քայլերից, բայց կիրառվում է զենք եւ, իհարկե, մենք պարտավոր ենք ապահովել մեր քաղաքացիների անվտանգությունը"։ Սակայն, ի դժբախտություն Քոչարյանի, այստեղ բնականաբար ծագում է հետեւյալ հարցը. եթե բանակը դեռեւս գործի դրված չի եղել, իսկ ոստիկաններն էլ հրազեն չեն ունեցել, ապա ինչպես մինչեւ Արտակարգ դրության հայտարարումը յոթ քաղաքացի զոհվեց հրազենից եւ տասնյակ ուրիշներ ստացան հրազենային վնասվածքներ։ Հարցին, որքան էլ զարմանալի է, պատասխանում է ինքը Քոչարյանը, ասուլիսի հաջորդ հատվածում անզգուշաբար մատնելով իրեն. "Կրակոցներն արվում էր մի իրավիճակում, երբ կրակողի հետեւում կային նաեւ այն ցուցարարները, որոնք զենք չէին կրում։ Կրակողը մեքենայի հետեւից դուրս էր գալիս, կրակում զինվորների վրա եւ թաքնվում։ Իսկ իր վրա կրակել, կնշանակեր նաեւ զոհեր այն մարդկանց շրջանում, ովքեր անզեն էին"։ Քոչարյանը չի էլ նկատում, թե ինչպիսի թակարդն է ընկել. եթե ոստիկանները, ինչպես ինքն է պնդում, զինված չէին հրազենով, ապա նրանք ինչպես պիտի կրակեին այդպես տմարդավարի վարվող ցուցարարների վրա։ Մեկ անգամ էլ նա իրեն մատնում է մարտի 20-ի մամլո ասուլիսում. "Շատ հարցադրումներ կային եւ մամուլում եւ խոսակցություններում, թե ո՞վ է տվել կրակելու հրամանը, եղել է, թե չի եղել այն։ Աշխարհի ոչ մի երկրում ոստիկանությունը հատուկ հրամանի կարիք չունի։ Մեր "Ոստիկանության մասին" օրենքը նախատեսում է ..., թե երբ եւ ինչպես ոստիկանը կարող է կիրառել զենքը"։ Ինչպես տեսնում ենք, Քոչարյանը, ինքն էլ չզգալով, վերջիվերջո ակամա խոստովանում է, որ ոստիկանությունն այնուամենայնիվ զինված է եղել հրազենով։ Այլապես կմնար ենթադրել, որ բանակը գործի է դրվել Արտակարգ դրություն հայտարարելուց առաջ, ինչը Սահմանադրության կոպիտ խախտում եւ ծանրագույն պետական հանցանք կլիներ՝ կատարված գլխավոր հրամանատարի կողմից։

- Ինչպես տեսանք, Արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտությունը Քոչարյանը հիմնավորում է նրանով, որ մարտի 1-ին ցուցարարներից շատերն իբր հրազեն են կրել եւ կիրառել ոստիկանների դեմ։ Այդ պնդումն, ի դեպ, նա բազմիցս կրկնում է իր բոլոր երեք ասուլիսներում։ Սակայն որքան էլ զարմանալի է, իշխանությունների եւ ընդդիմության կատարած հազարավոր տեսագրություններում, դեպքերից երկու ամիս անց իսկ, հրազեն կրող եւ կիրառող որեւէ քաղաքացի չի հայտնաբերվել։ Փաստը զարմանալի է մանավանդ այն առումով, որ հրազեն կիրառող ոստիկաններին վերաբերող տեսանյութերը չափազանց առատ են։ Ավելին, մինչ Քոչարյանի իսկ պնդմամբ՝ բերման են ենթարկվել մոտ 800, իսկ կալանավորվել ավելի քան 100 քաղաքացիներ (մարտի 20-ի ասուլիս), սակայն տարօրինակ կերպով նրանցից ոչ մեկին մարտի 1-ին հրազեն կրելու եւ կիրառելու մեղադրանք չի ներկայացվել։ Այսքանից հետո մի՞թե լրացուցիչ ապացույցներ են պետք Քոչարյանի հորինած այս էժանագին առասպելը հերքելու համար։

- Բացի փաստերն անպարկեշտորեն ու ցինիկաբար աղավաղելու ակնհայտ իրողությունից, ինչը կարելի է բացատրել մարտի 1-ի ոճրագործության պատասխանատվությունից խուսափելու շարժառիթով, Հայաստանի նախագահի բարձր պաշտոնն զբաղեցնող անձը չի խորշում անգամ կենցաղային մակարդակի ստախոսությունից։ Այս տեսակետից ուշագրավ է հատկապես մարտի 5-ի ասուլիսի մի ընդարձակ հատված։ Պատասխանելով այն հարցին, թե ճի՞շտ է, արդյոք, որ "Լեւոն Տեր-Պետրոսյանը ռուսական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել էր, թե ինքը պատրաստ է եղել գնալ երկխոսության, եւ ցանկություն է ունեցել գալ եւ միանալ հանրահավաքի մասնակիցներին, սակայն այդ հնարավորությունը չի ունեցել", Քոչարյանն ասում է. "Ծանոթ եմ այդ հարցազրույցին, եւ մեղմ ասած, այդ թեզը իրականությանը չի համապատասխանում։ Առաջինն՝ ի՞նչ է նշանակում հնարավորություն չեմ ունեցել։ Ո՞վ էր խանգարում։ Հանգիստ կարող էր գնալ։ Ոչ մեկն իրեն չէր խանգարում։ Խնդիրը հետեւյալի մեջ էր. իր թիկնազորը, որը բաղկացած է սպաներից, իրեն ասել են, որ իրենք չեն կարող մասնակցել ապօրինի միջոցառումներին, բայց Տեր-Պետրոսյանն ազատ էր՝ առանց թիկնազորի գնալ։ ...Նպատակներն ուրիշ էին։ Իրականում երեկոյան պետական պաշտոնյաների անվտանգության ծառայության ղեկավար Գրիգորի Սարկիսյանի միջոցով նա ինձ փոխանցել է, որ ինքը կցանկանա գնալ եւ հանգստացնել ժողովրդին։ Ասել ենք՝ այո, միայն կողջունենք, գնացեք եւ հանգստացրեք։ Ասաց՝ չէ, ես պայմաններ ունեմ։ Պայմանները հետեւյալն էին. ինքը գնում է եւ այդ մարդկանց առաջնորդում Թատերական հրապարակ, շարունակում է հանրահավաքը, որից հետո եւս 15 օր պետք է երաշխավորված շարունակի նույնը։ Բայց երբ այդ առաջարկն իր կողմից եղել է, արդեն վիճակը քաղաքապետարանի դիմաց դուրս էր հսկողությունից. ամբոխը զինված էր փայտերով, երկաթյա ձողերով, արդեն մոտ 30 հրկիզված մեքենա կար եւ բարիկադներ էին կառուցվում, կային ծեծված ոստիկաններ։ ... Իրեն ասվել է, որ այդ առաջարկի համար արդեն ուշ է, եթե մտահոգություն ունեք, դուք ազատ եք, ձեզ ոչ ոք չի խանգարում, գնացեք, տեղում հանգստացրեք, կամ տարեք Դինամո մարզադաշտի հրապարակ։ Նա մերժեց։ Սա է եղել պատմությունը"։

Քոչարյանի այս ընդարձակ պատասխանը, իր իսկ խոսքերով, մեղմ ասած, իրականությանը չի համապատասխանում։ Նախ՝ մարտի 1-ին Գրիգորի Սարկիսյանի միջոցով ես Քոչարյանի հետ բանակցել եմ ոչ թե մեկ անգամ եւ ոչ թե միայն երեկոյան, այլ երեք անգամ՝ սկսած շուրջ ցերեկվա ժամը 14-ից։ Առաջարկիս իմաստը եղել է այն, որ ինձ թույլ տան գնալ ֆրանսիական դեսպանատան մոտ եւ համոզել ցուցարարներին, որ դադարեցնեն հանրահավաքը։ Բայց գիտակցելով, որ դա անհնար է առանց ժողովրդին այլընտրանք առաջարկելու, ես, այո՛, պնդել եմ, որ հանրահավաքը տեղափոխվի Ազատության հրապարակ կամ Մատենադարան եւ խոստացվի, որ հաջորդ օրերին մեզ արտոնված հանրահավաքներ անցկացնելու հնարավորութուն կընձեռեն։ Քոչարյանը գեներալի միջոցով ինձ առաջարկել է ժողովրդին տանել Դինամո մարզադաշտ կամ կայարանամերձ հրապարակ։ Ես մերժել եմ, մտավախություն ունենալով, որ դեսպանատներից ու քաղաքի կենտրոնից հեռու, իշխանությունները կարող են ցուցարարների նկատմամբ նոր բռնություններ կիրառել եւ պնդել եմ, որ հանրահավաքը տեղափոխվի Մատենադարան։ Երկրորդ անգամ Սարկիսյանը Քոչարյանի անունից ինձ հաղորդել է՝ մի քիչ էլ սպասել, իսկ՝ երրորդ անգամ, արդեն ուշ երեկոյան, նախագահը հայտարարել է, որ ոչ մի կոմպրոմիս չի կարող լինել։ Ի դեպ, նույն բանակցությունները Քոչարյանի հետ ես վարել եմ նաեւ Հայաստանում հավատարմագրված Եւրամիության դեսպանների միջոցով, եւ երեք անգամ էլ դեսպաններին նախագահական նստավայրից տրվել են նույն պատասխանները։
Եւս մեկ անգամ, մեղմ ասած, իրականությանը չի համապատասխանում նաեւ Քոչարյանի այն պնդումը, թե իբր "Տեր-Պետրոսյանի թիկնազորը, որը բաղկացած է սպաներից, իրեն ասել են, որ իրենք չեն կարող մասնակցել ապօրինի միջոցառումներին, բայց Տեր-Պետրոսյանն ազատ էր՝ առանց թիկնազորի գնալ"։ Իմ թիկնազորը այդպիսի բան չի ասել եւ չէր կարող ասել, քանի որ օրենքով նա այդպիսի լիազորություն չուներ, եւ նրա միակ պարտականությունը իմ անվտանգության ապահովումն էր։

- Նույն ասուլիսի շարունակության մեջ Քոչարյանը ճշմարտության դեմ մի ավելի բացահայտ մեղք է գործում, պնդելով հետեւյալը. "Շահարկում են, թե իբր Լեւոն Տեր-Պետրոսյանը տնային կալանքի տակ է եւ չի կարողանում գնալ Սահմանադրական դատարան։ Բայց նման բան չկա, երբ ցանկանա կարող է գնալ։ Երբեք տնային կալանք չի եղել, եւ մենք նման իրավական ռեժիմ չունենք Հայաստանի Հանրապետությունում"։ Եւ այսպես, մինչ Հայաստանի իրադարձություններին վերաբերող համարյա բոլոր միջազգային փաստաթղթերն արձանագրում են, որ Տեր-Պետրոսյանը գտնվում է դե ֆակտո տնային կալանքի տակ, Քոչարյանը հայտարարում է, որ նման բան չկա։ Մարտի 1-ից մինչեւ մարտի 25-ը իմ առանձնատան երկու դարպասները հսկվում էին Գրիգորի Սարկիսյանի ղեկավարած ծառայության շուրջ 30 սպաներով ու զինվորներով, որոնք խուզարկում էին ելումուտ անող բոլոր ավտոմեքենաները եւ համապատասխան մատյանում գրանցում ինձ այցելող բոլոր անձանց, այդ թվում տասնյակ արտասահմանյան դիվանագետների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների անունները։ Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարան ներկայանալուս պարագային, ապա այդ բանն ինձ թույլ տրվեց միայն դատարանի համապատասխան կարգադրությունից եւ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Թամազյանի գրավոր հավաստիացումից հետո, այն էլ Սարկիսյանին ենթակա չորս ավտոմատավոր սպաների ուղեկցությամբ։ Ճիշտ է, որ Հայաստանում տնային կալանքի իրավական ռեժիմ գոյություն չունի։ Այդ դեպքում, սակայն, հարց է ծագում, թե ինչպե՞ս պետք է բնութագրել գեներալ Գրիգորի Սարկիսյանի կողմից իմ տեղաշարժի ազատության դեմ կիրառված սահմանափակումը։ Գուցե՝ առեւանգո՞ւմ. սակայն դա արդեն հետագա իրավական գնահատականի խնդիր է։
Քոչարյանի խնդրո առարկա մամլո ասուլիսների կատարված վերլուծությունը հանգեցնում է այն եզրակացությանը, որ նրա համար կարեւորը, տեղեկատվական դաշտում իշխանությունների վայելած բացարձակ մենաշնորհի պայմաններում, հնարավորինս առավել սուտ լուրերի տարածումն է, հույս ունենալով, որ դրանք, գեբելսյան իմաստությամբ բազմիցս կրկնվելով, մի կողմից կծառայեն ընդդիմության վարկաբեկման անհրաժեշտ գործին, մյուս կողմից կվերածվեն կարծրատիպերի, որոնց հաղթահարման համար հասարակությունից երկար ժամանակ կպահանջվի։ Տվյալ գործելաոճն, անտարակույս, նաեւ իրադարձությունների հետաքննությունն ուղղորդելու ակնհայտ միտում է պարունակում, ինչի վկայությունն են, մասնավորապես, դատախազության բազմաթիվ պաշտոնական հայտարարություններն ու հաղորդագրությունները, որոնցում կրկնվում են Քոչարյանի ասուլիսներում առկա համարյա բոլոր հակասությունները, փաստական աղավաղումներն ու ստահոդ պնդումները։ Սակայն սա առանձին խոսակցության առարկա է, որին մենք թերեւս կանդրադառնանք այլ առիթով։ Իսկ քոչարյանա-սերժական քարոզչության գլխավոր նպատակն, ինչպես արդեն ասվեց, խաղաղ ցուցարարների դեմ իշխանությունների կողմից հիմնավորապես ծրագրված եւ իրագործված հրեշավոր ոճրագործության պատասխանատվությունից խուսափելու ակնհայտ ձգտումն է։ Այլ կերպ ասած, եթե իշխանությունները սուտ են խոսում, դա կարող է միայն մեկ բան նշանակել՝ այն է, որ նրանք թաքցնելու բան ունեն, այլապես հարկադրված չէին լինի դիմելու նման անպատվաբեր միջոցի։

Ինչ‑որ բան թաքցնելու անհրաժեշտությունը թելադրված է նրանից, որ իշխանությունները խաղաղ ցուցարարների դեմ բռնություն գործադրելու եւ ընդդիմությունը ջախջախելու ծրագիրը սառնասրտորեն մշակել են մարտի 1‑ի իրադարձություններից դեռեւս մեկ շաբաթ առաջ։ Փետրվարի 23-ին Ռոբերտ Քոչարյանը բողոքի ցույցերը որակեց որպես "իշխանության ապօրինի զավթման փորձ", միաժամանակ սպառնալիքներ կարդալով ընդդիմության հասցեին (ի դեպ, այս փաստի վրա հատուկ ուշադրություն է հրավիրել Ջոն Պրեսկոտը, ապրիլի 14-ին Եւրախորհրդի խորհրդարանական վեհաժողովին ներկայացրած իր զեկույցում)։ Ի կատարումն Քոչարյանի հրահանգի, հաջորդ օրն եւեթ, փետրվարի 24-ին, ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության ավագ քննիչ, գնդապետ Մ. Մարուքյանը հարուցեց քրեական գործ հետեւյալ հիմնավորմամբ. "ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ, գնդապետ Մ. Մարուքյանս, քննարկելով ՀՀ ԿԱ ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանման եւ ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչությունից ստացված նյութերը, պարզեցի. Հայաստանի Հանրապետության նախագահական ընտրությունների գործընթացում Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, Հակոբ Հակոբյանը, Մյասնիկ Մալխասյանը, Պետրոս Մակեյանը, մյուսներն ու ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր‑Պետրոսյանը, տեղեկանալով, որ ըստ նախնական տվյալների պարտվել է ընտրություններում եւ ստացել ընտրողների ձայների ընդամենը 21.5 %-ը, երկրում օրինական իշխանությունների նկատմամբ անվստահության մթնոլորտ ստեղծելու, հիմնարկ‑ձեռնարկությունների, կազմակերպությունների բնականոն աշխատանքները կազմալուծելու միջոցով, ինչպես նաեւ զինված խմբավորումներ կազմավորելու եւ դրանք հետագա գործընթացներում օգտագործելու կոչերով, Հայաստանի Հանրապետության պետական իշխանությունը յուրացնելու, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության խախտմամբ պետական իշխանությունը բռնությամբ զավթելու, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն ուղղված գործողություններ են կատարել։ Ելնելով վերոգրյալից եւ ղեկավարվելով ՀՀ քր. դատ. օրենսգրքի 27, 175-176, 181-182, 192‑րդ հոդվածներով՝ որոշեցի. 1. Լեւոն Տեր‑Պետրոսյանի եւ մի խումբ անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու փաստի առթիվ հարուցել թիվ 58200608 քրեական գործը՝ ՀՀ քր. օրենսգրքի 300 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն ընդունել վարույթ եւ կատարել նախաքննություն։ 2. Սույն որոշման պատճենն ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին"։

Իրավական անգրագիտության այս գլուխգործոցում հատկապես ուշադրության են արժանի "մյուսները" բառը եւ մանավանդ "Լեւոն Տեր‑Պետրոսյանի եւ մի խումբ անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելը" որպես կատարված փաստ ներկայացնելու ձեւակերպումը։ Սակայն կարեւորը տվյալ պարագայում սա չէ, այլ այն պարզ իրողությունը, որ նշված փաստաթղթով իշխանությունները փետրվարի 24-ին արդեն գծել են իրենց հետագա բոլոր գործողությունների մանրակրկիտ սցենարը, ընդհուպ մինչեւ մարտի 1-ի արյունահեղությունը, խանութների թալանը, ընդդիմության ղեկավարների ձերբակալությունները եւ այլն։ Քաղաքական տեսակետից՝ այս հրեշավոր ծրագրի հետապնդած նպատակը մեկն էր, այն է՝ Արտակարգ դրության հայտարարումը, քանի որ իշխանություններն ակնհայտորեն ահաբեկված էին այն մտքից, որ զանգվածային հանրահավաքների ու անկախ լրատվության գոյության պայմաններում Սահմանադրական դատարանը կարող էր կայացնել իրենց համար անցանկալի վճիռ։ Ուստի նրանց այլ բան չէր մնում անելու, քան բռնությամբ ու արյունահեղությամբ ճզմել կեղծված ընտրությունների առթիվ ծագած հասարակական դժգոհության արտահայտությունները եւ փորձել կատարվածի մեղքը բարդել ընդդիմության վրա։

Փաստերի համակողմանի քննությունն, այսպիսով, ցույց է տալիս, որ մարտի 1-ին տեղի ունեցածը ոչ թե բախում էր ցուցարարների եւ ոստիկանության միջեւ, այլ իշխանությունների կողմից ժողովրդի դեմ կազմակերպված իսկական սպանդ, որի պատասխանատվությունը գլխավորապես ընկնում է Ռոբերտ Քոչարյանի վրա։ Նա էր այն միակ իրավասու անձը, որ կարող էր խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառելու եւ նրանց գնդակոծելու հրաման տալ, քանի որ ուժային բոլոր մարմինները՝ բանակը, ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը եւ Պետական պաշտոնյաների անվտանգության ծառայությունը գտնվում են նախագահի անմիջական ենթակայության տակ։ Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, որը թեեւ ֆորմալ առումով կապված չէ հրաման արձակելու հետ, ապա նա, որպես ընտրյալ համարվող նախագահ, պարտավոր էր Ռոբերտ Քոչարյանին թույլ չտալ գնալ այդ ծայրահեղ քայլին։ Համենայն դեպս, նրա պատասխանատվության չափը կախված է այն դիրքորոշումից, որը նա կդրսեւորի մարտի 1-ի ոճրագործության անկողմնակալ հետաքննության ապահովման գործում։ Սարգսյանն իր անմեղությունն ապացուցելու ավելի հարմար եւ շահավետ միջոց չունի, քան համաձայնել այդ ոճրագործության հանգամանքների միջազգային, անկախ հետաքննության անցկացմանը։ Այլապես հազար տարի էլ անցնի, նա նույնքան մեղավոր կդիտվի մարտի 1-ի արյունահեղության գործում, որքան Ռոբերտ Քոչարյանը։

Արեւմուտքի վերաբերմունքը հայաստանյան ընտրությունների
եւ մարտի 1-ի իրադարձությունների նկատմամբ

Congress.jpgԱրեւմուտք ասելով, ես, առաջին հերթին նկատի ունեմ Եւրոպական կազմակերպությունները՝ Եւրոպայի խորհուրդը եւ ԵԱՀԿ-ն, որոնց անդամակցել է Հայաստանը եւ համապատասխան պարտավորություններ ստանձնել նրանց առջեւ։ Սակայն, նախքան բուն նյութին անցնելը, հարկ եմ համարում կատարել հետեւյալ անհրաժեշտ պարզաբանումը։ Տրամաբանությունը հուշում է, որ եթե մեր պետությունը պարտավորություններ է ստանձնել այդ կազմակերպությունների առջեւ, ապա դա ինքնաբերաբար նշանակում է, որ այդ կազմակերպություններն էլ պարտավորություններ են ստանձնել մեր ժողովրդի առջեւ, այն է՝ ապահովել նրա անվտանգությունը, ժողովրդավարական ազատությունները եւ քաղաքացիական իրավունքները։ Դժբախտաբար, փորձը ցույց է տալիս, որ նշված կազմակերպությունները թերանում են թե՛ Հայաստանի կառավարության ստանձնած պարտավորությունների նկատմամբ արդյունավետ վերահսկողություն իրականացնելու, եւ թե՛, մանավանդ, մեր ժողովրդի առջեւ իրենց պարտավորությունները կատարելու հարցում։ Դա ապացուցելու համար բավական է, թեկուզ, նշել "Ա1+" եւ "Նոյան տապան" հեռուստակայանների վերաբացման հարցում նրանց ցուցաբերած լիակատար անկարողությունը, ինչպես նաեւ այն, որ մինչ այժմ անպատասխան է մնում Ստեփան Դեմիրճյանի կողմից 2003 թ. ընտրությունների արդյունքների վերանայման վերաբերյալ Եւրադատարան ներկայացված հայցադիմումը։

Կարծում եմ, նույնքան եւ գուցե ավելի պերճախոս է այդ կազմակերպությունների դրսեւորած անսկզբունքային վերաբերմունքը Հայաստանում կայացած վերջին նախագահական ընտրությունների եւ մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների նկատմամբ։ Առարկայական լինելու համար ես կսահմանափակվեմ միայն այդ կազմակերպությունների կողմից կազմված մի քանի պաշտոնական փաստաթղթերի դիտարկմամբ։ Դրանք են՝ ԵԱՀԿ-ի "Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ODIHR)" դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Գերդ Արենսի երկու զեկույցները (փետրվարի 20 եւ մարտի 3), "Եւրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (PACE)" դիտորդական առաքելության ղեկավար Ջոն Պրեսկոտի զեկույցը (ապրիլի 14), "Եւրախորհրդի խորհրդարանական վեհաժողովին" դեսպան Ժորժ Կոլոմբիեի եւ Ջոն Պրեսկոտի ներկայացրած համատեղ զեկույցը (ապրիլի 15), "Եւրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի" թիվ 1609 բանաձեւը (ապրիլի 17), ինչպես նաեւ "Եւրախորհրդի Մարդու իրավունքների կոմիսար"; Թոմաս Համմարբերգի զեկույցը (մարտի 20), որը վերաբերում է մարտի 1-ի իրադարձություններին եւ իր օբյեկտիվությամբ առանձնանում մյուսներից։

Միջազգային դիտորդական առաքելությունների անպատասխանատվությունը դրսեւորվեց նրանց առաջին իսկ զեկույցում, որում, նախքան խախտումների բողոքարկման ու ձայների վերահաշվարկի համար սահմանված ժամկետի ավարտը եւ նախքան ընտրությունների արդյունքների պաշտոնական ամփոփումը, տեղ գտավ հետեւյալ ձախորդ ձեւակերպումը. "Հայաստանի Հանրապետության նախագահի փետրվարի 19-ի ընտրությունները հիմնականում անցկացվեցին ԵԱՀԿ-ի եւ Եւրախորհրդի նկատմամբ ստանձնած պարտավորությունների եւ չափանիշների համաձայն"։ Թեեւ այնուհետեւ ինչպես այս, այնպես էլ դիտորդական առաքելությունների մյուս զեկույցներում մանրամասնորեն արձանագրվել են ընտրական օրենսգրքի խախտումների, անհավասար քարոզչական հնարավորությունների, լցոնումների, ընտրակաշառքի, կրկնակի քվեարկությունների, իշխանությունների կողմից կիրառված բռնությունների, ձայների ամփոփման ժամանակ տեղի ունեցած զեղծարարությունների, վստահված անձանց աշխատանքի խափանման, վարչական ռեսուրսների օգտագործման հարյուրավոր դեպքեր, սակայն դրանք, դիտորդների "հեղինակավոր" կարծիքով ընտրությունների արդյունքների վրա չեն ազդել։ Երբ նրանց հարցնում ես, թե ինչպես կարող են այդ աղաղակող փաստերը չազդել ընտրությունների արդյունքների վրա, եւ եթե չեն ազդել, ապա ինչ իմաստ ուներ դրանք արձանագրելը, նրանք լռում են։ Երբ հարցնում ես՝ եւրոպական որեւէ երկրում իրենք կհանդուրժեին, արդյոք, նման խախտումներով ուղեկցված ընտրություններ, նույնիսկ վիրավորվում են, ակամա մատնելով երկակի ստանդարտներով առաջնորդվելու իրենց դիրքորոշումը։

Դիտորդական առաքելությունների աշխատանքի որակի վկայությունն են նաեւ նրանց զեկույցներում առկա բազմաթիվ փաստական սխալները, որոնցից հարկ եմ համարում առանձնակի ուշադրություն հրավիրել հետեւյալ երկուսի վրա։ Այսպես, Գերդ Արենսի փետրվարի 20-ի զեկույցում գրված է հետեւյալը. "Հակասություն է առաջացել այն բանի շուրջ, որ Սերժ Սարգսյանը ակտիվ ընտրարշավ էր անցկացնում՝ շարունակելով գործել որպես վարչապետ։ ԿԸՀ-ն պարզաբանեց, որ վարչապետը կարող է ընտրարշավ անցկացնել առանց պաշտոնը թողնելու։ Պարոն Սարգսյանն իր պաշտոնական դիրքի շնորհիվ ստացավ լրացուցիչ լուսաբանում եւ քարոզարշավի առավելություն"։ Օգտվելով Գերդ Արենսից, բայց ավելի առաջ գնալով, Ջոն Պրեսկոտն ապրիլի 14-ի իր զեկույցում հայտարարում է. "Քարոզարշավի հակասության գլխավոր կետը Սերժ Սարգսյանի որոշումն էր՝ որպես թեկնածու գրանցվելուց հետո պահպանել վարչապետի պաշտոնը։ Թեեւ, ըստ օրենքի, նա իրավունք ուներ այդպես վարվելու (ընդգծ. Լ.Տ.-Պ.), սակայն այդ որոշումը նրան ընտրարշավային անարդար առավելություն ընձեռեց"։ Ցավալի է, որ դիտորդական առաքելությունների հարգարժան ղեկավարները զլացել են ընթերցել ՀՀ ընտրական օրենսգրքի 78.1 հոդվածը, որում հստակորեն նշված է, որ վարչապետը միայն մեկ հանգամանքում կարող էր, որպես թեկնածու գրանցվելուց հետո, շարունակել իր պաշտոնավարությունը, այն է՝ եթե օժտված լիներ ՀՀ նախագահի պաշտոնակատարի կարգավիճակով։ Իսկ հաջորդ կոպիտ սխալը տեղ է գտել Ժորժ Կոլոմբիեի եւ Ջոն Պրեսկոտի ապրիլի 15-ի համատեղ զեկույցում, որում նշված է, թե Սահմանադրական դատարանն իբր "հերքել է Լեւոն Տեր-Պետրոսյանի փաստարկն այն մասին", որ Սահմանադրական դատարանն իրավասու չէր նիստեր գումարել եւ վճիռ կայացնել Արտակարգ դրության պայմաններում։ Զեկույցի հեղինակներն, ակներեւաբար, տեղյակ չեն, որ Սահմանադրական դատարանը ոչ թե հերքել է իմ փաստարկը, այլ, խուսափելով պատասխանատվությունից, պարզապես անտեսել է այն։

Այս բոլոր քննադատությունները, սակայն, ոչինչ չարժեն փաստաթղթից-փաստաթուղթ թափառող այն չարաբաստիկ ձեւակերպման համեմատ, որ "Հայաստանի Հանրապետության նախագահի փետրվարի 19-ի ընտրությունները հիմնականում անցկացվել են ԵԱՀԿ-ի եւ Եւրախորհրդի նկատմամբ ստանձնած պարտավորությունների եւ չափանիշների համաձայն"։ Սոսկ այս մեկ անզգույշ նախադասությամբ ԵԱՀԿ-ի "Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի" դիտորդական առաքելությունը, փաստորեն, միանգամից եւ անվերապահորեն լեգիտիմացրեց Հայաստանում անցկացված խայտառակ ընտրությունները։ Դրանից ոգեւորված, Հայաստանի իշխանությունները ոչ միայն վիժեցրին ձայների վերահաշվարկի եւ ընտրախախտումների դատական քննության գործընթացները, այլեւ բողոքի խաղաղ ցույցերը որակելով որպես "իշխանության ապօրինի զավթման փորձ", վերջիվերջո կազմակերպեցին մարտի 1-ի արյունոտ սադրանքը։

Արեւմուտքն, այսպիսով, բավարարվեց հայաստանյան իրադարձություններին վերաբերող արտաքուստ խիստ, բայց իրականում դատարկ ու անպատասխանատու հայտարարություններով, կամա թե ակամա նպաստելով հանցագործ իշխանությունների վերարտադրությանը։ Եւրոպական կազմակերպությունները, առաջնորդվելով քաղաքական նկատառումներով եւ երկակի ստանդարտներով, բռնեցին ոչ թե ժողովրդավարության, ազատության եւ իրավական պետության գաղափարներով տոգորված Հայաստանի նոր քաղաքացիական հասարակության, այլ անօրինական վարչախմբի կողմը։ Առերեւույթ կայունության ապահովման շահագրգռությամբ, բայց ծածկաբար Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Հայաստանի դիրքերը թուլացնելու նպատակով, Արեւմուտքը նախընտրեց մեր երկրում ունենալ խոցելի լեգիտիմությամբ օժտված բռնապետություն, քան ժողովրդի վստահությունը վայելող արժանապատիվ իշխանություն։

Ափսոսանքով, բայց միաժամանակ սառնասրտորեն պետք է արձանագրել, որ Եւրոպական կազմակերպությունները հանդուրժեցին Հայաստանում անցկացված խայտառակ ընտրությունները՝ ինչ-որ չափով նաեւ նպաստելով այդպիսի ընտրությունների կայացմանը։ Եւրոպական կազմակերպությունները որոշ առումով հանդուրժեցին նաեւ մարտի 1-ի արյունահեղությունը՝ այն համարելով ոչ թե որպես վարչախմբի կիրառած վայրագ բռնության, այլ ընդդիմության եւ ոստիկանության միջեւ տեղի ունեցած բախման արդյունք։ Եթե այդ կազմակերպությունները հանդուրժեն նաեւ այն, որ այդ աններելի ոճրագործության հետաքննությունը վարեն դրա պատասխանատվությունը կրող իշխանությունները, ապա, որեւէ կասկած չի կարող լինել, որ նրանք վերջնականապես կկորցնեն իրենց վարկը Հայաստանում։ Եւրոպական կազմակերպությունների նկատմամբ հայ ժողովրդի վստահության թեկուզ մասնակի վերականգնումը կախված է նրանից, թե ինչպիսի հաստատակամություն եւ հետեւողականություն կդրսեւորի Եւրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը ապրիլի 17-ին ընդունած իր բանաձեւի պահանջների կատարման գործում։

(Կարդալ շարունակությունը)

2008-05-02

Սիրելի հայրենակիցներ,

Լ. Տեր-Պետրոսյանը եւ Շուշան ՓաշինյանըԻնչպես հիշում եք, Կոնգրեսի հաջորդ հանրահավաքը նշանակելով սեպտեմբերի 18-ին, մենք խոստացել էինք՝ անհրաժեշտության պարագայում կազմակերպել նաեւ միջանկյալ հանրահավաքներ ու այլ միջոցառումներ։ Այսօրվա հանրահավաքն, ահա, դրանցից մեկն է, որի առիթն, անշուշտ, քաղբանտարկյալների մի զգալի մասի ազատ արձակումն  


Սիրելի հայրենակիցներ,

Մայիսի 31-ի ընտրությունները եւս մեկ անգամ բացահայտեցին Հայաստանի ներկա իշխանությունների հակաժողովրդական, բռնատիրական էությունը եւ նշանավորեցին նրանց հետ հույսեր կապելու լիակատար անհեռանկարայնությունը։ Եթե ինչ-որ մարդիկ դեռ պատրանքներ ունեին, թե այս իշխանություններն ընդունակ են բարեփոխվելու եւ պետական մտածողություն դրսեւորելու, ապա այդ պատրանքները հօդս ցնդեցին։ Մենք ականատեսը եղանք ընտրական գործընթացի կատարյալ քրեականացման՝ իրականացած ինչպես պետական  


Սիրելի հայրենակիցներ,

Այսօր ես կջանամ զերծ մնալ Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության համակարգավորված վերլուծությունից, բավարարվելով միայն ներկա իրավիճակից բխող որոշ դիտարկումներով։ Դա բացատրվում է նրանով, որ մենք, ըստ էության, ավարտում ենք պաշտոնական քարոզարշավը, եւ մեզ ընդամենը մնում է մի քանի լրացուցիչ շեշտադրումներ կատարել։ Դրանք, իմ կարծիքով, նախ անհրաժեշտ են՝ քաղաքացիների մոտ դեռ մինչեւ վերջ չպարզված հարցերը լուսաբանելու, եւ ապա՝ քվեարկության օրը ճիշտ կողմնորոշվելու  


Սիրելի հայրենակիցներ,

Նախ եւ առաջ կցանկանայի հանձինս ձեզ շնորհավորել մեր ողջ ժողովրդին աշխատավորների համերաշխության միջազգային տոնի առթիվ, որի այժմեականությունը մանավանդ կարեւորվում է Հայաստանի ներկա անմխիթար իրականության հանգամանքով։

Մարտի 1-ի հանրահավաքից անցել է ուղիղ երկու ամիս՝ կարճատեւ մի ժամանակամիջոց, սակայն հագեցած բազմաթիվ նշանակալի գործընթացներով ու իրադարձություններով, որոնցից ձեր ուշադրությանն եմ ուզում ներկայացնել հետեւյալ չորսը.

  

Սիրելի հայրենակիցներ,

Լեւոն Տեր-Պետրոսյան. 01.03.2009Պատկերացնելու համար, թե ինչպիսի կարծիք է ձեւավորվել Արեւմուտքում Հայաստանի մասին, բավական է ուշադրություն դարձնել հետեւյալ հատկանշական փաստի վրա։ Վերջերս ադրբեջանցի լրագրողներից մեկի հարցին, թե «ինչո՞ւ է քաղբանտարկյալների խնդրում ԵԽԽՎ-ն երկակի չափանիշներ կիրառում, մասնավորապես հրաժարվելով ընդունել, որ Հայաս­տանում  


Liebe Mitbürger, besser gesagt, sehnsüchtige Mitbürger!

2009-03-01_Levon Ter-PetrossianUm sich ein Bild davon zu machen, welche Meinung sich in Europa über Armenien etabliert hat, genügt es, der folgenden, wichtigen Tatsache Aufmerksamkeit zu schenken.

Vor kurzem hat der für Aserbaidschan zuständige Berichterstatter des Europarates, Andres Herkel, auf die Frage eines aserbaidschanischen Journalisten, warum der Europarat in der Frage der politischen Gefangenen nach zweierlei Maßstäben handele, und insbesondere nicht offiziell festhalte, dass es in Armenien politische Gefangene gibt, folgende  


Սիրելի համախոհներ եւ բարեկամներ,

HAK-1-in-conferans.jpgՀայ ազգային կոնգրեսի ընթացիկ համաժողովը, որի խնդիրն է հստակեցնել Համաժողովրդական շարժման ռազմավարությունը, տեղի է ունենում բարդագույն քաղաքական իրավիճակում։ Բարդությունն, ընդ որում, վերաբերում է ոչ միայն Կոնգ­րեսի գործունեությանը, որն ընթանում է Շարժման դեմ սանձազերծված աննախադեպ հալածանքի ու բռնությունների պայմաններում, այլեւ  


Սիրելի հայրենակիցներ,

Սեպտեմբերի 26-ի հանրահավաքում ես ձեզ խոստացել էի առաջիկայում հանգամանորեն բացահայտել Համաժողովրդական շարժման կամ Հայ Ազգային Կոնգրեսի ռազմավարությունը, ոչինչ չթաքցնելով ձեզանից։ Այսօր եկել է այդ խոստումը կատարելու ժամանակը, ուստի խնդրում եմ համբերությամբ զինվել եւ հետեւել իմ ելույթի յուրաքանչյուր բառին։

Ես արդեն առիթ ունեցել եմ ձեր ուշադրությունը հրավիրելու աշխարհաքաղաքական այն աննախադեպ իրավիճակի վրա, որում Հայաստանը հայտնվել է վերջին ժամանակներս,  


Սիրելի հայրենակիցներ, ետընտրական բուռն իրադարձությունները, թոհուբոհը, որ մեր երկրում տիրում է վերջին 6 ամիսների ընթացքում, մեզ թույլ չեն տվել ընդհանուր հայացք ձգել Հայաստանում ծավալվող հիմնական գործընթացների վրա, որոնք խորքային են, որոնք չեն երեւում, եւ հասկանալ, թե իրականում ի՞նչ է տեղի ունենում մեր երկրում:

Այժմ ես կփորձեմ ձեզ հետ միասին, սա անձնական վերլուծություն չէ, այլ հավաքական վերլուծություն` հանրահավաքի մասնակցությամբ, հանդարտ եւ սառնասրտորեն վերլուծել ներկա իրավիճակը, ինչը եւ հնարավորություն կտա հստակեցնել  


Սիրելի հայրենակիցներ.

Կասկած չկա, որ քաղբանտարկյալների ազատ արձակումն ու մարտի 1-ի ոճրագործության իրական պատասխանատուների բացահայտումը շարունակում են մնալ հասարակությանը հուզող գլխավոր խնդիրները: Սակայն իրենց սրությամբ ու կարեւորությամբ հանդերձ, այդ խնդիրները մեզ չպետք է շեղեն Համաժողովրդական Շարժման բուն նպատակներից, որոնք են՝ սահմանադրական կարգի վերականգնումը, լիակատար ժողովրդավարության հաստատումը, իրավական պետության կերտումը եւ տնտեսական զարգացման պայմանների ստեղծումը: Այդ  


Սիրելի բարեկամներ.

Ետընտրական թոհուբոհում բոլորովին մոռացության է մատնվել պատմական այն նշանակալի իրողությունը, որ վերջապես ավարտվել է Ռոբերտ Քոչարյանի փառահեղ գահակալության տասնամյակը: Այդ բացը լրացնելու համար ես կփորձեմ ներկայացնել Քոչարյանի նախագահական շրջանի գործունեության սեղմ հաշվեկշիռը` ավելի համակողմանի քննությունը թողնելով ապագային:

Եվ այսպես. նախագահության տասը տարիների ընթացքում Ռոբերտ Քոչարյանը

• Կեղծ տեղեկանքի եւ ապօրինի  


Սիրելի՛ հայրենակիցներ, եղբայրներ, քույրեր, մայրեր, հայրեր եւ երեխաներ, սա մեր առաջին համահանրապետական հանրահավաքն է մարտի 1-ից հետո, ուստի օգտագործելով այս առիթը` ես նախեւառաջ խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգել մարտի 1-ի զոհերի հիշատակը։ Շնորհակալություն։

June202008(4).jpgՍովորական ետընտրական իրավիճակ չէ, որովհետեւ տեղի է ունեցել մարտի 1-ը, որովհետեւ հանցավոր ավազակախումբը, թաթար-մոնղոլական ռեժիմը  


(Կարդալ ելույթի առաջին մասը)

Հասարակության պառակտում, թե՞ միավորում

Թե՛ միջազգային կազմակերպությունները, թե՛ քաղաքագիտական շրջանակները, եւ թե՛ լրագրողներից շատերը խոր անհանգստություն են արտահայտում ետընտրական շրջանում Հայաստանում տիրող հասարակական պառակտվածության առթիվ, եւ որպես դրա հաղթահարման ամենաբուժիչ դեղամիջոց առաջարկում կառուցողական երկխոսությունը քաղաքական ուժերի միջեւ։  


Սահմանադրական դատարանի մեծարգո նախագահ,

Սահմանադրական դատարանի մեծարգո անդամներ,

Ես միանգամից պետք է ասեմ, որ ես զերծ կմնամ իրադրության քաղաքական գնահատականից եւ կանգ կառնեմ մի քանի զուտ իրավական շեշտադրումների վրա: Թեեւ իմ իրավաբանական թիմը դրանց անդրադարձել է, սակայն ես անհրաժեշտ եմ համարում անել դա: Այնուամենայնիվ, քանի որ սա իմ առաջին հրապարակային ելույթն է մարտի 1-ի առավոտյան ժամը 6,30-ից հետո, ես ուզում եմ առիթից օգտվելով խորին ափսոսանք արտահայտել մարտի 1-ի ողբերգության  


ՀՀ Առաջին նախագահ Լեվոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2008 թվականի հունվարի 22-ին Երեվանի Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում

Սիրելի հայրենակիցներ,

1. Իմ բազմաթիվ սխալների շարքում ամենամեծը, թերեւս, այն էր, որ ես հրաժարական տվեցի փետրվարի 3-ին, ինչի պատճառով ընտրարշավը համընկնում է այսքան ցուրտ շրջանի. եթե իշխանությունից հրաժարվեի ապրիլին կամ մայիսին, ապա ձեր վիճակը շատ ավելի բարվոք կլիներ։ Մեղքս մասնակիորեն քավելու համար այսօր ձեզ չեմ ձանձրացնի երկարաշունչ  


Հարգելի գործընկերներ,

Ինձ սատարող քաղաքական ուժերի եւ համաժողովրդական նոր Շարժման ակ­տի­վիստների այս հավաքը կոչված է ամփոփելու նախընտրական գործըն­թա­ցի առաջին փու­լի արդյունքները եւ ուրվագծելու մեր հետագա գործու­նեության խնդիրները: Թեեւ սա զուտ աշխատանքային հանդիպում է, որը թեկուզ տակտիկական առումով են­թա­դրում է որոշակի գաղտնապահություն, սակայն ես, հավատարիմ մնալով թա­փան­ցիկ, հրա­պա­րա­կային քաղաքա­կա­նու­թյան մեր որդեգրած սկզբունքին, կնախ­ընտ­րեի այս ամենի  


ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ, ՏԻՊԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Սիրելի հայրենակիցներ,

Այսօրվա ելույթում ես կանդրադառնամ երեք թեմայի՝ առաջինը (երկու գլխով)՝ նվիր­ված պատմության, երկրորդը գաղափարախոսության, իսկ երրորդը՝ պետական համակարգերի տիպաբանության հարցերին։

Հայաստանի «արդյունաբերության քայքայումը»

Ռոբերտ Քոչարյանը վերջերս իր բարձր հեղինակությամբ վավերացրեց մեր հասարակության մեջ բազմիցս կրկնված այն միտքը, թե նախկին իշխանությունները քայքայեցին Խորհրդային  


Ելույթ Ազատության հրապարակում 2007 թ. նոյեմբերի 16-ին տեղի ունեցած հանրահավաքում:

 

Սիրելի հայրենակիցներ,

Նախ եւ առաջ ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել այն բոլոր կուսակցություններին եւ հասարակական կազմակերպություններին, որոնց ղեկավարները քիչ առաջ հրապարակեցին իմ թեկնածությունը պաշտպանելու վերաբերյալ կայացրած իրենց որոշումները:  


Երիտասարդությանը ասում է ՀՀ առաջին նախագահը

Նոյեմբերի 3-ին Երեւանի "Արմենիա-Մարիոթ" հյուրանոցի "Տիգրան Մեծ" սրահում տեղի ունեցավ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը երիտասարդության ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցում էին շուրջ 1700 երիտասարդներ, որոնք ներկայացնում էին հանրապետության բոլոր մարզերը, եւ քաղաքական տարբեր ուժեր: Հանդիպումը անցավ բացառիկ ջերմ մթնոլորտում. ստորեւ ներկայացնում ենք հանդիպման պաշտոնական սղագրությունը: Հանդիպումը սկսվում է Լեւոն Տեր-Պետրոսյանի  


Ելույթ Ազատության հրապարակում 2007 թվականի հոկտեմբերի 26–ին տեղի ունեցած հանրահավաքում


Սիրելի հայրենակիցներ,

1988 թվականի հուժկու համաժողովրդական շարժման սկզբնավորումը հիշեցնող այս մթնոլորտը հուշում է ելույթս վերնագրել «Իրերն իրենց անունով կոչելու եւ հաշիվ պահանջելու ժամանակը»: Դա անհրաժեշտ է՝ նախ եւ առաջ ամփոփելու համար Քոչարյանի նախագահության տասնամյա ժամանակաշրջանը, եւ երկրորդ՝ հստակ պատկերացնելու  


21 Սեպտեմբեր, 2007

Սիրելի բարեկամներ.

16 տարին ե՛ւ շատ կարճ, ե՛ւ շատ երկար ժամանակ է՝ նկատի ունենալով մեր Հայաստանի պատմությունը:

Եթե ոչինչ չասենք, բավական է հիշել, որ մեր նորանկախ պետությունը արդեն հինգ անգամ ավելի երկար կյանք է ունեցել, քան Հայաստանի առաջին անկախ Հանրապետությունը: Մենք հասկանում էինք, որ անկախությունը դժվար ճանապարհ է լինելու մեզ համար, ոչ  


 
 
Բացիկներ

Ուղարկեք էլ. բացիկ

Վիդեո

  

 

 

Աուդիո
 
The Official Levon Ter-Petrosian for President Web Site   |   Made in ArattaDesign office@levonforpresident.com